Ամերիկահայ գործարար Վիգեն Յակուբյանը աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսի հետ նախատեսում են ստեղծել նոր հայկական գինու բրենդ, որը, նրանց համոզմամբ, որակապես չի զիջի եւ միջազգային շուկայում միանգամայն մրցունակ կլինի: Փոլ Հոբսը ամենախիստ քննադատների կողմից ընդգրկված է գինեգործների աշխարհի լավագույն տասնյակում:
Բրենդաստեղծ գինեգործը համագործակցելու իր համաձայնությունը տալուց առաջ նախապայման է դրել. կախված այն բանից, թե հայկական հողի վրա ոտք դնելիս ինչ զգացողություն կունենա: Ըստ Վ. Յակուբյանի. «Արդյոք կապված կզգա՞»: Եվ նա անմիջապես այդ կապվածությունը զգաց: Դրան զուգահեռ՝ նաեւ հողը հավանեց, կլիման եւ տեսավ հսկայական պոտենցիալ՝ միջազգային մակարդակի բարձրորակ գինու արտադրության համար: Սրանով հանդերձ, սա այն բրենդը չէ, որը փորձելու է «եվրոպացի» լինել, սա շուկայում որպես «հայ» գինի է ճանաչվելու: Վ. Յակուբյանի խոսքերով, գինու արտադրությունը սկսում են ոչ թե խաղողի գնմամբ, այլ սեփական այգիների հիմնադրմամբ. «Այգին հիմնելիս հաշվի են առնվելու անգամ խաղողի վազերի հեռավորությունը միմյանցից, ուղղությունները: Պարարտանյութերը լինելու են միայն օրգանական եւ բնական, ինչպես միջազգային ստանդարտներն են պահանջում: Հողն արդեն ձեռք է բերվել, հիմա հողի քիմիական բաղադրության փորձաքննություն է ընթանում. դրանից հետո միայն կորոշվի, թե հատկապես որ տեսակի խաղողներից կստացվի լավագույն գինին: 4 տարի հետո, հավանաբար, առաջին բաժակը կխմենք: Այդ ընթացքում նույն տարածքում գինու գործարանի հիմքերը կգցենք»:
Ինչ վերաբերում է այս գինու՝ ճանաչված գինիների հետ մրցակից լինելուն, ապա, ըստ Վ. Յակուբյանի, պետք է իրատես լինել. «Օրինակ, Ամերիկայում նստած գինի սիրող անձը ներկայումս պատրաստ չէ չճանաչված գինու համար հսկայական գումարներ վճարել: Այս գինին, իհարկե, կմրցակցի ճանաչված գինիների հետ, սակայն շուկա ներթափանցելու հիմքերն իրատեսական են եւ միջազգային ճանաչումը երկարատեւ համակարգված աշխատանք է պահանջում»: Նա նաեւ հետքրքրված է տեղական շուկայով: Մեր հարցին՝ տեղյա՞կ է, որ Հայաստանում երբեմն մրցակցության ոչ ստանդարտ, վայրի ավանդույթներ են գործում, բացի այդ, գործարարները հաճախակի դժգոհում են հարկային վարչարարությունից, գործարար մթնոլորտից, բանկային բարձր տոկոսադրույքներից, եւ արդյոք պատրա՞ստ է դրան, Վ. Յակուբյանը պատասխանեց. «Մեր քաղաքականությունն է միշտ կոռեկտ սկզբունքներով առաջնորդվել, որովհետեւ հավատում ենք, որ այդ սկզբունքներով ստեղծված ներուժը կհաղթահարի բոլոր խոչընդոտները»: