Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Բաբայանի ծուռ հայելիների թագավորությունում

Նոյեմբեր 10,2010 00:00

Ցնցված եմ… Հիացած, զմայլված… եւ այլն: Ինչպիսի անտուրաժ, գույներ, տեսարաններ, պալատներ, պողոտաներ, դերասանական համաստեղություն: Ամեն ինչը այնքան շատ էր, որ ստիպված եմ շարունակել. գիտակցական եւ ենթագիտակցական «իզմ»-երի ընտրանի, կերպարների պանօպտիկում, դեմքերի կունստկամերա, համակարգչային, օպերատորական, ռեժիսորական հնարքների զանգվածային համազարկ, լույսի ու ստվերի բացառիկ սիմֆոնիզմ, զգեստային հրավառություն, սիտուացիաների խելագարություն, սիմվոլիզմի տանելի մշուշ, էրոտիզմի չափավոր թմբիր… Եվ, իհարկե, հայ ստեղծագործ մտքի ալֆան ու օմեգան. Աստվածաշունչ: Վստահ եմ. առանց Սուրբ Գրքի հայ արվեստագետը տնից դուրս չի գալիս:
Իսկապես հիացած եմ, թե ինչպես էր հնարավոր մարդու բազմապերսոնաժ էակ լինելու հանրահայտ փաստին վերաբերող Պերճ Զեյթունցյանի սրտացավ մտորումներից պատրաստել օլիգարխիկ հարսանյաց բազմահարկ տորթ՝ Արարատի ֆոնի վրա:
Մյուս կողմից, երբ պատկերացնում եմ, թե ինչպիսի աշխատանք է թափվել «Մի նայիր հայելուն» կինոժապավենի ծննդյան զոհասեղանին, ուզում եմ, այնուամենայնիվ, հարգանքի խոսք հղել ստեղծագործական խմբին: Բրավո, անզուգական է:
Ինչ խոսք, հայելին շատ վաղուց ներառված է միստիկ առարկաների ցուցակում: Մենք իսկապես հայելում տեսնում ենք այլ չափողականությանը պատկանող արտացոլում: Այդպես էլ ապրում ենք, ինքներս մեզ չճանաչելով՝ ե՛ւ արտաքուստ, ե՛ւ ներքուստ: Եվ ոչինչ, հաճախ նույնիսկ երջանիկ ենք լինում: Ողբերգությունը այդտեղ չէ թաքնված: Ողբերգությունը բխում է անձի պատկերացումների եւ իրականության, հավակնությունների եւ կարողությունների բախումից: Ողբերգություն չասենք, անվանենք իրավիճակը դրամատիկ, երբ ստեղծագործական լաբորատորիայի հայելին ճանապարհ է բացում դեպի թվացյալ ամենաթողության պատրանքը: Այստեղ է սկսվում միանձնյա աղանդավորության փակուղին: Սուրեն Բաբայանի ֆիլմի մասին կարելի է լուրջ խոսել միայն այն տեսանկյունից, որ կինոարվեստը գեղեցկությունների, ճշմարտանման երկխոսությունների, կատարողական ծամածռության համագումար չէ: Դրան գումարեք նաեւ երաժշտական ցնորք, եւ կինոպսիխոզի նկարագիրը կընդունի ավարտուն տեսք: Ի դեպ, ֆիլմի սկզբից մինչեւ վերջ ինձ հետապնդում էր մի կասկած, որ երաժշտությունը մի ուրիշ ֆիլմի ֆոնոգրամա է, որը սխալմամբ «կպցրել են» այստեղ:
Գուցե ես սխալվում եմ, բայց առայժմ գոյություն ունեն «գեղարվեստական ֆիլմ» ձեւաչափի հստակ օրենքներ, որոնց խախտումը նույնպես ենթակա է ժանրի ընտրության, սյուժետային անհրաժեշտ զարգացումների, մոտիվացիոն հստակության, հոգեբանական ճշգրիտ հաշվարկի խստագույն դրույթներին: Սույն գրվածքի առարկա դարձած ֆիլմում տիրում է Դոստոեւսկու կողմից բանաձեւած «ամեն ինչ կարելի է» անարխիայի փոթորկալի մթնոլորտը: Վերջիվերջո, նույնիսկ «սյուռին կպնող» ֆիլմում պետք է լինի գոնե մեկ հմայիչ կերպար, ում ճակատագիրը հետաքրքիր կլինի հանդիսատեսին: Այս տեսակետից «Մի նայիր հայելուն» ժապավենը եզակի է. այն բնակեցված է բացառապես քստմնելի կերպարների ոհմակով, բորենու խառնվածքով Հերոսի գլխավորությամբ, եւ նրանք զգալի հաճույքով ուտում, խմում ու շնանում են: Փոխանակվում են ինչ-որ խորհրդավոր հայացքներով, պարում են, ջութակ ու այլ նվագարաններ տանջում: Դա դեռ ոչինչ, դրան մեզ արդեն սովորեցրել են: Բայց զուգահեռ նրանք նաեւ փիլիսոփայում, են… Իսկ դա արդեն անտանելի է:
Բացառությամբ՝ Երվանդ Մանարյանի լուսանկարիչը: Արեւի ճառագայթ՝ գժանոցի խցում:
Դժբախտաբար, ընդհանուր խայտաբղետության եւ դերասանների ինտոնացիոն անհեթեթության հորձանուտում մնացին խեղդված Պերճ Զեյթունցյանի հեղինակային խոսքը, սրամիտ երկխոսությունները, անսպասելի զվարճալի իրավիճակները, սյուժետային ելեւէջները: Որովհետեւ, կրկնում եմ, կա օբյեկտիվ օրինաչափություն… «գեղեցիկությունները» ու ծամածռությունները սովորաբար ի հայտ են գալիս ստեղծագործ «Ես»-ի հավակնությունների հողի վրա:
Մի՞թե Սուրեն Բաբայանի պես հիրավի տաղանդավոր ռեժսորը չէր տեսել Պերճ Զեյթունցյանի առաջ քաշած գաղափարի գողտրիկ, խելացի, համեստ ու հմայիչ իրականացման ճանապարհը: Պետք չէ վազել շոգեքարշի առջեւից, երկար, միեւնույն է, չես դիմանա, կանցնեն վրայովդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել