Նրանք մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ
Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչներ մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ: Նրանցից 6-ը մեղադրվում է նույն հանցագործությունը պարտակելու մեջ:
Ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Ս.-ի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը, ոսկեղենն ու զենքը, դիմել փախուստի:
Դատարանում ամբաստանյալներից մեկը պատմեց նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքների՝ կորզված լինելու մասին եւ հրաժարվեց դրանցից:
Ըստ մեղադրականի՝ ավազակային հարձակման կազմակերպիչ Հ. Ս.-ի դեմ միակ ցուցմունք տվող Լ.Ե.-ն հայտարարեց, որ իրեն խոշտանգել են, ԱԱԾ-ի մեկուսարանում ծեծել, վախեցրել, սպառնացել, որ եթե ցուցմունք չտա Հ.Ս.-ի դեմ, մորը՝ որպես ավազակային հարձակման մասնակից, 8 տարի կտան:
«Ամեն ձեւի ինձ ճնշել են, ասել են՝ մորդ 8 տարով կնստեցնենք, գիտենք, որ 1 տարեկան երեխա ունես, տան տեղն էլ գիտենք, ես էլ մարդ եմ, իմ երեխու, մոր համար վախենալով՝ ցուցմունք եմ տվել Հ. Ս.-ի դեմ: Ես Հ. Ս.-ին չեմ ճանաչել, իրենք են նրա անունը տվել, ստիպել են, որ էդ մարդու դեմ ցուցմունք տամ: Ինձ շատ ուժեղ ճնշել, վախեցրել են, հատկապես ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Ա. Հ.-ն եւ մանավանդ քրեական հետախուզության վարչության պետ, գեներալ Հ. Թ.-ն: Դրա ձեռը ընկնողը կենդանի չի մնում. իմ բախտն ուղղակի բերել է: Իմ տված ցուցմունքները սուտ են, իրենց թելադրածն է»,- պատմում էր նա: Ամբաստանյալը նաեւ զրկված է եղել պաշտպան ունենալու իրավունքից. «7 օր ինձ պահել են Վանաձորի ոստիկանության վարչությունում, ընդհանրապես պաշտպան չեմ ունեցել, խի՞ են ինձ առանց պաշտպանի տարել, քննել, ծեծել: Դատախազը խփում է, կողքին կանգնած ոչ ոք ձեն չի հանում: Որ ի՞նչ: 1 տարի ԱԱԾ-ի պադվալում եմ եղել, իբր իմ անվտանգությունն են պահում, բայց տենց բան չի եղել. մերս գալիս էր տեսակցության, սկի չէին թողնում ինձ տեսնի. աչքերիս տակը սաղ կապույտ էր՝ սպեցնազի հաստագլուխ-սափրագլուխների արած գործը: Հարցնում էին՝ շորերդ մաքո՞ւր է, ասում էին՝ դե մեր պոլերը պիտի մաքրվի: Գցում էին գետնին, թուրքի նման սկսում սպանել, որ ի՞նչ: Ոնց որ թուրքի ձեռը գերի լինեի»:
Լ. Ե.-ի պաշտպան Ռ. Հակոբյանն էլ հանդես եկավ իր պաշտպանյալի կողմից հնչեցրած բռնությունների մասին հաղորդումը սահմանված կարգով ու սահմանված ժամկետում լուծելու մասին հայտարարությամբ:
Ամբաստանյալներից Գ. Ա.-ն էլ հայտարարեց, որ իր անչափահաս եղբորը տարել են Սպիտակի ոստիկանության բաժին եւ ապօրինի զրկել ազատությունից, իրեն էլ հայտնել են, որ մինչեւ ինքը խոստովանական ցուցմունք չտա, եղբորը բաց չեն թողնի:
Ամբաստանյալներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը: