Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարիամ»

Նոյեմբեր 10,2010 00:00

Պատկերացրեք, որ այս պահից բոլոր բառերը կրկնվելու են 3-4 անգամ: Օրինակ. բեմադրություն, բեմադրություն, բեմադրություն, խուլ-համրերի ակումբում, ակումբում, ակումբում: Հայացք, հայացք, հայացք, քայլեր, քայլեր, քայլեր եւ այսպես շարունակ: Ինչքա՞ն կդիմանաք: Նույն դաժանությամբ է վարվում Էդգար Բաղդասարյանը «Մարիամ» ֆիլմում: Ժամանակը այնտեղ շռայլվում է մի այլ ձեւով: Բնական է ենթադրել, որ դա ծառայում է ռեժիսորական մտքին եւ նպատակին: Սակայն կարելի է շռայլել սեփական կյանքի ժամանակը, այլ ոչ թե ուրիշների:
Ֆիլմը սկսվում է համարյա վավերագրական տոնայնությամբ, որը մեղմորեն անցնում է խաղարկային կինոյի տարածություն, եւ մենք ծանոթանում ենք Մարիամի հետ: Սկսվում է լռությունների, տեղաշարժերի, մշուշոտ հարց ու փորձերի անվերջ շարան: Սյուժեի զարգացումը գնում է այնպիսի դանդաղությամբ, որ կես ժամ անց, երբ տարաբնույթ ենթադրություններս ձախողվել էին, բնականաբար, զգայարաններս պահանջեցին ինֆորմացիոն կամ էմոցիոնալ սնունդ: Երեւի դա էր հենց ռեսժիսորական խնդիրը, բայց ես շնչահեղձ էի լինում: Էլի մի քիչ դիմացա… Ոչ մի բան չի կատարվում: Անհասկանալի երեւույթներ, միստիկ հայացքների փոխանակություն, անբացատրելի անցուդարձ: Հրաշքի սպասման զսպանակը այնքան երկար էր սեղմվել, որ անհրաժեշտ էր ադեկվատ հանգուցալուծում, որը պետք է որ արդարացներ նախորդող հոգեկան դիսկոմֆորտը: Չստացա ես հագեցնող պատասխան՝ հարցերիս հարուստ ցանքին:
Այս կարգի բացթողումները համարում եմ աններելի, որովհետեւ ֆիլմը հիմնված է հոգեվերլուծությանը վերաբերող լուրջ գիտական հենքի վրա: Եվ, երեւի կարելի էր հաշվարկել հանդիսատեսի պարզագույն ռեակցիաները: Իսկ այդ հաշվարկի անհրաժեշտություն կա, հենց ռեժիսորի շահերից ելնելով: Հակառակ դեպքում՝ հանդիսատեսը միշտ էլ կարող է փակել աչքերը ու ննջել:
Հրավիրում եմ ձեզ մի երեւակայական խաղի:
Եկեք «Մարիամ» ֆիլմի ժամանակի ընթացքը 3-4 անգամ մտովի արագացնենք: Այս պահից այդպե՛ս նայենք ֆիլմը:
Հենց որ համարյա անշարժ ժամանակը սկսում է արագանալ, մենք զարմանալի ձեւով հայտնվում ենք հայ կինոարվեստին ոչ բնորոշ, հազվադեպ, այսպես ասենք, եվրոպական կինոտարածության մեջ: Մեր առօրյա, ծանոթ «կանգառներից» դուրս, բայց միաժամանակ ճանաչելի վայրեր, շենքեր, մարդիկ: Խուլ-համրերի մշակույթի տուն, լսողական պրոբլեմներ ունեցող երիտասարդների կատարմամբ Շեքսպիրի բեմադրություն, հոգեվերլուծաբանական սեանսներ, արհեստական բեղմնավորման կենտրոն, ծերանոց: Տարօրինակ ձեւով ինքդ քեզ խոստովանում ես, որ այդ ամենի մասին իհարկե գիտես, բայց տարիներով մտքովդ չեն անցնում ո՛չ այդ մարդիկ, ո՛չ այդ վայրերը, ոչ էլ այդ վիճակներում հայտնված մարդկանց խնդիրները: Այս տեսանկյունից հեղինակը, ըստ իս, ցուցաբերել է ճիշտ, այսպես ասենք, ինժեներական մոտեցում:
Նույնիսկ անբնական հոգեկան երեւույթների առկայությունը չի օտարվում մեր քաղաքի միջավայրից: Նուրբ ճաշակով լուծված գունային գամմա, դերակատարումների միմիկ եւ ինտոնացիոն ասկետիկ լուծում: Այստեղ ստիպված եմ լինելու մեջբերել Ֆաինա Ռանեւսկայայի՝ դերասաններից մեկին ասած բառերը՝ ռուսերեն. «ծպ ւսՏտՏփՌ սՌՓՏՎ…»: Այսինքն, «դեմքով յուղ մի վառի»… Ես հասկանում եմ, այս խորհրդին եթե հետեւենք, հայ դերասանների 90 տոկոսի հացը կկտրվի: Իսկ «Մարիամ» ֆիլմում ես տեսա վաղուց արդեն չհանդիպած հանդարտ խոսակցական մշակույթ, հոգեբանորեն հիմնավորված խոշոր պլանների չափավոր, հետեւաբար ազդեցիկ օգտագործում, շարժումների զուսպ ու արդարացված տրամաբանություն: Նաեւ, ամենակարեւորը, դերակատարների եւ ձայների նրբընտիր կազմ եւ փայլուն դերակատարումներ:
Եվ, իհարկե, առանձին Մարիամի մասին: Նա խաղում է ռեժիսորի կողմից ոսկերչական ճշգրտությամբ գծած «ազատությունների վանդակում»: Ոչ մի ռեւերանս հանդիսատեսին, ոչ մի պրեզենտացիոն ռակուրս, շահեկան շարժում կամ հայացք:
Միայնակ, ցավագին հոգու բանտից դժվարությամբ դուրս եկող, բարի, աշակերտների հանդեպ հոգատար, սիրված ուսուցչուհի: Քչախոս, չափազանց քչախոս, խնդիրներով բարուրված երիտասարդ կին: Նրան հետեւելը դժվար է, ինքն էլ քեզ չի օգնում, բայց հիասթափություն չես ապրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել