Լրահոս
Օրվա լրահոսը

Դո, ռե, մի (Մաեստրո)

Նոյեմբեր 10,2010 00:00

Հիմա գարո՞ւն է, թե՞ աշուն: «Տե՛ր Ողորմեա»-ն՝ «Մաեստրո» ֆիլմում: Իսկ ես կասեմ, որ այսօրվա գարունը չի տարբերվում վաղվա աշունից: Այսօրվա լքված, իր պատվանդանից ընկած արվեստագետը կրկին իր տեղը չի բարձրանում աշնանը: Քանզի նա, ինչպես աշնան տերեւ, թափվում է քամու ուժգնությունից: Իսկ ո՞վ է այդ քամին: Հիմա արե՞ւ է, թե՞ քամի: Սա էլ իմ կարգախոսն է: Միշտ քամի է եղել: Քամին եղել է եւ «Տեր Ողորմեա»-ում եւ «Մաեստրո»-ում: Քամին եղել է Ադամից մինչեւ Արամ, որը ես եմ: Ադամ, Արամ՝ կասեք դուք: Նման է, չէ՞, բայց խորացե՛ք եւ բազում տարբերություններ կտեսնեք: Իսկ, ա՛յ, արվեստի մեջ տարբերություն չկա: Արվեստագետը միշտ քշված է եղել, անընդունելի այն քամու համար, որը հիմար ամբոխն է իր բերանից փչում: Եվ որին ղեկավարողը տարբերվում է ամբոխից միայն նրանով, որ լսափող ունի, եւ բարձր տեղում է կանգնած: Գյուղի ոչխարը նույնպես ոչխար է մնում սարի վրա:
Անցնենք ֆիլմին: Մի արվեստագետ մարդ, որը շփոթվել է գարնան եւ աշնան մեջ, բայց ես նրան կհուշեմ, որ հաստատ գարուն է, չի գտնում իր տեղը: Քանի որ ամեն կողմից թշնամիներ է տեսնում: Լինելով համեստ եւ մաքուր արվեստագետ, նաեւ մաքուր մարդ կյանքում՝ նա մտածում է, որ բոլորը իրեն կնդունեն այնպես, ինչպես ինքը կա: Բայց արի ու տես, որ նրան նախանձում են, ստորացնում, քննադատում: Նրան թվում է, թե նույնիսկ կինն է իրեն դավաճանում, տղան ընդհանրապես իրեն չի հասկանում, թոռնիկը լսում է օտարածին երաժշտություն՝ ռեպ, այն թոռնիկը, որի մեջ Մաեստրոն տեսնում է ապագա մի նոր Մաեստրո: Եվ նույնիսկ այն շունը, որը իրեն սիրում էր փողոցում, լիզում ձեռքերը, կծում է իրեն: Եվ նա վարակվում է «կատաղության» հիվանդությամբ: Մաեստրո, իսկ միջից կենդանի:
Ո՞վ հասցրեց նրան այդ օրվան: Ո՞վ: Այժմյան տերե՞րը, ոհմակնե՞րը, տգետ եւ բութ հասարակա՞րգը: Ո՞վ: Նա նույնիսկ չէր խառնվում ոչ մեկի կյանքին: Նա, դասական երաժշտությունը եւ ականջակալները: Այսքանը միայն: Ապա ո՞վ խրեց նրան այդ վիճակի մեջ: Ես եւ Դու: Ինչո՞ւ: Քանզի մենք միայն խոսում ենք՝ չտեսնելով այդ փայլող ճակատները, որ մեր շուրջը կան: Ծիծաղում այն մարդու վրա, որը կորել է եղանակների մեջ, այն մարդու վրա, ում համար հեծանիվի ակը մեծ փիլիսոփայություն է, այն մարդու վրա, որ չի կարող դավաճանել իր ամուսնուն, քանզի ունի պատիվ եւ մյուս կողմից չի կարող դավաճանել իր բնությանը, որ իրեն ստեղծեց: Եվ նա ինքնաբավարարմամբ է զբաղվում: Դու ծիծաղում ես եւ մտքովդ նույնիսկ չի անցնում, որ այդ կինը քո կողքին է ապրում, քանզի նա քո կինն է. այդ Մաեստրոն դու ես, իմ արվեստագե՛տ բարեկամ, որը պիտի կանգնի Բաբելոնի աշտարակի ծայրին, բայց կանգնում է մետրոյի մուտքերի առջեւ, որ այդ ցնդած նկարիչը, ում վրա դու ծիծաղում ես, նստել եւ հիմա քեզ է նկարում, իսկ այն շունը, որ կծեց, սրում է ատամները քեզ համար, որպեսզի հանդիպի քեզ կրկին: Եվ դու նույնպես ձայնագրիչներ կդնես ամենուրեք, եւ դու նույնպես սեր կփնտրես պոռնիկների մեջ, եւ դու նույնպես կթքես այս կյանքի վրա, եւ դու նույնպես կշոշափես քեզ, որ հաստատ համոզվես, որ դեռ կաս եւ ապրում ես: Դու, իմ արվեստագե՛տ բարեկամ: Դու, իմ Մաեստրո՛, որ վերջում կտեսնես ինձ փողոցում եւ քեզանից անկախ կհարցնես. «Արա՛մ, հիմա գարո՞ւն է, թե՞ աշուն»: Իսկ ես կժպտամ եւ կպատասխանեմ. «Այսօրվա գարունը չի տարբերվում վաղվա աշունից»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել