Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում նախօրեին, գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում Ջրաշխարհի դիմաց տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: Վրացական TSO-008 համարանիշի «Մերսեդես G500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը չկարողանալով կառավարել մեքենան՝ բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շուռ եկել: Շրջվելուց հետո արագության թափի տակ մեքենան մոտ 50 մետր սահել է: Վթարի վայրից Կ. Մարտիրոսյանն ու ուղեւորուհի, ՌԴ քաղաքացի Ալսու Ֆատտախովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բուժկենտրոնում Կարեն Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Վերջինս Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի աշխատակից էր: