Երեկ առավոտյան 11.30-ին անձնական օգտագործման «Միթսուբիշի» մակնիշի (ՋԻՓ) 22ՕԼ539 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դավիթ Սարգսի Հունանյանը 16-րդ թաղամասի 23 շենքի բակում վրաերթի է ենթարկել նշված շենքում բնակվող 62-ամյա Թամարա Համբարձումի Ստեփանյանին, ով տեղում մահացել է: Տեղի ունեցածի կապակցությամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դ. Հունանյանը, ով որպես ավագ լեյտենանտ աշխատում է ՀՀ ոստիկանության Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի ոստիկանությունում որպես տեղամասային տեսուչ, ՃՏՀ քննության բաժնի քննիչի ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական հետազոտման, որով հաստատվել է, որ տեղամասային տեսուչը մեքենան վարելու պահին եղել է սթափ: «Առավոտի» տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել ճանապարհային ոստիկանությունում կազմված մի քանի քրեական գործեր, եւ հավանաբար տեղամասային տեսուչի գործն էլ առաջիկայում կուղարկվի ՀՔԾ: