Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Կիեւյան 14/Ա տան դիմաց 2 տարի առաջ հառնեց «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնի 16 հարկանի, 60մ բարձրությամբ բազմաֆունկցիոնալ շենքը: Շինարարություն իրականացնող կազմակերպությունը հասցրել է արդեն էական վնաս պատճառել Կիեւյան 14/Ա-ի սեփականատերերին: Այս տարվա հունվարի 15-ին շինհրապարակում աշխատող ամբարձիչ կռունկի բազմատոննանոց սլաքն ընկավ բակի 70-ամյա բերքատու ընկուզենու վրա, ինչի հետեւանքով ծառը մեջտեղից կիսվեց, ընկավ հարեւանի բակ: Գոհար Ալեքսանյանի տան, դռների, պատուհանների շրջանակները «Կամազի» մեխանիկական մուրճի հետեւանքով առաջացած վիբրացիայից եւ սլաքի \"\"ընկնելու ցնցումից որոշ տեղերում տեղաշարժվել են:
Ըստ էության վնասվել են տանտերերի գույքը, բակը, ծառերը: Տանտիրուհին՝ Գոհար Ալեքսանյանն ասում է, որ իրենք մշտապես ահուդողի մեջ են, քանի որ քաղաքապետարանի կողմից շինարարության ապօրինի թույլտվության պատճառով ոտնահարվել եւ ոտնահարվում են իրենց իրավունքները: Շինարարները գործում են տան պարսպից 1մ հեռավորության վրա: Նրանք փորել են 20մ խորությամբ հիմք, ինչի պատճառով իրենց տան գինն արժեզրկվել է, կորցրել ապրանքային տեսքը:
Գ. Ալեքսանյանը որոշել է վաճառել իր այդ տունը, սակայն որեւէ մեկը չի ցանկանում գնել, քանի որ 2 տարի է, ինչ շինարարական աղմուկն ու կեղտը ուղեկցում են նրանց, տունն էլ դարձել է վթարային: Տանտերերը չեն կարող ազատ տեղաշարժվել իրենց տան մեջ, ննջասենյակն ու սենյակները շինարարների համար դարձել են դիտահրապարակ: Շինարարներն իրենց հերթին հանվում-հագնվում են տանտերերի աչքի առաջ:
Տանտերերը դիմել են ոստիկանություն, որպեսզի կռունկի սլաքի հասցրած վնասների հետ կապված՝ քրեական գործ հարուցվի, դիմել են դատարան, որ քաղաքապետարանի տված շինթույլտվության որոշումն անվավեր ճանաչվի:
Բնակիչները որքան էլ ասում են, որ կռունկի սլաքը 15 մ-ով դուրս գալով շինարարության անվտանգության գոտիավորված թույլատրելի սահմաններից՝ միշտ կախված է տան գլխին, միեւնույն է, որեւէ մեկը ընթացք չի տալիս հնարավոր զարգացումներին, վտանգներին:
Երեկ մեր տեսախցիկն արձանագրեց շինարարության ողջ ընթացքը, իսկ երբ բակ դուրս եկանք, գլխներիս ընկան նկարում պատկերված մետաղյա ձողերը:
Տանտերերը դատարանից պահանջել էին, որպես հայցի ապահովման միջոց, կիրառվի շինարարական աշխատանքների դադարեցում՝ մինչեւ դատական ակտի կայացումը: Չնայած պաշտոնապես հավաստիացրել էին, թե շինարարությունը դադարեցվել է, սակայն երեկվա դրությամբ այն շարունակվում էր նոր թափով ու ուժգնությամբ: Առանց փոխհատուցման, առանց սեփականատերերի իրավունքների հարգման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել