Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՋԱԿՑԵԼ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ

Նոյեմբեր 12,2010 00:00

Այս դրույթը սահմանված է «Հավաքների մասին» օրենքի նախագծով: Սակայն մեր զրուցակիցները հիշեցնում են, որ Հայաստանում օրենքները չեն գործում եւ բացարձակապես էական չէ՝ ինչ կսահմանվի օրենքով:

\"\"
 Ի՞նչ օրենքով կարող է կանխվել սա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից օրերս հանրությանը ներկայացված «Հավաքների մասին» օրենքի նախագծում կան այնպիսի դրույթներ, որոնց իրականացումը պիտի պահանջեր, որ պետական մարմինները պատասխանատվության ենթարկեին իրենք իրենց: Ասենք՝ «Պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու հավաքի մասնակիցներին այնպիսի ոտնձգությունից, որոնք նպատակ ունեն խոչընդոտել հավաքի բնականոն ընթացքը» դրույթից կարելի՞ է ենթադրել, որ պատասխանատվության են կանչվելու այն ոստիկանները, որոնք անհիմն պահանջներով խոչընդոտում են հավաքների ազատության իրավունքի իրականացմանը: Կամ՝ արդյոք օրենքի այն դրույթի ընդունումից հետո, թե՝ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրել անձին մաuնակցելու որեւէ հավաքի»՝ դադարեցնելո՞ւ են կրթական եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներից պահանջել ներկա լինել իշխող ուժի կազմակերպած հավաքներին:

Ընդհանրապես՝ որքանո՞վ է հիմնավոր հուսալը, թե օրենսդրության միջոցով հնարավոր է լուծել այն խնդիրները, որոնք Հայաստանում առկա են հավաքների ազատության առնչությամբ: Մեր այս հարցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը պատասխանեց. «Նման աշխատանքն արդյունավետ է այն ժամանակ, երբ օրգանիզմը շատ թե քիչ առողջ է. այդ դեպքում դա լրիվ նորմալ երեւույթ է: Բայց եթե հիմքը՝ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունն անառողջ է՝ ինչքա՜ն ուզում ես օրենսդրական փոփոխություններ արա եւ բարելավիր: Հիշեցնեմ, որ ամենակատարյալ Սահմանադրությունը Ստալինի օրոք ընդունված հիմնական օրենքն էր, որը ոչ մի կապ չուներ այն իրողությունների հետ, որոնց մարդիկ բախվում էին իրենց ամենօրյա կյանքի ընթացքում: Ուրեմն, սա նման է նրան, որ բուժես ոչ թե հիվանդության բուն պատճառը, այլ դրա նախանշանները: Ասենք՝ գլխացավի դեպքում միայն ցավազրկող տաս՝ առանց մտածելու, թե պատճառն ի՞նչ է, գուցե լրիվ ուրի՞շ բուժում է պետք: Նաեւ հարց է՝ մենք արդյոք օրենքով կարո՞ղ ենք պարտադրել, որ ոստիկանը չծեծի քաղաքացուն: Նույնիսկ ծիծաղելի կլինի, եթե նման օրենսդրական փոփոխություն առաջարկենք՝ պարտադրելով ոստիկանությանը, որ բռնություն չկիրառեն քաղաքացիների նկատմամբ: Ուրեմն՝ խնդիրը ոչ թե այն է, որ կատարյալ չէ մեր օրենսդրությունը (չնայած միշտ էլ կարելի է փոփոխել ու լավացնել այն), այլ այն, որ նախ եւ առաջ՝ օրենքները չեն գործում, եւ մեր երկրում տիրում է համակարգային ծանր ու անառողջ վիճակ: Եվ դժվար թե միայն օրենսդրական փոփոխություններով հասնենք իրոք դրական տեղաշարժերի»:

«Հավաքների մասին» օրինագիծը որքան էլ այն նախաձեռնողների կողմից գնահատվեց իբրեւ գործող օրենքի համեմատ առաջադիմական՝ նախագծի լայն մեկնաբանության տեղիք տվող որոշ դրույթներ կարող են ունենալ լիովին հակառակ ազդեցություն: Մի օրինակ՝ հոդված 19-ում նշված է, թե հավաքի անցկացումն արգելվում է իրավասու մարմնի կողմից, եթե «հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը»: Մեր հարցին՝ արդյոք այս ընդհանրական ձեւակերպումը հիմք չի՞ դառնա առանց պատճառաբանությունների արգելելու հավաքներն այն հիմքով, թե իրենք ուղղակի համարում են, որ հնարավոր չէ կանխել սպառնացող վտանգը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որը Երեւանի քաղաքապետարան հանրահավաքների իրազեկումներ ներկայացնելու մեծ փորձ ունի՝ այսպես արձագանքեց. «Լիազոր մարմինները հանրահավաքներն արգելում են այն ժամանակ, երբ ուզում են, որ հանրահավաք տեղի չունենա՝ անկախ նրանից, թե ինչ է գրված օրենքում: Բացարձա՛կ էական չէ, թե ինչ է սահմանված օրենքով»: Եվ հավելեց. «Համաչափությունը պիտի որոշի արդար վարչական մարմինը կամ արդար դատարանը: Բնականաբար՝ նման մարմիններ մենք Հայաստանում չունենք: Ուստի ի՜նչ էլ որ գրված լինի, եւ ինչքա՜ն էլ որոշակի գրված լինի՝ այնուամենայնիվ, ցանկության դեպքում հնարավոր է արգելել ու թույլ չտալ»:

Առանձնացնենք օրենքի նախագծի որոշ այլ ուշագրավ դրույթներ. «Հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում եւ վայրում այլ, այդ թվում հակադարձ ուղղվածությամբ հավաքի անցկացումը ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ իրազեկված հավաքին»: Սահմանված է նաեւ, թե ինչպես այսուհետ պետք է սկսվեն հանրահավաքները. «Հավաքն սկսվելուց առաջ հավաքի ղեկավարը հայտնում է իր անունը եւ ազգանունը, իuկ եթե հավաքը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաեւ իրավաբանական անձի լրիվ անվանումը, հավաքի նպատակը, ինչպեu նաեւ հավաքի ավարտի մոտավոր ժամկետը»: Հավաքի ղեկավարը, նախագծի համաձայն՝ պարտավոր է «հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար»: Բացի այդ՝ նա «Հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես, հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու եւ ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով»:

Նախագիծն ընդունվելու դեպքում՝ ոuտիկաններն արդեն օրենքով պարտավոր կլինեն հավաքի անցկացման վայրից դուրu բերել այն անձանց, ովքեր խախտում են հավաքի բնականոն ընթացքը: Ոստիկանությունը նաեւ «պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը»: Սակայն սահմանված է նաեւ. «Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի նկատմամբ անմիջական վտանգը»:

Կա նաեւ հետեւյալ դրույթը, որը բացակայում է գործող օրենքում. «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին»: Արտակ Զեյնալյանը վերջինիս կապակցությամբ ասաց. «Անկախ նրանից՝ օրենքում սա գրված էր, թե ոչ՝ իրավունքը հենց այդպես էլ ենթադրում է, որ պիտի այդպես էլ վարվեին մի՛շտ, ամեն անգա՛մ, եւ ոչ թե այնպես, ինչպես վարվել էին, ասենք, նոյեմբերի 9-ին «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցի առջեւ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել