Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը՝ Բելգիայում

Նոյեմբեր 11,2010 00:00

Կամ՝ հայազգի կինոաստղ Բարբարա Սարաֆյանի մասին

Հրեաները հետաքրքիր քաղաքականություն ունեն. հրեացնում են նույնիսկ նրանց, ում չգիտեմ` որերորդ ապուպապի մեջ հրեականություն է եղել: Ու, նաեւ սրանով, հրեաները հզոր են, հարուստ են, շատ են: Մենք նման հարցադրումն անպայման անեկդոտացնում ենք, ծիծաղում ինքներս մեզ վրա…

Բարբարա Սարաֆյանի մասին Հայաստանում համարյա ոչինչ չգիտեն: Բելգիացիներից քչերը չգիտեն նրան: Ու առաջին անգամ հայերիս համար, հայերեն, հայկական թերթում փորձ կանեմ հակիրճ ներկայացնել նրան՝ կինո եւ հեռուստաաստղին, հմայիչ տիկնոջը, չափազանց խրթին ճամփաներով անցած ու «հայկական համառության շնորհիվ» (իր խոսքերն են)  երանելի բարձունքի հասած, բայց դեռ ինչերի՜ ունակ մեր Բարբարային, մեր Բարբարա Սարաֆյանին… 42 տարեկան է: Ծնվել է Բելգիայում: Հայրը, Հնդկաստանի հանդեպ տածած սիրո համար, նրան կոչել է Պրաժնյա: Թաղապետարանի հորդորով փոխել է անունը եւ կնքվել Բարբարա: Ունի մեկ զավակ՝ 14-ամյա դպրոցական Ջուլիան, որի հայրը կես-իտալացի է:

Արմատները գալիս են Կարինից: Հայոց կոտորածից մազապուրծ պապը, որ այն ժամանակ 5-6 տարեկան էր, մի կերպ հասնում է Շվեյցարիա, Անգլիա, այնուհետեւ՝ Բելգիա: Հաստատվում է Բրյուսելում, զբաղվել է հատկապես սիգարի բիզնեսով. հիմնել է գորգերի խանութ, որի ճակատին մեծ-մեծ տառերով գրված էր՝ Սարաֆյան: Ամուսնացել է բելգուհու հետ, որը եղել է հայտնի դերասանուհի, մեծ ճանաչման է արժանացել «Իմ հայրը եւ իմ հայրը» զարմանալի անուն ունեցող ֆիլմով: Պապը շուտով ամուսնալուծվում է ու ամուսնանում… թրքուհու հետ, որից ծնվում են երեք աղջիկներ ու որոնց հետ երբեք կապ չի եղել: Ոչ մեկը չի հասկացել պապի այս քայլը, ոչ ոք:

Հայրը՝ Պոլ-Արմենը, պապի առաջին կնոջից էր. մահացել է 15 տարի առաջ՝ շատ ծանր տանելով հոր ամուսնական քայլը: Մայրը՝ Քրիստիանը, արվեստագետ էր, ուսուցչուհի, նկարիչ ու… ֆրանսուհի: Մահացել է այս տարի:

Եղբայրը՝ Դավիթը, բնակվում է Գենտում, մեծ թենիսի մարզիչ է, Դավիթ Նալբանդյանի ջերմ երկրպագուն:

Բարբարան ասում է. «Երկու տարբեր մշակույթների կրող եմ՝ մեկը շատ, մյուսը՝ քիչ: Ուզում եմ արմատներիս գալ, կօգնե՞ք: Հայկական դաստիարակություն չեմ ստացել, հայերի հետ շա՜տ քիչ եմ առնչվել: Թե ինչ եմ զգում այս երկընտրանքի մեջ՝ չգիտեմ: Եթե գնամ Հայաստան, վստահ եմ՝ մեջս շատ բան կարթնանա, ազատ կշնչեմ, միգուցե հայկականությունս ավելանա, միգուցե»:

Բարբարային հանդիպեցի Գենտում, գետափնյա գողտրիկ մի սրճարանում: Սովորական հարցուփորձի ընթացքում ուշադիր զննում էի նրան՝ ինչ-որ անըմբռնելի երանգ կար հայացքում: Գեղեցկամարմին, կոկիկ, հաճելի ժպիտը դեմքին, ակնարկեց. «Երբ ես իմ մասին մի բելգիացի լրագրողի պատմեցի, նա չար հոդված տպագրեց: Թե ինչու՝ չհասկացա»: Ես հաստատ բարի բան կգրեմ՝ խոստացա: «Ապրում էինք ֆլամանդական մի գյուղում: Տարբերվում էինք բոլորից: Բայց եւ հպարտ էինք հայ լինելու համար: Դասարանցիներս ծիծաղում էին վրաս՝ Սարաֆյան, ի՞նչ է Սարաֆյանը, քրքջում էին»,- պատմում է նա: Իսկ ի՞նչ է նշանակում Սարաֆյան:

«Նշանակում է ոսկու զավակ»,- ասում է Բարբարան: Ոսկեծի՞ն՝ ուզեցի օգնել թարգմանության մեջ: «Թերեւս: Վերջապես զզվեցինք անընդհատ ձեռքառնոցից ու մեկնեցինք…ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես: Բարեկամներ, ծանոթներ չունեինք: Հաստափոր հեռախոսագրքից առանձնացրինք Սարաֆյան ազգանունով հայերին ու հերթով զանգեցինք: Ծանոթացանք Մեսրոպ քահանա Սարաֆյանի հետ, որն էլ շատ օգնեց մեզ: Հետագայում ծանոթացա հայտնի կինոռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանի հետ. ցանկանում էի խաղալ նրա ֆիլմերից մեկում:

Գեւորգ Մինասյան

Պայմանավորվեցինք նամակով դիմել, գրել որոշ մանրամասներ: Նամակիս պատասխանեց… երկու տարի հետո: Գնացի… չընդունեց: Շատ նախանձ հայ էր… Չընդառաջեց, չօգնեց… Վերադարձանք Բելգիա: Սովորեցի Անտվերպենի կոնսերվատորիայում ու զգացի, որ… ֆլամանդացի եմ: Տարօրինակ զգացողություն ինձ պատեց: Չավարտեցի կոնսերվատորիան: Աշխատանքի անցա գովազդային գործակալություններից մեկում: Ծանր գործ էր: Համառություն էր պետք ինքնահաստատվելու համար: Կոնսերվատորիայում մի լյուքսեմբուրգցի ընկեր ունեի: Ահա մի օր նա զանգեց եւ առաջարկեց նկարահանվել ֆիլմում: Այսպիսով ճանապարհ բացվեց դեպի կինոաշխարհ: Այս ընթացքում առաջարկ ստացա հաղորդումներ վարել հեռուստատեսությունում եւ հեռուստաֆիլմերում խաղալ: Բայց այս երկու ոլորտն էլ ինձ համար նեղ եղան, ինձ չէին բավարարում: Ես ինձ ավելի շատ ու ավելի շուտ արտիստ, դերասան էի համարում: Ես նկարահանվել եմ քսան լիամետրաժ, գեղարվեստական ֆիլմերում: Ունեմ նաեւ «Կաննի» մրցանակ՝ նախատեսված լավագույն դերասանուհու համար (ֆիլմը կոչվում է «Պատահար Մոսկվայում», Մոսկվան նաեւ Գենտի թաղամասերից մեկի անունն է)»: Իսկ ի՞նչ գիտի Հայաստանի մասին: «Թող զարմանալի չթվա, դպրոցի ավարտաճառը գրել եմ Հայաստանի մասին, թեկուզ Հայաստանում չեմ եղել: Ես մեկ քառորդով  հայ եմ. հայրս կիսահայ էր, մայրս՝ ֆրանսուհի: Մեջս հայկական բան կա: Պիտի Հայաստան գնամ, որ ամրապնդեմ հայությունս, որ ազատ շունչ քաշեմ, որ…-  ապա լռում է ու ավելացնում,- գնալու եմ եղբորս հետ»:

Բարբարան ներկայումս նկարահանվում է մի քանի ֆիլմում,  նաեւ մի քանի սերիալներում: Հայկական կինոարվեստին ծանոթ չէ: «Բայց եթե, ասենք, նկարահանման առաջարկ ստանամ Ատոմ Էգոյանից, սիրով կհամաձայնեմ»,- ասում է Բ. Սարաֆյանը: Զրույցի ավարտին խնդրում է մի քանի հայերեն բառ սովորեցնել՝ հաջորդ հանդիպման ժամանակ օգտագործելու համար: Խնամքով գրում է դրանք, մի քանի անգամ կարդում, կրկնում ու պայծառանում՝ ստացվեց:

ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆ

Բելգիայի «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930