Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԳԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"«Art-house»՝ հասկացություն, որը կինոիրականություն մտավ մոտ տասը տարի առաջ եւ վերաճեց գնահատականի, ասենք՝ «կինո՝ ոչ բոլորի համար»: Գնահատական, որը թվում է ցանկացած արվեստի տեսակի համար պիտի անընդունելի լիներ: Բայց, ինչպես պատմությունն է վկայում, կինեմատոգրաֆիայի դեպքում հակառակը ստացվեց, եւ այսօր այդ հասկացություն-գնահատականը կինոն փակուղու առաջ է կանգնեցրել, զրկել նրան զարգանալու հնարավորությունից: Փառատոնային եւ էքսպերիմենտալ կինոն է այսօր դոմինանտն ու էլիտարը եւ որքան անհասկանալի ու անտրամաբանական, այնքան ավելի էլիտար: Այդ հասկացությունները փոխարինեցին հեղինակային կինոյին, խեղաթյուրեցին դրա մասին պատկերացումները: Այն, ինչն այսօր համարվում է հեղինակային կամ «Art-house»-ային, ոչ մի աղերս չունի այն իրական կինոարժեքների հետ, որոնք եղել են եւ արդի են մինչ օրս: Հեղինակային կինոյի ներկայացուցիչը երբեք աշխարհի, իրականության մասին պատկերացում կամ կարծիք չի հաղորդել՝ բավարարվելով սեփական պատուհանի տրամաչափով: Հենց հեղինակային ֆիլմերն են ամենաընդունվածը եղել հանրության կողմից եւ դրանով իսկ ամենաէլիտարը, քանի որ հուզել են, արվեստասերի հետ դիալոգի մեջ մտնելու կարողություն են ունեցել: Դրանք չեն սահմանափակվել հեղինակի ինքնաբավարարվածությամբ, ընդհակառակը՝ հեղինակն այնքան վեր է եղել այդ նարցիսիստական նկրտումներից, որ կարողացել է սեփականը, անձնականը վերածել համամարդկայինի:
Համամարդկային նշանակություն ունեցող կինո, միտք, որը մերօրյա սերնդի համար այնքան անհասկանալի է, որքան կինոթատրոնի առաջ գոյացած երբեմնի հերթերի մասին վկայությունները. բայց չէ՞ որ դա հորինվածք չէ: Պարզապես այսօր հեղինակային կինո ասվածը դարձել է թաքստոց, որտեղ շատերը քողարկում են իրենց անտաղանդությունն ու ապաշնորհությունը: Իսկ դա նրանց համար իրական գտածո է, չէ՞ որ հետո կարող են հանդես գալ հավակնոտ կոչերով, թե իրենց արվեստի գործն այնքան էլիտար է, որ իրենց չեն հասկանում եւ իբրեւ ապացույց ներկայացնել մի քանի խիստ կասկածելի կինոփառատոների խիստ կասկածելի մրցանակներ: Ամենացավալին այն է, որ այդ «էլիտար» գործերը, չգիտես ինչու, հիմնականում արարվում են մեր՝ ոչ էլիտար մասսայի, վճարած հարկերով:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն» ծրագիրը եւս մի հարմար առիթ էր, հասկանալու համար, թե ինչեր ենք ունեցել եւ այսօր ինչի հետեւից ենք ընկել: Եվ շատ տրամաբանական է, որ այդօրինակ նախաձեռնությունները պիտի չունենան համպատասխան աջակիցներ, քանի որ այն դեմ է համաշխարհային գլոբալիզացման այն հստակ քաղաքականությանը, որի հիանալի ձեւակերպումը տվեց կինոգետ Ս. Հասմիկյանը՝ «դեբիլիզացում»:  
Իհարկե, այն բոլոր ֆիլմերը, որոնք էլիտար պիտակն են կրում, հիանալի կայանալու առիթ են ցանկացած սկսնակ կինոգետի կամ լրագրողի համար: Իսկ երիտասարդ կինոգետի համար գրել ժամանակակից հայկական որեւէ կինոյի մասին, չհետապնդելով նշված ճանապարհով կայանալու նպատակ, հավատացեք, շատ դժվար է: Ուստի ոչինչ չի մնում անել, քան ափսոսալով կորցրածի համար՝ բավարարվել եղածով:
Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը հայկական ժամանակակից այն եզակի կինոնկարներից է, որը մահացած չէ: Նրա հերոսներն ապրում են: Այդ ֆիլմն ունի հստակ բնավորություն, որով կարելի է հիանալ, որից կարելի է, նույնիսկ, զզվել, բայց ոչ մի կերպ չմնալ անտարբեր: «Մի նայիր հայելուն» ֆիլմն այսօրվա իրականության հանրագումարի եւ կորցրած կամ վաճառած հոգեւոր ու մշակութային արժեքների ողբի պատմությունն է:
Ֆիլմը նկարահանվել է 2008թ.-ին, ըստ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վիպակի մոտիվների: Քանի որ, հենց ինքը՝ Ս. Բաբայանը մի առիթով ասաց, որ Զեյթունցյանի վիպակից անփոփոխ է մնացել միայն խորագիրը:
Մեր ժամանակակից Հերոս անունով գլխավոր հերոսը (Ժան-Պիեր Նշանյան) ունի նկարչի կրթություն, բայց այժմ բնորդ է եւ գոյատեւում է՝ նախնիների ժառանգությունը վաճառելով: Նրա կյանքը հիմնովին փոխվում է, երբ վաճառում է մի քանի դարերի ժառանգություն-սրբապատկերը: Հերոսի անձը երկփեղկվում է, կորցնում կապն իր էության հետ: Նույնիսկ հայելու մեջ նա տեսնում է անծանոթ մարդկանց, որոնք, պարզվում է, իր էության բազմակի անձնավորումներն են: Նրանք անցյալի պարտադրանքով գլուխ են բարձրացրել՝ ժառանգություն-ավանդույթներից հրաժարվող Հերոսի վարմունքը գնահատելու:
Ֆիլմը զուտ անհատի բազմաեսության երեւույթի մասին հեղինակի դիրքորոշումն արտահայտելու միտում չէ, այն ավելի սուր թեմաներ է արծարծում: Նկարիչ, որ գոյատեւում է սկսնակ նկարիչների համար բնորդ աշխատելով: Անհատականություն, որ իրականության հոլովույթում կորցրել է իրեն: Անհատի-ազգի գենետիկ պատմության համար կարեւոր մշակութային արժեքներ, որոնցից հրաժարվելը մեր օրերում վախենալու չափ հեշտ է դարձել:
Այդ խնդիրներց շատերը, որ հետապնդվում են «Մի նայիր հայելուն» ֆիլմում, եկել են Ս. Բաբայանի նախորդ՝ 2004 թ.-ին նկարահանած «Ժանո» ֆիլմից՝ որից «Մի նայիր հայելուն»-ն ունի ակնհայտ հղումներ: Ժանոն, որի դերում եւս հանդես էր գալիս հիանալի դերասան Ժան-Պիեր Նշանյանը, լուսանկարիչ եւ օպերատոր էր, ով, սակայն, ապրում էր հարսանիքներ եւ հուղարկավորության արարողություններ նկարահանելով: Մի օր՝ իրականությունից խռոված Ժանոն, որոշում է լքել այդ իրականությունը՝ տարածելով իր վաղաժամ մահվան կեղծ լուրը: Ժանոն, ինչպես եւ Հերոսը, բռնում է ինքնաորոնման ճանապարհը: Այդ ընթացքը յուրատեսակ պայքար է երկու ֆիլմերում էլ, պայքար հերոսների էության ներսում եւ իրականության հետ: Եթե էության հետ պայքարը ինքնագտնման փորձ է, ապա իրականության հետ նրանց պայքարը դեռեւս երկու ֆիլմերում էլ անհասկանալի է: Քանի որ նրանք էլ տվյալ իրականության գոյության փաստացի մեղավորներից են, ամեն մեկն իր չափով ու յուրովի: Բայց հետաքրքրականն այն է, որ երկու ֆիլմերում էլ, մինչ ավարտը՝ հակառակ ստեղծված արատավոր իրականության պատկերին, երկու հերոսներն էլ մնում են անմեղ ու մաքուր, ինչպես հեքիաթներում:
Թեեւ «Ժանո» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերն առանձին ամբողջական ստեղծագործություններ են, այդուամենայնիվ, կարծում եմ, կունենան իրենց ամփոփումը Բաբայանի հաջորդ ֆիլմում եւ կստեղծվի մեր իրականությանը նվիրված կինոեռերգություն:
Թեեւ հստակ են ու արդիական այն խնդիրները, որոնք արծարծվում են հեղինակի կողմից «Մի նայիր հայելուն» ֆիլմում, բայց, այդուամենայնիվ, չես կարող այն անվանել ֆիլմ, որում առաջնայինը «ինչի մասին»-ն է: Քանի որ վերջինիս դրամայի կենսանյութը սկիզբ է առնում գաղափարի եւ կառուցվածքի յուրատեսակ պարադոքսից. հեղինակը իրեն հուզող գերիրական խնդիրները ներկայացնում է հրաժարվելով ռեալիստական կինոլեզվից եւ տեղիք է տալիս իրականությանն ակտիվորեն բացառող ֆանտաստմագորիային, ինչը ֆիլմի ավարտին հատում է ուտոպիայի սահմանները: Այսինքն՝ ֆիլմը կառուցված չէ պարզապես անհատի ինքնակորստի դրամայի վրա, որի մասին բազմիցս խոսվել է եւ այսօր արդեն հնացած թեմա է: Այն որ արդիականության մեջ գոյություն ունեցող խնդիրների վերհանման համար ֆանտաստիկան ամենախոսուն տարբերակներից մեկն է, դա էլ վաղուց հայտնի է, եւ այն եւս Ս. Բաբայանի ֆիլմի առաջնային արժեքը համարելը սխալ կլինի: Ֆիլմում գործողություններն ուղղակիորեն տեղիք են տալիս հորինված իրականության մթնոլորտին: Իսկ այն, որ Սուրեն Բաբայանն իրեն հատուկ՝ հեղինակային կինոմթնոլորտ ստեղծելու վարպետ է, վստահ կարելի է ասել եւ ավելացնել, որ հենց դրանում է բաբայանական կինեմատոգրաֆիայի մագիան: Այդ մթնոլորտի արդյունքում էլ «Մի նայիր հայելուն» ֆիլմը եւս ունի մի տեսակ թմբիրային ռիթմ, շունչ, որին հաղորդակից կդառնան եւ խնդիրները կընկալեն միմիայն այդ տեսակի կինոյի գուրմանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել