Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ֆուտբոլիստները՝ ձախորդ գործարարներ

Նոյեմբեր 12,2010 00:00

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ներդրած փողերն ի չիք են դարձել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում քննվում է խոշոր չափի գույքի հափշտակման մեջ մեղադրվող գործարար Մկրտիչ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը: Տուժող է ճանաչվել ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հարազատ եղբայր Հովհաննես Պողոսյանը: Բանն այն է, որ նախկին ֆուտբոլիստ ընկերներ Մարգարյանն ու Պողոսյանը համատեղ բիզնես են ծավալել՝ Հնդկաստանից ներկրելով գոմեշի մսի մեծ խմբաքանակներ, սակայն ընթացքում բիզնեսը ձախողվել է, սպասվելիք ֆինանսական ակնկալիքներն ի չիք են դարձել, գործարար ընկերներն էլ սնանկացել են: Ինչպես «Առավոտին» հայտնեց Մ. Մարգարյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը, կան տվյալներ, համաձայն որոնց, փոխոստիկանապետ Հ. Պողոսյանը, երբ 6-րդ գլխավոր վարչության պետն էր, 115 հազար ԱՄՆ դոլար է ներդրել Մ. Մարգարյանի եւ Հ. Պողոսյանի բիզնեսում: Ըստ որի՝ Հ. Պողոսյանը առանց եղբոր գիտության 115 հազար դոլարից 40 հազարը վերցրել է իրեն՝ Մ. Մարգարյանին տալով ընդամենը տարբերությունը, որը ամբաստանյալը բիզնեսի ձախողումից հետո չի կարողացել վերադարձնել տերերին: Այս հանգամանքը հիմք է դարձել, որ Մ. Մարգարյանը մեղադրվի խարդախության մեջ: Ըստ Մ. Մարգարյանի դատարանում տված ցուցմունքի, Հ. Պողոսյանը բանավոր պայմանավորվածությամբ նախապես խնդրել է, որ փոխոստիկանապետ եղբայրը ֆինանսական փոխհամաձայնությունների մասին չիմանա: Հավելենք նաեւ, որ տապալված բիզնեսում գումար է ներդրել նաեւ քրեական գործում որպես վկա հանդես եկող Սամվել Հակոբյանը, որը, բիզնեսի ձախողումը զգալով, իր փողը վերցրել ու գործարքից դուրս է եկել:

Երեկ դատական վիճաբանությունների փուլում հարցաքննվեց Մ. Մարգարյանի նախկին կինը՝ երկու երեխաների մայր, արվեստագետ Անուշ Մազմանյանը: Վերջինս պնդեց, որ ինքը ոչ մի առնչություն չի ունեցել նախկին ամուսնու եւ Պողոսյանի միջեւ ծավալված բիզնեսի հետ, Մ. Մարգարյանի արտասահմանում գտնվելու ժամանակ հալածանքների է ենթարկվել Հովհաննես Պողոսյանի կողմից, որը սպառնացել է անգամ հաշվեհարդար տեսնել իր եւ երեխաների հետ, թեեւ անձամբ է «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի մոտ Հ. Պողոսյանին հանձնել ամուսնու ուղարկած 4 հազար դոլարը: «Ես շատ անհանգիստ էի այս ամենից: Հատկապես երբ իմացա, որ Հովհաննես Պողոսյանին Ամերիկայից դեպորտ են արել, վաճառեցի տունը եւ մեկնեցի Էմիրաթներ»,- դատարանին պատմում էր չորս ամիս առաջ ամուսնալուծված, բայց մինչ օրս ամուսնու հետ միասին ապրող Ա. Մազմանյանը: Հ. Պողոսյանը Ա. Մազմանյանի ասածները որակեց որպես «հերյուրանք, շանտաժ»: Տեղեկացնենք, որ մեղադրող կողմի միջնորդությամբ դատարանը որոշեց դատակոչել ֆինանսական գործարքներին իրազեկ Սուրեն Հարությունյանին, որը, ըստ հայցվորների, մտածված է թաքնվում, Երեւանում է եւ հաճախ հանդիպում է Մ. Մարգարյանի հետ:

Դատավարության ժամանակ Ա. Մազմանյանի հիշատակումը, թե ծավալված գործարքում ներդրված փողը փոխանցվել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից, դատավարության վերջում հիշեցրինք եղբորը՝ Հ. Պողոսյանին, թե խոսքն ինչի՞ մասին է, վերջինս ասաց. «Փող չի փոխանցել, այդպիսի բան չի եղել, եղբայրս կապ չունի այս դատավարության հետ, իրենք շանտաժ են անում, անուն խառնելով՝ փորձում են ճնշում գործադրել»: Ա. Գրիգորյանը «Առավոտին» հայտնեց նաեւ, որ հայցվորները փորձ են անում տարբեր ճանապարներով հիմնավորել, որ համատեղ բիզնես իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ոչ էլ ունեցել են Մ. Մարգարյանի հետ, այլ ընդամենը գումար են տվել, որը իբր հափշտակել է նա, մինչդեռ դա համատեղ բիզնես է եղել: Ա. Գրիգորյանը չբացառեց, որ դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ:

Ի դեպ, «Առավոտի» որոշ աղբյուրներ պնդում են, որ Մ. Մարգարյանը միայն այս գործը չի ձախողել: Համաձայն մեր աղբյուրների՝ Մ.Մարգարյանը գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել՝ «քցել է» առնվազն 5-6 հոգուց եւս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել