Գտնում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը
«Հաջորդ խորհրդարանական ընտրություններում պայքարը գնալու է ոչ թե ուժերի, այլ ընտրողի ձայնի՝ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու համար»,- երեկվա ասուլիսում ասաց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Թե ՄԱԿ-ն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու առաջիկա ընտրություններին, նա պատասխանեց. «Քաղաքական կուսակցության ցուցակով կամ քաղաքական կուսակցության հետ դաշինքով: Երկու ձեւաչափից մեկը կընտրենք, երբ մոտենա ժամանակը»: Նրա կարծիքով, այսօր նախընտրական փուլին կեղծ start է տրվել. «Երեւի իշխանություններն ասելու բան չունեն, ու դրա համար հիմա հանրության ուշադրությունը շեղելու նորմալ գործընթաց է ընթանում, ստեղծում են նախընտրական իրավիճակներ ու քարոզչական աշխատանքներ տանում: Ցավոք, հանրությունը նպատակներ չունի ու հայտնվել է շրջապտույտի մեջ, չունի ուղեգիծ, իսկ ՀՀ-ն գտնվում է ոչ թե ուղեգծում, այլ ուղեծրում, անընդհատ պտտվում է ինչ-որ բանի շուրջ»: Նրա համոզմամբ, քաղաքական գործընթացներում պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ բավական է մի սկանդալային բացահայտում, ու կուսակցության վարկանիշը շատ արագ կընկնի. «Թող պարոն Բոստանջյանը ինձ ների (դիմեց բանախոս Վարդան Բոստանջյանին) մի շատ կարեւոր հանգամանք էլ նշեմ՝ արդար ընտրությունների ժամանակ ցանկացած իշխանական լծակ 10-12% առավելություն կտա»: ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ պատասխանեց. «Հանգիստ խոսեք, քանի որ մեր վարկանիշը շատ բարձր է, դրա համար հիմնականում դուք պետք է խոսեք»: Գ. Արսենյանի խոսքով, այսօր Հայաստանում բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ մի քաղաքական կուսակցություն ունի երեք պետական բարձրագույն պոստեր. «Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահների ու կառավարության ղեկավարի պոստ: Այս բացառիկ իրավիճակում Հայաստանը հնարավորություններ պետք է ունենար քաղաքական բացառիկ որոշումներ իրականացնելու, բայց օպոնենտություն չկա»: ԲՀԿ պատգամավորն էլ այլ մեկնաբանություններ չտվեց, միայն նշեց, որ ԲՀԿ-ն ձգտում է 99,99% ձայներ հավաքել: