Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՖԻԼՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 10,2010 00:00

«Խնկարկում», «Յարխուշտա»

\"\"

Եթե ամեն մի ֆիլմ կյանքի է կոչվում՝ անցնում է երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին ճանապարհին հանդիպում են մի շարք խոչընդոտներ, որոնք, ինչպես վայել է իր մասնագիտությանը լավ տիրապետող ռեժիսորներին, կարողանում են ելք գտնել եւ ամեն մի կադրի նկարահանմանը տալ համապատասխան լուծումներ: Իհարկե, մենք տեսնում ենք միանգամից պատրաստի ֆիլմերը, իրենց գեղեցիկ տեսարաններով, դերասանական ճիշտ խաղով եւ այլն: Սակայն ամեն ինչ կատարվում է երկար ու ձիգ օրերի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մոնտաժվում են երկար օրեր, նույնիսկ ֆիլմեր են լինում, որոնց նկարահանումները տեւում են տասնյակ տարիներ, օրինակ՝ Սերգեյ Սոլովյովի «Աննա Կարենինան», որը ներկայացված էր 2009 թվականին «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությանը: Վառ օրինակ են հանրահայտ կինոռեժիսոր Դովժենկոյի ֆիլմերը, որոնք մեկ անգամ չէ որ հիասթափեցրել են նրան: Այսպես կարելի է անվերջ թվարկել, սակայն այդ ամենի հետ մեկտեղ աշխարհում լայն թափով զարգանում է կինոարվեստը: Ամեն մի երկրում այն ունի իր քիչ թե շատ բացահայտումները, առավելությունները, իհարկե, դրա հետ մեկտեղ՝ թերությունները: Ցանկացած ռեժիսոր ֆիլմը նկարահանելուց եւ պատրաստի վիճակում տեսնելուց հետո ուզում է ստանալ որեւէ արդյունք, իսկ այդ արդյունքն էլ, իհարկե, հանդիսատեսի գնահատականն է եւ ծափահարությունները, որից մեծ գնահատական չի կարող լինել: Բարձր արժեք է ներկայացնում իրենից նաեւ այն, որ ֆիլմերի համար կան հատուկ մրցանակաբաշխություններ, որոնցից է «Օսկարը», «Կանը» եւ այլն: Ժամանակ կգա, եւ մեր ֆիլմերն էլ այդպիսի բարձունքների կհասնեն ու կստանան նման մակարդակի մրցանակներ: Այսօր հայկական ֆիլմում տեղաշարժեր են նկատվում, սակայն դրանք այն մակարդակի չեն հասնում, ինչպես Խորհրդային Միության տարիներին, որտեղ հենց ֆիլմերն էին տարբերվում եւ կար հետաքրքրություն: Հայազգի մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը Պոզներին տրված հարցազրույցում խոսեց հայկական ֆիլմերի մասին եւ ընդհանրապես ֆիլմերի, որ նախկինի միայն 1%-ն է այժմ: Ամեն ինչ, սակայն, առջեւում է: Իզուր չէ, որ գրանցվել է մեծանուն դերասանը Գինեսի գրքում, որովհետեւ աշխարհում նրա չափ ֆիլմերում դեր ունեցող դերասան դեռ չկա ու դժվար էլ լինի: Արմեն Ջիգարխանյան մեկ անգամ է ծնվում ու երեւի չի էլ ծնվի: Կարելի է անվերջ թվել Խորհրդային Միության հաղթանակները, առաջխաղացումները եւ մրցանակները, որ ֆիլմ ենք ունեցել, որը մասնակցել է Կաննի փառատոնին: Սակայն պետք է մի բան հստակ գիտակցել, որ պետք է առաջ շարժվել ու կառուցել նորը: Հիմա ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ են շատ խոսում նախկինի մասին, բայց պետք է միշտ առաջ շարժվել ու բացահայտել նոր հորիզոններ: Հիմա ռեժիսորների պակաս չի զգացվում ու նկարահանվում են ֆիլմեր, սակայն լավերը քիչ են: Ստեղծագործական աշխատանքի պտուղները տալիս է իր արդյունքները: Մեր ազգին հատուկ բնավորությանը համապատասխան՝ նայում ենք ֆիլմերը ու ասում, որ կարող էր լավը լինել: Միանգամից ոչինչ լավը չի լինում, այլ ձգտում եւ հասնում ես լավին: Ֆիլմերի համար հիմք են հանդիսանում հրատապ եւ կարեւոր իրադարձությունները, ճանաչված մարդկանց կյանքը՝ մշակույթի թեմաները համատեղելով եւ այլն: Վերջին տարիներին զարգացած է անիմացիայի եւ ֆանտաստիկայի ուղղությունը: Ֆիլմեր նկարահանելիս շատ կարեւոր է թեմայի ընտրությունը եւ դրան համապատասխան՝ դերասանների եւ նկարահանման վայրերի ընտրությունը: Եթե պատմական, վավերագրական ֆիլմեր են նկարահանում, ապա ուսումնասիրությունների կարիք կա: Ոչ միայն պատմությունը պետք է փորփրել, այլեւ մեր ապրած ժամանակը հասկանալ: Ֆիլմեր պատրաստելիս ոչ մի բան ավելորդ չէ. ցանկացած տեղեկություն կարող է օգտակար եւ շրջադարձային լինել, ֆիլմերը դեռ շատ բաներում ճշտում են իրենց առանձնահատկությունները եւ սահմանները: Ամեն մի վերջնական գործ դժվարին աշխատանքի արդյունք է: «Մի՛ գովիր մարդու տեսքը կամ անթիվ, անցավոր գանձերը, այլ գովի՛ր մարդու խելքը, իմաստնությունը, հանճարը, գործը», իսկ տվյալ պարագայում ֆիլմերում կարեւոր է ռեժիսորական աշխատանքը, սակայն ոչ պակաս կարեւոր է նրա թողած ժառանգությունը:
«Յարխուշտա»
Գագիկ Հարությունյանը ծվել է 1967 թվականին՝ Եղվարդում: 1995 թվականին ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական բաժինը: 1994-2001 թվականներին եղել է նույն համալսարանի դասախոս, ժամանակ անց՝ այսօր էլ, դասախոսում է մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում: 2001-2003 թվականներին բնակվել է Ուկրաինայում, աշխատել՝ ուկրաինական հեռուստատեսությունում: Գագիկ Հարությունյանի ֆիլմագրաֆիան.
«Տեսուչը» (1994թ.), «Հարաբերական անդորր» (1995թ.), «Խաչքարեր» (1996թ.),
«Ագիենկոյի փշե պսակը» (2001 թ. Ուկրաինա), «Տարաս» (2002 թ., Ուկրաինա),
«Ով է նա» (2003թ., Ուկրաինա), «Յարխուշտա» (2004թ.), «Խնկարկում» (2007թ.),
«Որոգայթ»:
2004 թվականի նոյեմբերի 18-ին է տեղի ունեցել «Յարխուշտա» ֆիլմի պրեմիերան: Կինոյի տանը տեղի ունեցավ «Յարխուշտայի» պրեմիերան: Ֆիլմը դեռ չսկսած՝ դահլիճով մեկ աշխուժության ալիք էր բարձրացել: Չնայած սուղ պայմաններին, այսօր «Հայֆիլմում» տարեկան նկարահանվում են որոշ քանակությամբ սահմանված ֆիլմեր: «Յարխուշտան» ռեժիսորի՝ Գագիկ Հարությունյանի 1-ին մեծ գործերից է: «Յարխուշտան» սասունցիների եւ մշեցիների մեջ տարածված ռազմական պարի անուն է: Գ. Հարությունյանի առաջին գեղարվեստական ֆիլմն է: Մինչ այդ նա հեղինակել է մի շարք վավերագրական ֆիլմեր («Ագիենկոյի փշե պսակը», «Տարազ», «Ով է նա»): «Յարխուշտա» ֆիլմի սցենարի հեղինակն է Ղուկաս Սիրունյանը, երաժշտությունը գրել է Արա Գեւորգյանը, Հայաստանում կատարված նկարահանումները տեւել են 9 ամիս: Ֆիլմը պատմում է արցախյան գոյամարտի մասնակից Պարգեւի (Ռուդոլֆ Ղեւոնդյան) մասին, որ տուն է վերադարձել ոտքը կորցրած: Հաշմանդամ ազատամարտիկը Հոլանդիայում գտնվող աղջկան զանգահարելու համար ստիպված է կնոջ (Սոֆիկ Սարգսյան) հետ ոտքով ճանապարհ ընկնել գյուղից քաղաք: Ճանապարհին նրանք հանդիպում են մարդկանց անտարբեր, երբեմն էլ արհամարհական վերաբերմունքին: Քաղաքում Պարգեւին մուրացկանի տեղ են դնում, անգամ մի արվամոլ դրամ է նետում նրա գլխարկի մեջ, ինչից Պարգեւի համբերությունը հատում է եւ նա հարվածում է արվամոլին: Պարգեւը, որ երբեւէ թշնամու առաջ չէր թուլացել, հանկարծ թեւաթափ է լինում, սակայն երբեք չի կորցնում իր մեջ ապրելու ուժը: Գլխավոր դերակատարի ընտրությունը շատ ճիշտ եւ տեղին է կատարված, որովհետեւ նա կարողանում է իր բնական էմոցիաներն ու զգացումները տեղափոխել փոքր էկրան, ինչը դերասանների մեծ մասին չի հաջողվում: Ռուդոլֆ Ղեւոնդյանը իր խաղացած տասնյակ ֆիլմերում ապացուցել է իր սերը դերասանության եւ իր գործի հանդեպ: «Երեխեքի հետ հայերեն խոսեք, թող լեզուն չմոռանան»,- պահանջում է գլխավոր հերոսը իր աղջկանից, ով բնակվում է Հոլանդիայում: «Ֆիլմում լաց կա, որ այսօր մեզ շատ է պետք, բայց դա ոչ թե հուսահատ լաց է, այլ բուժիչ, ամոքիչ»,- կարծում է Գ. Հարությունյանը, ով ֆիլմի պրեմիերայից հետո էր հայտնել: «Յարխուշտայի» մեջ կռիվ կա, բողոք, պայքար, ազնվություն, ըմբոստություն կա: Մեր պապերը, յարխուշտա պարելով, պայքարել են թուրքական յաթաղանի դեմ, ժամանակների ընթացքում ձգտել են ու հասել իրենց բաղձալի հայրենիքի կերտմանը, իհարկե, տարածքի առումով զգալի չափով տուժել ենք: Երբ մենք այսօր հեռուստատեսությամբ տեսնում ենք մեր արցախյան հերոսների գոյամարտը եւ ավարտին նրանց ուրախությունը, որը պարտադիր նշել են՝ յարխուշտա եւ քոչարի պարելով, ինչը ուժ եւ կորով է պարգեւել: Այս ֆիլմի մեջ այսօրվա իրավիճակն է, թե մարդիկ ինչպես են վերաբերվում մեկը մյուսին: Պարգեւը ներքին «թրքության» դեմ է կռվում: Թրքությունը ազգ չի, երեւույթ է, որ այսօր մեզանում ամենուր է՝ վերեւներում է, որ պարգեւների շնորհիվ պետություն ու երկիր են ձեռք բերել, պարգեւների դիակների վրայով բարձրացել են ու լափում են: Պարգեւների կռիվը ավարտված չէ, նրանք կռվի դաշտում ձեռքները չբարձրացրին վեր, չհանձնվեցին, հիմա են հանձնվում: Հանձնվում են իրենց հանդեպ անտարբերության պատճառով, արտագաղթի, «Եհովայի վկաներին» փորձում են լավի հետ համատեղել: Հիմա այս երկու ֆիլմերի գլխավոր դերասանները խաղում են մեր հեռուստաընկերությունների սերիալներում, կերտում են հետաքրքիր դերեր: Մի խոսքով, ազատ մտածելակերպ, տարբերվող միտք, ռեժիսորական բարձր աշխատանք եւ կարելի է ստանալ հետաքրքիր եւ բովանդակալից ֆիլմ, ինչը ստեղծագործական աշխատանքի վերջնական արդյունքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել