Լրահոս
Օրվա լրահոսը

Անկոչ հյուրի սպասելիս

Նոյեմբեր 11,2010 00:00

Լոռու մարզի գյուղաբնակները «հյուրընկալում» են գայլերին ու արջերին

«Գայլերի ախորժակը բացվել է» («Առավոտ», 04.08.2010) հոդվածով արդեն տեղեկացրել ենք Լոռու մարզում պարբերաբար գրանցվող գայլերի հարձակումների մասին: Այժմ դրանք նոր որակ են ստանում: Հիշեցնենք, որ հունիս-հուլիս ամիսներին գայլերը Դարպաս համայնքում 6 ցուլ եւ 4 ավանակ, Նոր Խաչակապ համայնքի բնակչի գոմին կից ցանկապատ տարածքում՝ 4, Քարաբերդում՝ 6 գլուխ ոչխար են հոշոտել: Գայլերը նաեւ քաղաք են մտնում՝ Սպիտակ քաղաքի նախկին «Հայկոոպի միջշրջանային բազայի» տարածքում՝ 44, իսկ սեպտեմբերի 8-ին հրդեհից փախած գայլերի ոհմակը Այգեստան թաղամասում 31 գլուխ ոչխար է հոշոտել: Պարզվում է, գայլերի ախորժակն էլ է ուտելիս բացվում. 2 շաբաթ առաջ Թումանյանի շրջանի Չկալով եւ Ճոճկան գյուղերում գայլերի եւ շնագայլերի ոհմակը ավելի հաճախ է գյուղ մտել, բայց գյուղացիները վնասել են գայլերին, իսկ Որսորդմիությունը 1 գայլ է սպանել: Վերջին 3 ամսում միայն Քարաբերդ համայնքում գայլերի 17 հարձակում է գրանցվել, բարեբախտաբար ոչ միշտ է, որ գիշատիչը ավարով է հեռացել: 3 դեպքում խոշոր վնաս է հասցրել՝ 8 ոչխար, նույնքան խոճկոր եւ 3 հորթ է վնասվել: Հետաքրքրական է, որ գայլը վնասում է նախկին որսորդ Մանվել Ղազարյանի հոտը, 2 տարվա ընթացքում միայն Մ. Ղազարյանից 6 ձի, այս տարի էլ 2 հորթ եւ 8 խոճկոր է վնասել, անցած գիշեր էլ նրա հորթն է կերել: Նախկին որսորդը գայլերի պարբերաբար հարձակումները բացատրում է անտառի եւ այնտեղ բնակվող կենդանիների (ճագար, աղվես) բացակայությամբ.«Հիմա անտառի փոխարեն թփուտներ են, անասունն անարգել գնում է ու չի վերադառնում, հետո հոշոտված գտնում ենք»: Որսորդը լավ գիտի, չպետք է թողնել, որ գայլը անասունի հոտն առնի. «Մինչեւ չտանի՝ չի հանգստանա, մենք պետք է գելին գտնենք ու վնասենք, որ էլ ետ չգա»,- ասում է Մ. Ղազարյանը: Որսորդը բողոքում է նոր կարգից. գյուղի միակ որսորդից, հարկերը ժամանակին չվճարելու համար, տարել են պապից ժառանգություն մնացած որսորդական հրացանը: 
Համայնքապետ Յուրիկ Շավելյանը չի կարողանում զարմանքը թաքցնել, սոված գայլը օրը ցերեկով էլ է գյուղին մոտենում: Չի թաքցնում, որ գյուղացին էլ իր մեղքի բաժինն ունի, հոտը արոտավայրում առանց հովվի թողնում են: «Որ կողքին մարդ լինի, աղմուկ կբարձրացնի, կրակ կվառի, գելին հուշտ կանի: Գայլը կրակոցից վախենում է, բայց ինչքան հրացան կար հավաքեցին-տարան, մի երկու անգամ որ կրակեն՝ գայլը կվախենա ու չի մոտենա»,- ասում է Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը:
Վերջին մեկ շաբաթում որսորդները գյուղի տարածքում շուրջօրյա հերթապահություն են սահմանել, բայց գայլերին չեն գտել, նրանց հեռանալուց հետո գազանը կրկին «հյուր» է եկել. «Գայլը մարդուց խելացի է, վտանգ զգալուն պես թաքնվում է, անակնկալի պետք է բերես,- ասում համայնքապետն ու բացատրում,- ասենք՝ գայլ տեսար, մինչեւ գյուղացին ինձ գտնի, զանգեմ, մարզպետարանից հանձնարարական տան, որսորդները տեղ հասնեն, հո էդքան ժամանակ գայլը չի՞ սպասի»: Համայնքապետի կարծիքով, հետեւողական պայքար է անհրաժեշտ, գայլը մշտապես պետք է զգա վտանգը: Նույն կարծիքին է Լոռու մարզի որսորդների եւ ձկնորսների միավորման նախագահ Ֆրունզիկ Աղաջանյանը: Նրա կարծիքով, պետությունը համապատասխան միջոցներ պետք է տրամադրի, որպեսզի որսորդներին կարողանա գործուղման ուղարկել, քանի որ մեկ այցելությունը շատ թանկ է: Ֆ. Աղաջանյանը նշում է, որ պետությունը 1 գայլ վերացնելու համար 50 հազար, իսկ շնագայլի համար՝ 4 հազար դրամ վճար է սահմանել, սակայն այս տարի խփած 3 գայլի համար գումար չի փոխանցվել: Համապատասխան ֆինանսավորման վճարի դեպքում 2000 որսորդ ունեցող միությունը ամիսը մեկ կշրջի ու նախօրոք կկանխի գայլերի գյուղ մտնելը: «Օրենքով՝ անսահմանափակ կարող ես վերացնել, բայց մեկ փամփուշտը հիմա 400-500 դրամ է, էլ չեմ ասում մնացած ծախսերը, ես ո՞ւմ առանց փողի ուղարկեմ, ես էլ խաթրի եմ գնում, կամ գյուղապետն է ինձ մոտիկ, կամ էլ մարզպետի խնդրանքով եմ գնում»,- ասում է Ֆ. Աղաջանյանը:
Եթե մյուս համայնքներում միայն գայլեր են հարձակվել, ապա Գուգարքի շրջանի Հալավար համայնքում նաեւ արջեր են երեւացել: Մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ (29.10.10) գյուղապետ Սարգիս Հակոբջանյանը դժգոհում էր, որ գյուղացուն գազանի հետ մենակ են թողել, այժմ խուսափողաբար է պատասխանում, թե այս ժամանակահատվածում ինչ քայլեր են կատարվել. «Ահազանգին արձագանքել են, եկել, կրակել-գնացել են, ամեն ինչ լավ է»,- ասում է Ս. Հակոբջանյանը:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը նշում է, որ մարզպետարանը որեւէ գործառույթ չունի, հակառակը՝ բնապահպանի խնդիրն է պաշտպանել բնության յուրաքանչյուր տարրը: Նա խորհուրդ է տալիս արջ տեսնելիս չմոտենալ, թողնել, որ իր ուզած մթերքը տանի ու խաղաղ գնա, հնարավոր է մարդը հրահրի, վիրավորի կենդանուն, որից ավելի մեծ վտանգ է սպասվում: «Ի տարբերություն գայլի, արջը միայն մսամթերքով չէ սնվում, նա կարող է փեթակից մեղր տանել կամ այգուց ու մառանից՝ պտուղ»,- ասում է Վ. Բունիաթյանը: Վերը նշված դեպքերը գյուղապետերը չեն ներկայացրել ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն: Պատճառաբանում են՝ կարիք չկա, Որսորդմիությունը միջոց չունի յուրաքանչյուր ահազանգին արձագանքելու, պետությունն էլ վնասը չի փոխհատուցում: Այնուամենայնիվ, Լոռու մարզային փրկարարական ծառայությունը այցելել է տեղամասեր եւ ուսումնասիրել պատճառները: Ըստ վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի, 2 տարի առաջ կրծողների դեմ պայքարելու համար թունաքիմիկատներ լցրին անտառները, դրա հետեւանքով ոչ միայն կրծողները, նաեւ կենդանական աշխարհը վերացավ, գայլերն էլ սովը հաղթահարելու համար գյուղական տարածքներ մտան: ՀՀ օրենքով արջերի որսը արգելված է: «Արջ սպանելը հավասարազոր է մարդասպանության հոդվածի»,- ասում է Լոռու մարզի որսորդմիության նախագահ Ֆ. Աղաջանյանը: Թեեւ բոլոր պատկան մարմինները հավաստում են, որ համագործակցված պայքար է պետք, սակայն գյուղացին դեռ մենակ է գազանի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել