Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տխուր փողոցի լուսաբացը կամ աշխարհի ծուռ հայելիները

Նոյեմբեր 10,2010 00:00

…Այո, դեռեւս 1928թ., սկսած Աբովյանից, բոլորս օրհնում ենք էն սհաթը, երբ ռուսի ոտքը մտավ մեր սուրբ երկիրը: Բոլորս ենք մեր մեծերից բավականին հաճախ լսել սովետի՝ Հայաստանի կյանքում ունեցած մեծ կարեւորության, նշանակության, օդ ու ջրի պես անհրաժեշտության մասին: Ապրելով սովետական տարիներին խաղաղ ու անդորր, հանգստանալով Կիսլովոդսկում, Ադլերում, ունենալով սննդի անվերջանալի պաշարներ՝ 2 ռուբլիանոց միս, 30 կոպեկանոց հաց, դժոխային վիճակում հայտնվեցինք, երբ անկախացանք, երբ Լենինի արձանը իջեցրինք հրապարակի պատվո պատվանդանից (արձանը ձուլելով կամ ուղղակի նետելով), երբ Ռուսաստանը իր «հայրական ձեռքը» վերցրեց մեր վրայից (քանի որ ինքն էլ թուլացել էր):
Սկսվեց պատերազմ՝ սով, հացի ու նավթի հերթեր, ընտանիքներ, որ փորձում են փրկվել՝ երկրից գնալով, կամ իրենց զավակներին փրկել՝ երկրից դուրս հանելով: Մոր երբեմնի խաղաղ, հիմա անհանգիստ սիրտ, ռազմաճակատից խաղաղության լուրի, հաղթանակի սպասողներ ու այդ հաղթանակը բերող նվիրյալների դիեր…
Բացվում է փողոցի լուսաբացը հայրենիքից զրկված պառավի տխուր երգով, որը ինչ-որ տեղ նաեւ պայքարի կոչ էր: Եվ այդ կոչը գտավ իր տիրոջը:
Արսենը պատերազմ գնաց կամավոր՝ երիտասարդների, որոնք նոր- նոր էին կյանք մտել, թողած տուն, մայր, սիրած կին, ուսանողական նստարան եւ ավելի հասունների հետ, սակայն նրանց բոլորին էլ բաժին ընկան ծանր ժամանակներ, երբ կյանք հրամայականը պայքարն էր թշնամու դեմ, երբ տնքում էր հայրենի հողը թուրքի արկերի պայթյուններից:
Մկրտչյանական ոճին բնորոշ խոհերի ծանրություն, ցավագին հարցականներ ու հայի մեջ բարձրացող արյան ձայն՝ հուշող, որ պապերի հողի վրա պետք է կանգնել տիրոջ իրավունքով:
Ֆիլմի սկզբում մսավաճառը, Հովհաննեսն ու մի խումբ մարդիկ ընկած են շան հետեւից, որը մսի մի հսկայական կտոր բերանին՝ փախչում է: Հասկանում ենք, որ ինչ-որ մեկը մեզնից խլելով մի կտոր հող՝ հոշոտում է, եկեղեցին էր քանդում, քարե սպանդ կազմակերպում այնպես, ինչպես շունն է հոշոտում միսը:
Քրիստոնյա Հայաստանը մեծապես զգում էր ազգային ավանդների ու արժեքների հանդեպ մեծագույն նվիրվածություն ունեցող որդիների կարիք, որոնք զենքը ձեռքներին, օրհասի պահին, ոտքի կկանգնեն պաշտպանելու իրենց հողը, հավատն ու հայրենին, ինչպես Մկրտչյանի հերոսը:
Ռեժիսոր, դերասաններ, որոնք այս ցավը անմիջականորեն վերարտադրել են կամ ֆիլմում վերապրել՝ հանդիսատեսին ստիպելով իրենց ապրումակցել:
Ահասարսուռ տեսարաններ, վշտի ու ցավի նմանօրինակ դրսեւորումներ, որոնք ստիպում են քարացած ու լարված հետեւել ողջ ֆիլմին, փառք տալ Աստծուն, որ ծնվել ես մեր օրերում, որ ապրում ես մեր երկրում՝ ուր խաղաղություն է, միգուցե ժամանակավոր, ուր անկախություն է եւ այսպես կոչված դեմոկրատիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել