Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԻՑ» ԱՅՍ ԿՈՂՄ

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը առաջին անգամ տեսել եմ «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Սկզբից խոսեց Հեղինակը, հայտնեց իր մտերիմների կարծիքը ֆիլմի մասին: «Քո ֆիլմից թրիքի հոտ է գալիս»,- այսպիսի հավաքական տեսք էր ընդունել ընկերական շրջապատի վերաբերմունքի հանրագումարը: Ես դա վերագրեցի ռեժիսորի համեստությանը եւ, ինչպես միշտ նման վիճակներում, անհամբերությամբ սպասում էի ֆիլմի ցուցադրությանը: Հետո հնչեցին բառեր, որոնց դեռ կանդրադառնանք: Ֆիլմը դիտեցի…
Չվստահելով սեփական կարծիքին, «Կինոաշուն» փառատոնի ժամանակ մեկ անգամ էլ որոշեցի ստուգել տպավորություններս:
Զանգվածային հանդիսատեսի հավաքական ճաշակը ժամանակին համընթաց ենթարկվում է փոփոխությունների: Նկատվում է, որ միջազգային կինոաշխարհը վերջերս ողողված է ֆիլմերով, որտեղ գլխավոր հերոսները ամեն ինչ են, բացի նորմալ մարդ լինելուց: Աուտիստները, հոգեկան խանգարումներ ունեցողները. խելագար հանճարները ունեցան եւ՛ փառատոնային, եւ՛ դրամարկղային փայլուն հաջողություններ: Ռադիկալ ֆրեյդիզմի կինոշքերթին համարյա հավասար էկրան են բարձրանում կենդանական աշխարհի ներկայացուցիչները՝ գլխավոր հերոսի դերում: Նրանց միջոցով ֆիլմերի հեղինակները բարձրացնում են հիմնականում մարդկային հարաբերությունների հարցեր: Այդ ֆիլմերը սովորաբար ունենում են երջանիկ կամ առնվազն տանելի ավարտ: Բայց այդպես լինում է այնտեղ… Իսկ այստեղ… այստեղ ամեն ինչ այլ է:
(Ես մի բան եմ նկատել: Երբ բարի մարդը ուզում է դաժան բան պատկերել, ստացվում անտանելի դաժան):
Եվ ահա, հանդիսատեսին է մատուցվում մի գոմեշի պատմություն, որի կյանքի ոլորաններն ու վախճանը վառ բացահայտում են մարդ էակի ստեղծած աշխարհի աններդաշնակությունը եւ բնության կողմից օտարացված լինելը:
Գաղափարը պարզ ու հետաքրքիր է: Միջոցներն էլ, զգացվում է, պատկանում են փորձառու, միջազգային կինոհանրության կողմից ճանաչված, տաղանդավոր ռեժիսորին: Գյուղացի մարդիկ կարծես աշխատում են, մաքառում գոյության համար, տանջվում, տառապում են… Միեւնույն է, կարեկցում ես միայն գոմեշին եւ անհաղորդ ես մնում տգեղ կենցաղով ապրող տգեղ մարդկանց անցուդարձին: Կարեկցում ես գոմեշին, որովհետեւ միայն նա է անձնավորված ֆիլմում, ունի դեմք, հայացք ու նպատակ: Նա միայնակ է եւ՛ ցեղակիցների հոտում, եւ՛ ան-ասուն, անբարբառ կենդանու նկատմամբ անխիղճ մարդկանց շրջապատում: Գուցե հենց այդ է ռեժիսորի նպատակը: Այդ դեպքում ֆիլմի «Սահման» անվանումը երեւի ավելի խորն է, քան կարելի է եզրակացնել սահմանի փշալարերում գոմեշի խճճվելու ու վախճանվելու հանգամանքից ելնելով: Ըստ իս, այստեղ ռեժիսորը խոսում է այն անտեսանելի անջրպետի… ոչ, ռազմական տերմին օգտագործեմ՝ ճակատի մասին, որը յուրաքանչյուր մարդու հոգին բաժանում է լուսավոր ու սեւ մասերի: Այդ սահմանի վրա է լույսը այսօր տանուլ տալիս ստվերին: Ես տեսնում եմ դա ամենուրեք: Դրա համար, երբ գոմեշը փախչում է անմխիթար, մութ, խոնավ, գարշահոտով պատված կյանքից, իր անխուսափելի մորթի հեռանկարից, իսկ «բնության պսակի» կոչումը զավթած մարդը՝ փայտը ձեռքին հետապնդում է նրան, ես ամբողջ հոգով ուզում էի, որ գոմեշի փախուստը հաջողվի… Նույնչափ երազում էի, որ վազող մարդու ոտքը սայթաքի, նա ընկնի ու գլուխն էլ քարով տա: Իսկ երբ նա, այնուամենայնիվ, հասնում է գոմեշին ու սկսում փայտով ծեծել, ասես ինձ էր ծեծում:
Այդ բանը կատարվել է ռեժիսորի անբեկանելի տրամադրությամբ, որը մոտավորապես հետեւյալ տեսքն ունի. որքան տգեղ, որքան ցավոտ, որքան դաժան՝ այնքան լավ… Ո՞ւմ համար: «Նրանց», հեռավոր հանդիսատեսի համար:
Այս մոտեցումը գուցե եւ վիճահարույց է, սակայն գոյության իրավունք ունի: Թողնենք ընտրության խնդիրը ստեղծագործողի խղճին: Գուցե կինոն արդեն ա՞յլ նպատակների է ծառայում, ասենք՝ երկրի հեղինակությունը բարձրացնելու կամ մի ուրիշ: Գուցե:
Բա մե՞նք, այստեղ ապրող մարդիկ հաշվի մեջ չենք մտնո՞ւմ: Մեզանից ո՞ր մեկը կարիք ունի այսպիսի ֆիլմի: Վստահ կարող եմ հայտնել. դա ես չեմ, իմ ընկեր-ընկերուհիները չեն, ինձ ծանոթ ուսանողությունը չէ: Ընտանիք-բարեկամ-ազգականներն էլ չեն: Դիտումից հետո նայում էի շուրջս… Առանձնակի խանդավառություն չէր նկատվում, իսկ ծափահարությունները ավելի շուտ հարգանքի տուրք էին վաստակաշատ կինոգործիչ Հարություն Խաչատրյանին: Հետո հիշեցի նախաբանում թվարկված հեղինակավոր փառատոները, որտեղ այս ֆիլմը շահել է մրցանակներ եւ հասկացա… Հասկացա, որ մենք, հայերս չենք ռեժիսորի հանդիսատեսը: Այն մարդիկ, ում համար նկարահանվել է «Սահման» ֆիլմը՝ այստեղ չեն, նրանք ապրում են շատ հեռու եւ «երրորդ աշխարհ» կոչվող երկրների ծանր ու անապահով կյանքը պատկերող կտավներին բարձր գնահատական են տալիս: Որովհետեւ «նրանց» բարձր գնահատական տալը դա բարեկեցիկ ու ապահով ապրող մարդկանց ապաշխարանքի ձեւ է՝ իրենց իսկ բարեկեցության ու ապահովության համար: Հիմա ինձ համար ինչ-որ բաներ պարզ դարձան: Հուսանք, որ «Սահման» կինոֆիլմի նման ժապավենները այնքան կբարձրացնեն մեր երկրի միջազգային վարկանիշը, որ հայրենի հանդիսատեսի կորուստը արդարացված կդառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել