Ի տարբերություն հայ տղամարդկանց, Մարոկոյի արաբներին քո անցյալը չի հետաքրքրում
Խոնավությունից տան իրերը ստիպված փռում են դրսում:
Արաբ վաճառականները այսպես անկաշկանդ հանգստանում էին:
Մեդինա շուկան՝ իր ողջ արեւելյան համ ու հոտով:
Այս շուկայում 1000 դրամով հագած կոշիկներ էին վաճառում:
Թագավորի նկարը նույնիսկ մաշիկների խանութում էր դրված:
Բազմակնության պատճառով, Մարոկոյի տները հարթ տանիքով են. ամեն նոր ամուսնությունից հետո տունը մի հարկով ավելանում է: Հարկերից էլ երեւում է, թե քանի կին ունի տան տերը:
Առաջին բանը, որ սկսեցի մտածել արդեն Կասաբլանկայի օդանավակայանում, դա այն էր, թե արդյո՞ք հագուստս համապատասխան է այս երկրին: Գիտեի, որ արաբական այս երկրում պետք է հնարավորինս փակ հագնվել: Հակառակ դեպքում, ինչպես ճանապարհին լրագրողներով կատակում էինք, Մարոկոյի մահմեդական արաբների կողմից կարժանանայինք մտրակի 40 հարվածների: Երեւան-Փարիզ-Կասաբլանկա թռիչքը տեւեց մոտ 9 ժամ, ուստի հայաստանյան իրականությունից հետո արաբական աշխարհին միանգամից ադապտացվելն ուղղակի անհնար էր: Հատկապես որ, տարիներ առաջ ֆրանսիական օկուպացիայից անկախացած Մարոկոյում եվրոպական ազդեցությունը շատ թույլ էր: Սպիտակամորթ ցանկացած օտարազգի կին այստեղ արաբների աչքից չի վրիպում եւ մինչեւ նրանց տեսադաշտից հեռանալը՝ «բազմաբնույթ» հաճոյախոսություններ է ստանում: Այլազգի կանայք այս երկրում, ոտքի վրա, օրը մի քանի անգամ 1-ին, 2-րդ, 3-րդ կին դառնալու ամուսնության առաջարկ են ստանում: Ի տարբերություն հայ տղամարդկանց, արաբներին քո անցյալը չի հետաքրքրում եւ նրանք մերոնց պես մանկապարտեզից սկսած աղջկա ուղնուծուծով չեն հետաքրքրվում: Արաբները գտնում են, որ այլակրոն կինը, կրոնափոխ լինելով եւ մահմեդական դառնալով, անցյալում գործած բոլոր մեղքերից ազատվում է: Սակայն այդքանով հանդերձ, Մարոկոյի պես մահմեդական երկրում օտար աղջկա համար շատ դժվար է:
Բաց ուսերով շապիկներն ու կարճ շրջազգեստներն այստեղ ցանկալի չեն: Այդ տեսքով փողոց դուրս գալը վտանգավոր է հատկապես երեկոյան ժամերին: Իսկ ժամը 18-ին Մարոկոյում արդեն մութ էր: Այդ ժամերին արաբները հաճոյախոսություններով չէին բավարարվում եւ կարող էին մոտենալ ու, մեղմ ասած, քեզ «շոշափել»: Իսկ ընդհանրապես մարոկացիները շատ բարեհամբույր ժողովուրդ են: Մարդիկ հյուրընկալ են, սիրով լսում են քեզ, զրուցում: Հաճախ հարցեր են տալիս, հրավիրում թեյի: Բնակչության հիմնական մասը դավանում է մահմեդականությունը: Իսլամն այստեղ մեծ ազդեցություն է թողնում նրանց նիստուկացի, ընտանեկան հարաբերությունների վրա: Այստեղ պետական լեզուն արաբերենն է, սակայն արաբներն իրենց մայրենի լեզվից էլ լավ տիրապետում էին ֆրանսերենին:
Թեեւ Մարոկոն խորհրդարանական երկիր է, բայց վերջին խոսքը Մոհամեդ 6-րդ թագավորինն է: Մարոկացիների վրա թագավորի ազդեցությունն այնքան մեծ է, որ սնվելու կետերից սկսած՝ խանութներով վերջացրած, Մոհամեդ 6-րդի մեծադիր լուսանկարն էր կախված: Այս երկրում յուրաքանչյուր պաշտոնյա հեռուստատեսությամբ հարցազրույց կամ ասուլիս տալիս պարտադիր պետք է գլխավերեւում թագավորի նկարն ունենա, հակառակ դեպքում՝ օրենքով կպատժվի:
Երբ դուրս եկանք Կասաբլանկայի օդանավակայանից, շոգ էր եւ խոնավության հոտ կար, ինչը, թերեւս, պայմանավորված էր արեւադարձային գոտի լինելով: Եթե հյուրանոցներում եւ մեծահարուստների տներում հատուկ սարքավորումների միջոցով անկողինը, հագուստը չոր էր մնում, ապա սովորական մարոկացիները, արեւը ծագելուն պես, ստիպված էին լինում բնակարանում ինչ ունեն չունեն, այսպես ասած, արեւի տալ. պատուհաններից անգամ գորգերն էին կախում:
Նշենք, որ հայաստանյան լրագրողների այցը Մարոկո՝ կազմակերպել էր «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպությունը:
Քանի որ Մարոկոն էլ դասվում է թրաֆիքինգով զբաղվող երկրների շարքին, ուստի իգական սեռի միանգամից 9 լրագրողներիս Մարոկո մեկնելը թե՛ մեր եւ թե՛ Մարոկոյի օդանավակայանի սահմանակետերում փոքր-ինչ կասկածի տեղիք էր տվել: Երեւանում լրագրողներից ոմանց մանրամասն հարցաքննեցին, թե ինչ այց է, ով է հրավիրողը, որտեղ ենք իջեւանելու եւ այլն: Իսկ արդեն Մարոկոյի սահմանապահները, որոնք անգլերեն գրեթե չէին հասկանում, ստիպված էին մեր այցելության 7 օրվա ծրագիրը ծայրից ծայր արտագրել: