Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻԳԱՆՏ «ՆԱԻՐԻՏԸ» ՄԻ ՔԱՆԻ ՀԻՄԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է»

Նոյեմբեր 12,2010 00:00

Վստահեցնում են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները

\"\"«Մի քանի հիմար տնօրենների պատճառով էդ գիգանտ հսկան կործանվում, լուծարվում է: Որ գաք ու տեսնեք, թե էդ գործարանում քանի տնօրեն կա, քանի տեղակալ ու խորհրդական, օգնականի օգնական կա, դուք կզարմանաք ու կապշեք՝ ինչ է կատարվում գործարանում: 1500 ուպրավլենիայի վարչական աշխատող ի՞նչ իրավունք ունի աշխատել «Նաիրիտում», պահակային ծառայության աշխատողն ի՞նչ իրավունք ունի 150 000 դրամ աշխատավարձ ստանա, երբ նույնիսկ «Նաիրիտի» տեղը չգիտի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր «Նաիրիտի» կաուչուկի լաբորատորիայի 28 տարվա աշխատակից Գայանե Արշակյանը: Երեկ կառավարության շենքի մոտ գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ դժգոհում էին գործարանի տնօրինության աշխատանքից ու պահանջում իրենց նախորդ ամիսների աշխատավարձերը: Գործարանի երկրորդ արտադրամասի 36 տարվա աշխատակից Դալիդա Մութաֆյանն էլ ասում էր. «Հավաքարարից մի փոքր բարձր դիրք ունեմ, աշխատավարձս նախկինում 67 500 դրամ էր, հիմա հասել է 75 հազար դրամի, բայց չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ ստացել: Ես «Նաիրիտի» մի խումբ լքված, վիրավորված, վրդովված ու խղճուկ ժողովրդի անունից եկել եմ խնդրելու, որ «Նաիրիտում» առկա իրավիճակը մանրամասնորեն ուսումնասիրվի ու տրվի համապատասխան եզրակացություն»:

Ավելի ուշ աշխատակիցների հետ հանդիպեց նաեւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Գործարանի աշխատակիցներից մեկը նրան հարցրեց. «Պարոն նախարար, երեք ամիս է, ինչ աշխատավարձ չենք ստացել ու հայտնի ստախոսներ ենք դարձել, տանը մեր երեխաները մեզնից բան են ուզում, ասում ենք՝ էսօր չէ, վաղը: Ինչքա՞ն է ձգվելու այս իրավիճակը»: Գ. Արշակյանն էլ հավելեց. «Տնօրինությունը չի պատրաստվում ու հույս էլ չկա, որ մի օր նորից կաշխատենք կամ աշխատավարձ կստանանք: Ժողովրդին՝ բանվոր դասակարգին նստացրել են տանը, բայց ամբողջ նաչալստվան գնում է գործի ու պարտաճանաչ իրենց աշխատավարձերը ստանում, իսկ մենք տանն ենք՝ անհույս, անորոշ ժամանակով… երեկվա դրությամբ ասում էին, որ փող կլինի, բայց սպասեցինք-սպասեցինք՝ ոչ մի փող էլ չեղավ: Եկել ենք, մեր բողոքը ձեզ ենք ասում, պարոն նախարար, որ միջոցներ ձեռնարկեք, մեղք է էս ժողովուրդը, անձամբ ես ապրում եմ շատ վատ վիճակում, ունեմ 19 տարեկան տղա, որի երիկամը հեռացրել են, իսկ տնօրենը 10 դրամով չի օգնել, ինչո՞ւ ես պետք է գամ էստեղ, ինչո՞ւ, աշխատել եմ՝ թող իմ փողը տան ժամանակին»: Դալիդա Մութաֆյանն էլ նախարարին ասաց, որ «Նաիրիտի» ժողովուրդը մակարդակով է ու աշխատավարձի համար չի աշխատում»: Պարոն Մովսիսյանն էլ աշխատակիցների հետ առաջիկա հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերեց. «Եկող երեքշաբթի ձեզնից 7 հոգի կգա ինձ մոտ, ձեր բարձրացրած հարցերը կքննարկենք»:

Դ. Մուտաֆյանն էլ նախարարին նախազգուշացրեց. «Եթե երեքշաբթի օրը գանք ձեզ մոտ, ու դուք չթողնեք մեր ուզած ձեւով ձեր հարցերին պատասխանենք, մենք կլքենք ձեր կաբինետը: Չգիտեմ էլ՝ ինչ է փոխվելու»: «Մենք, բացի աշխատավարձերից, պահանջում ենք նախկին տնօրենին՝ մեր Իսրայելյանին, պահանջում ենք, որ նոր տնօրենը իր ողջ աշխատակազմով հեռանա»: «Առավոտը» նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ ընդառաջեն աշխատակիցների պահանջին ու ներկայիս տնօրենին փոխարինեն հնով, ըստ նրա. «Դա ընդամենը մի աշխատակցի ցանկությունն էր, բայց այստեղ ոչ թե տնօրենի, այլ ոլորտի խնդիրն է: Իրավիճակը ոչ թե «Նաիրիտով» կամ Հայաստանով է պայմանավորված, այլ ընդհանուր աշխարհում նույն իրավիճակներն են: Նախկինում այլ ոլորտներում էլ նմանատիպ խնդիրներ կային, բայց ամեն ինչ վերացվեց, ամեն ինչ շատ արագ հունի մեջ ընկավ: «Նաիրիտի» մասով, մի քանի անգամ գազի, էլեկտրաէներգիայի գները բարձրացան, ինքնարժեքի խնդիրներ առաջացան, գումարած՝ ճգնաժամ է: Արդյունքում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ քիմիական ոլորտը էդ վիճակում է, նոր-նոր սկսել են տեղաշարժեր լինել, «Նաիրիտին» էլ է ժամանակ պետք, որ նորից սկսի վերագործարկվել»: Ըստ պարոն Մովսիսյանի, ժամանակ է պետք, որ «Նաիրիտն» իր արտադրանքը նորից շուկա հանի, որովհետեւ ճգնաժամից հետո շուկան էլ է փոխվել, շուկայի պահանջներն էլ. «Երեքշաբթի գործարանի ղեկավարության հետ կխոսեմ, կքննարկեմ համապատասխան կառույցների հետ՝ տեսնեմ ինչ կարող ենք անել»: Գործարանի աշխատակից Գայանե Արշակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հետ հանդիպումից հույս ու ակնկալիք չունեն ու, ամենայն հավանականությամբ, չեն էլ գնա: Նրա տեղեկացմամբ, այսօր առավոտյան իրենք բողոքի ցույց են նախատեսել նախագահական նստավայրի առաջ:

Ի դեպ, «Նաիրիտ գործարան» ընկերության լրատվության բաժինը թեեւ չցանկացավ պատասխանել «Առավոտի» հարցերին, սակայն ավելի ուշ ուղարկեց պարզաբանում, որը մեջբերում ենք՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին. «Աշխատավարձերի չվճարման խնդրի հետ լարված իրավիճակ է ստեղծվել, իսկ զանգվածային լրատվամիջոցների ապակողմնորոշիչ, իրականությանն ու ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը կարող է ավելի սրել այն: Խնդրում ենք առաջիկայում ձեռնպահ մնալ չստուգված եւ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, առավել եւս դրանցում չներքաշել քաղաքական գործիչներին եւ գործարանի հանգուցյալ աշխատակիցներին, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել