Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցկան՝ ժողովրդի կողքի՞ն

Նոյեմբեր 12,2010 00:00

Խաղաղ ցույց Կապանում՝ ընդդեմ ուրանի

\"\"Երեկ Կապանում կայացավ խաղաղ ցույց՝ ընդդեմ ուրանի ծրագրին: Տեղական հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու էին եկել ոչ միայն Կապան եւ Լեռնաձոր համայնքների բնակիչները, այլեւ հանրապետության այլ մարզերից ու մայրաքաղաքից: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ուրանի հանքի հնարավոր շահագործման ամբողջ գործընթացի դեմ հանդես եկող բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն նահանջելու եւ մինչեւ վերջ պայքարելու են ուրանի ծրագիրը դադարեցնելու համար: Կազմակերպիչները հերքեցին վերջին շրջանում շրջանառվող այն թյուր կարծիքները, որ այս շարժումն ունի քաղաքական տարրեր: «Մեզ մեղադրում են այս շարժումը քաղաքականացնելու եւ որոշակի շրջանակների պատվերներ կատարելու մեջ: Այս շարժումը զուտ բնապահպանական շարժում է: Համառ, շարունակական եւ համբերատար պայքարի շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի: Ուրանի հանքավայրը չի բացվելու, չենք թողնելու դատարկեն մեր տարածաշրջանը: «Ո՛չ» ենք ասում ուրանի ուրվականին: Կոչ ենք անում պահպանել ակտիվությունն ու վճռականությունը, եկեք տեր կանգնենք մեր նահատակների արյամբ սրբացած մեր հայրենիքի այս փոքրիկ կտորին եւ փրկենք դեռեւս պահպանված բնաշխարհը «Ուրան» կոչվող ամենակուլ հրեշի ճիրաններից»,- իրենց ելույթներում նաեւ նման կոչերով հանդես եկան հանրահավաքի կազմակերպիչները, տեղեկացնելով, որ զանգվածային հրապարակային միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Բացի այդ, կշարունակվի աշխատանքը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, ով հայտարարեց, որ մարզային իշխանություններն իրենց ժողովրդի կողքին են:

Կապանի մշակույթի հարակից հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնակցում էին հազարից ավելի բնակիչներ: Փոքրից մեծ եկել էին «ոչ» ասելու ուրանի ծրագրին եւ իրենց բողոքի ձայնն արտահայտելու: Երիտասարդները պաստառներ էին պարզել՝ «Ձեր փողերը ձեր երեխաներին էլ չեն օգնելու», «Ուրանի շահագործումով 1915 թվականին երանի եք տալու», «Թույլ չենք տա թալանել մեր ընդերքը, հերիք եղավ», «Ուրանը գիտակցված Չեռնոբիլ է» եւ այլ մակագրություններով: «Մենք այս հարցով դիմել ենք ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովին, հանձնաժողովը ունի նախնական որոշում, որ Հայաստանի կառավարությունը խախտել է միջազգային նորմերը: Մենք կարող ենք դիմել միջազգային դատարան: Մենք պետք է թողնենք մեր հարստությունը մեր երեխաներին, մեր սերունդներին»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում բարձրախոսի մոտ կանգնած հանրահավաքի պատասխանատուներից ոմանք չէին թույլատրում օգտվել բարձրախոսից եւ ելույթ ունենալ: Պատգամավորը ստիպված հավաքված ամբոխի առաջ ելույթ ունեցավ առանց բարձրախոսի, սակայն ժողովրդի համառ պահանջի արդյունքում վերջապես պատգամավորին տրամադրեցին բարձրախոսը. «Հարգելի սյունեցիներ, սա պայքար է հանուն մեզ, հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Սա պայքար է հանուն մեր ազատագրության: Եթե մենք այսօր թույլ տանք, որ շահագործվի ուրանի հանքավայրը, դա նշանակում է, որ մենք մեր հայ մարդուն մղում ենք արտագաղթի մեր բնօրրանից: Պետք է համախմբվենք եւ դադարեցնենք կառավարության այս որոշումը»: «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ նկատեց. «ՀՀ Սահմանադրության առաջին էջում գրված են 2 պարզ կետեր՝ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀՀ ընդերքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Արդյոք զարմանալի չէ՞, որ հենց Սյունիքում, որ ժամանակին ազատագրել է Գարեգին Նժդեհը, կատարվում է մի բան, որի հեղինակներն այն մարդիկ են, ովքեր երդվում են Նժդեհի անունով: Չե՞ն հասկանում, որ կդատարկվի Սյունիքը, որին կհաջորդի նաեւ ողջ հանրապետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել