Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռագի՞ր, թե՞ ինքնասիրահարվածություն

Նոյեմբեր 10,2010 00:00

Սեփական անձի արժանիքները գնահատելը վատ չէ, բայց երբեմն կարելի է հանդիպել ինքնամեծար մարդկանց, հատկապես մշակույթի ոլորտում: Լինում են նաեւ դեպքեր, երբ մշակույթի գործիչը ինչ-որ գործ ստեղծելիս փորձում է իրեն տեսնել դրա մեջ: Այսպիսի դեպքերում երբեմն հեղինակը կարող է չնկատել, թե ինչպես հատեց որոշ սահմաններ, օրինակ՝ ինքնագնահատականի սահմանը: Այն սահմանը, որը հեղինակը պետք է գտնի իր ստեղծագործական ուղու ընթացքում: Ցանկացած հեղինակ պաշտպանվելու համար կարող է ասել, թե իր աշխարհընկալումն այդպիսին է, թե ինքը չի հետեւում քարացած կանոնների եւ այլն: Երբ ֆիլմի որոշ հատվածներ խանգարում են հանդիսատեսին, այդ դեպքում խոսքը գնում է ոչ թե քարացած կանոնների կամ նորարարությունների մասին, այլ՝ սխալ հաշվարկների:
Նման երեւույթ, օրինակ, նկատել եմ Վիգեն Չալդրանյանի նկարահանած վերջին՝ «Մաեստրո» ֆիլմում: Հենց առաջին կադրերից երեւում է ֆիլմի ռեժիսորը՝ Վիգեն Չալդրանյանը: Եթե նախորդ ֆիլմերում նա իրենց հատկացնում էր որոշ դերեր, ապա այստեղ տպավորություն է ստեղծվում, որ ոչ մի հարմար դեր չի գտել իր համար, որոշել է մի նախադասություն ավելացնել ու ժամանակ առ ժամանակ դա ասել: Եթե այդ նախադասությունն ասեր մի այլ անձ կամ գլխավոր հերոսը, կամ մի այլ հերոս, գուցե դա ֆիլմին ավելի խորը բովանդակություն հաղորդեր: Եթե ֆիլմը դիտի որեւէ արտասահմանցի, գուցե նա չիմանա, թե ով է խոսողն ու նրան հետաքրքիր թվա: Բայց քանի որ արվեստը սահմաններ չունի, դրա համար ֆիլմը նաեւ ներքին լսարանին է ուղղված, իսկ ներքին լսարանում, կարծում եմ, շատ քչերը կլինեն, որ չեն ճանաչի Վիգեն Չալդրանյանի արտաքինը:
Իմ կարծիքով, ֆիլմի հատվածներն ու մանրուքները պետք է համաձայնեցված լինեն, անկախ տեւողությունից, ժանրից, ձեւաչափից… Նույնիսկ նախորդ դարի՝ առանց սյուժեի հռչակված ու դասական կինոյին հակադրվող ֆիլմերում կարելի է նկատել անկապակցված թվացող մասերի ու կադրերի համաձայնեցվածությունը կամ հակադրված համաձայնեցվածությունը: Վավերագրական ու խաղարկային կադրերը հետաքրքիր ձեւով էին միահյուսված: Հեղինակը կարողացել է փաստագրված կադրերն այնպես միահյուսել, որ դրանք զգացմունքային ազդեցություն թողնեն դիտողի վրա: Ավելի ճիշտ՝ հեղինակի հոտառությունն իրեն չի դավաճանել, ցանկացած կոնֆլիկտային նյութ հետաքրքիր է դիտել: Բայց երբեմն խաղարկային կադրերի ներսում անհամաչափություններ կան, hամենայնդեպս՝ ինձ այդպես է թվացել: Ամենավառ օրինակը՝ վերջին հատվածում մարմնավաճառի հետ տեսարանը: Այն ստեղծագործական որոշակի խնդիր է լուծում, դրա համար դրա առկայության վերաբերյալ խոսելն անիմաստ է՝ սցենարական որոշում է: Բայց, կարծում եմ, սցենարը ֆիլմի վերածելիս որքան էլ փորձել էին մնալ էթիկայի սահմաններում՝ մի քիչ չափն անցել էին: Հետաքրքիր էր, որ հերոսը դիտարկվել էր տարբեր տեսանկյուններից, այսինքն՝ հեղինակը հանդիսատեսի համար բացահայտել էր հերոսին: Այլ հարց է, որ որոշ դրվագներ այնքան էլ համոզիչ չէին, ու դա գլխավոր հերոսի դերակատարի՝ Միքայել Պողոսյանի պատճառով չէր: Չեմ ուզում խոսել ֆիլմի ասելիքի մասին՝ դա յուրաքանչյուր դիտող ինքն է իր համար որոշում: Ինձ անհանգստացնողն ու խանգարողը ֆիլմը դիտելիս հիմնականում հեղինակի ինքնարտահայտման ձեւն էր: Վիգեն Չալդրանյանին առաջարկում եմ հաջորդ ֆիլմում ոչ մի կադրում անձամբ չերեւալ, ու փորձել ասելիքը հանդիսատեսին հասցնել այնպես, որ դիտումից հետո մարդիկ չասեն՝ «ապրի Չալդրանյանը», ոչ էլ ասեն՝ «նորից իրեն էր գովազդում»: Այլ միայն խորհեն ֆիլմի առաջադրած խնդիրների շուրջ: Եվ հույս ունեմ, որ ֆիլմի հեղինակը կընդունի այս նյութը ոչ թե որպես «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ», այլ մի հասարակ ուսանողի կարծիք՝ ուղղված հասարակ մի ռեժիսորի, ով դեռեւս պետք է նկարահանի իր կյանքի գլուխգործոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել