Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՀԱՆՔՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ

Նոյեմբեր 12,2010 00:00

«Մենք երբեք հանքի մուշտարու հետեւից ման չենք գալիս, եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքի հետ որեւէ կապ չունի, եւ հանքով էլ շահագրգռված չենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հայտարարությանը, թե նախարարը վերոնշյալ հանքով հետաքրքրված՝ ապօրինաբար կասեցրել է հանքի շահագործման իրենց իրավունքը:

Նախարարին հիշեցրինք ամիսներ առաջ «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցը, որտեղ հավաստիացրել էր, որ վերոնշյալ հանքով արդեն շատ հետաքրքրվողներ կան ու առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում այդ հարցը կորոշվի: Նա ասաց. «Սյունյաց երկիր» թերթին հարցազրույց չեմ տվել, չգիտեմ՝ ինչ եք ասում, իսկ ինչ վերաբերում է՝ ընդհանրապես Հայաստանի հանքերի նկատմամբ հետաքրքրություն կա, եւ մենք համարյա թե մետաղական ազատ հանքեր էլ չունենք, իսկ նրանք, ովքեր պարտավորություններ են վերցրել ու լիցենզիա ստացել, բայց իրենց պարտականությունները չեն կատարել, լիցենզիայից զրկում ենք ու հանքը դնում աճուրդի, սա նորմալ գործընթաց է»:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է, ինչ «Սիփան 1» ՍՊԸ-ն դատական ատյաններում վիճարկում է 2009-ի ապրիլին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 147-Ա որոշումը՝ անվավեր ճանաչել հանքը շահագործելու մասին լիցենզիան եւ «Սիփան-1» ընկերությանը զրկել այն շահագործելու իրավունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել