Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խճճված զուգահեռներ»՝ որպես ռեժիսորի էքսպերիմենտ

Նոյեմբեր 10,2010 00:00

…Երկրորդ համաշխարհայինից ի վեր լուրերի սպասող բարեպաշտ հյուսիսուհու լուսավոր տուն՝ այնտեղ էլ հենց, ինչպես հետո կպարզվի, զոհվել էր նրա ամուսինը, մտնում է փայլկտող հայկական աչքերով եւ իր ամպլուային հարազատ Սերժ Ավեդիքյանը: Դրամատուրգիայի կանոնները հնարավորինս ճշգրիտ պահպանված են՝ մի այլ տղամարդ անճանաչելիության աստիճանի փոխում է նորվեգուհի Հաննայի կյանքը: Դրա հետ մեկտեղ, բայց քառասուն տարի անց, տանջալից մի սիրավեպ է ծավալվում ուսուցչուհու եւ աշակերտի միջեւ, իհարկե՝ անչափահաս: Սակայն իմաստն ամենեւին էլ այն չէ, թե սյուժեներից յուրաքանչյուրն ինչ ավարտի կբերվի՝ արդյո՞ք պտուղը կքաղվի, թե՞ մասնակիցները խելամիտ կգտնվեն:
«Խճճված զուգահեռներ» ֆիլմը ստեղծած Հովհաննես Գալստյանը, թվում է թե, կամենում էր նկարել կինոնկար կանանց մասին, եւ այդպես էլ ստացվեց, այն ամենը, ինչ շուրջբոլորն է՝ օտարամուտ միջավայր է, ոչ ավելին: Սցենարը, որի համար հեղինակներին Լոս Անջելեսի միջազգային փառատոնում գլխավոր մրցանակ էր շնորհվել, իսկապես ճշգրիտ պատկերում է կանացի տվայտանքները՝ հերոսուհիների հոգեկան հավասարակշռությունը խախտած մարդկանց եւ հանգամանքների վրայից շեշտերը ջնջելով: Սյուժեի վրձնահարվածները, երկու դարաշրջաններին վերաբերող թեթեւ ակնարկները (մի կողմից պատերազմը, մյուս կողմից՝ Արցախի ազատագրական շարժման սկիզբը), կանացի հոգեկերտվածքը խթանող տղամարդիկ միայն ընդամենը լրացնում են փառահեղ Սիրի Հելեն Մյուլերի աչքերից թափվող կայծերը: Հաննայի դերակատարուհին անհամեմատ լավ է խաղում ֆրանսուհուց, ով պատահաբար է կինո ընկել եւ պատկերում է այլ հերոսուհու՝ Լաուրային: Թեեւ վերջինս հմայքից զուրկ չէ, բայց նուրբ եւ խորունկ խաղի համար դա բավարար չէ: Մյուլերը, ի տարբերություն Լորենս Ռիտերի (Լաուրա), խաղում է ջերմ եւ տանջալից լարվածությամբ, վարպետորեն հաղորդելով տրտմությունն ու վիշտը լոկ աչքերի շարժումով: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Ավեդիքյանին, ապա… նա, իհարկե, անսահմանորեն լավն է, եւ կինոխցիկը սիրում է նրա առնական սեքսուալությունը, սակայն ուշադրությունից շփացած դերասանը ամեն կադրում ինքնասիրահարվածության է տրվում, եւ նրա յուրաքանչյուր շարժումը, թող որ դա արված լինի ռեժիսորի կամքով, ժամանակակից, լոկալ-հայկական տպավորություն է թողնում թե՛ երգերում, որոնք «ռուս» Առաքելը երգում է Հաննայի տանը, թե՛ իր գերչափազանցված անհանգստության մեջ, երբ Առաքելը նրան ասում է. «Ախր դու ընդհանրապես չես ուտում, դե ուրեմն ինչպե՞ս ես կազդուրվելու»: Թեպետ հասարակայնության կինոգենիկ սիրելիին ամեն ինչ ներելի է:
Գալստյանը, իհարկե, ապրի: Նա լավ թեմա է ընտրել, այն հետաքրքիր մոնտաժել է, մասամբ հագեցրել հասարակության մեջ առկա ծարավը մարդկային կինոյի, որում հերոսները հիմնականում հայերեն են խոսում (հիշենք հիասքանչ 70-ականները տղամարդու եւ կնոջ միջեւ եղած հարաբերությունների հիասքանչ կինովիպակներով՝ «Երջանկության մեխանիկա» այսօրվա կինոգործիչները չունեն): Բայց: Ընդունենք, որ արհեստական երկխոսություններից, եւ, ինչը որ առավել վատ է, կեղծ հնչող խոսքից, ով ասես կսարսռի, մանավանդ՝ խոսքի բարձր ճաշակ ունեցող մարդիկ: Հասկանալի է, որ հայկական բեմականացումներում ապրիորի շատ դժվար է գտնել ոսկե միջինը, որում անպարսավելի գեղարվեստական խոսքը իդեալականորեն ներդաշնակվի խոսակցականին, որ հնչում է ողջ մարդկանց, այլ ոչ թե զտած հայերի շուրթերից: Արդեն հարազատ դարձած «Խճճված զուգահեռներում» նույնիսկ պատանի հարեւանուհին՝ կասկածելի ինտելեկտուալ զարգացմամբ մի աղջիկ հնչում է այնպես, ասես թե նա հիմա-հիմա կբարձրանա ամբիոն, որպեսզի արտասանի դասականների անգին տեքստերը: Պահանջը ոչ միայն առ այն է, թե ինչպես է ձեւավորվել տեքստը (հերոսների բացատրվելու չարդարացված ոճին հավելեք բավական տաղտկալի երկխոսությունները): Դերասաններն ամբողջությամբ, եւ հատկապես երիտասարդները, կադրից դուրս անհստակ ու անհամ են: Այնինչ՝ ձայնավորումը, նայեք հայրենական կինոյի անցյալին, կարող է ուժեղ գործիք լինել դերասանի համար, եւ դրա հանդեպ անփույթ վերաբերմունքը նվազագույնը երկու անգամ թուլացնում է դերասանական աշխատանքի տպավորությունը: Բանը նույնիսկ միայն առ աշխատանքը վերաբերմունքը չէ, տխուր է, բայց այժմյան դերասանները բավականաչափ թույլ են նրանցից, որոնց ընդունված է դասականներ կոչել: Նրանք լավ չեն տիրապետում ձայնին, թույլ են տանում դերը, եւ մեկումեջ խարիզմա ունեն, որը, հաջողության դեպքում, կարող է կոծկել պրոֆեսիոնալ բացերը:
Եվ վերջինը: Սակայն ռեժիսորը խճճում է զուգահեռները չտեսնված համառությամբ, շատ աչքի ընկնող ձեւով (ինչպես, օրինակ՝ այն տեսարանում, որում Նարեկը դանդաղ, ասես հիմա սենյակից դուրս կգա ինքը Գալստյանն ու կասի՝ ապրես, տղա, մի շտապիր, ես նկարահանում եմ, գլուխը հակում է, որ քթից արյուն բերի), այնպես, որ մենք, դահլիճում նստած, հստակորեն տեսնում ենք սեփական գյուտերն ու դասականների փորձի մզումը խճանկարի բերելու նրա ջանքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել