Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՔԱՎՈՒԹՅՈՒՆ ԿԻՆՈՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ «ՄԵՂՔԻ»

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Մեր մեծագույն հայը Ամերիկայում՝ Վիլյամ Սարոյանը, «Ի քավություն ընկերներիս մեղքի» գողտրիկ պատմվածքի վերնագիրը «բացում» է այս կերպ: Տասնամյակներ հույսեր էր փայփայել, որ իր դասարանցիներից ոմանք «լավագույն հանդեսներից մեկի էջերում կպատմեն իր ուշագրավ համբավի մասին», բայց համոզվելով, որ մեկընդմիշտ հրաժեշտ են տվել գիր-գրականությանը, որոշում է ինքը հիշեցնել իր «համբավի մասին»:
Հայ կինոքննադատները մեկընդմիշտ հրաժեշտ չեն տվել գիր- գրականությանը, սակայն տարիներ շարունակ իրենց մասնագիտական խոսքը չեն ասում թե լավ, թե վիճելի կինոֆիլմերի մասին, այդ ծանր ու անշնորհակալ «գիրը» թողնելով լրագրողների ուսերին: Եվ լրագրողները կրկնակի հարվածի տակ են. նրանցից դժգոհ են թե ռեժիսորները, թե նույն քննադատները:
Սա՝ իբրեւ նախաբան կամ վերնագրի հիմնավորում:
«Ուր են հիասթափվածների ձայները»
Հարցը հնչեցնողը «առաջին կուրսեցի» ներկայացած երիտասարդ է, որը մեկ ամիս տեւած «Կինոաշուն» ծրագրով նախատեսված կլոր սեղանների ընթացքում հետեւել էր քննադատների ու կինոռեժիսորների հուզված ու դժգոհ ելույթներին:
Ազնիվ ու միամիտ հարցադրում: Բացատրությունները տարբեր են՝ չկա կինոհանդիսատես, չկա կինոմամուլ, «չենք ուզում իզուր տեղը վատամարդ լինել» եւ այլն: Կինոբարքերին կատարյալ անտեղյակ մարդն էլ երկու քննարկումների ընթացքում կարող էր համոզվել վերջին պնդման ճշմարտացիության մեջ: Առաջինի ընթացքում երիտասարդ կինոգետները բացահայտ, ավելի «թրծվածները» ակնարկներով քննադատում էին Վիգեն Չալդրանյանի աղմկահարույց ֆիլմը՝ «Մաեստրոն»: Երկրորդ օրվա քննարկմանը մասնակցում էր նաեւ Վիգեն Չալդրանյանը, չհնչեց «շշուկ ու շրշյուն», ակնարկողներն էլ բացահայտ հրաժարվեցին իրենց խոսքերից: Հասկացանք, որ հիասթափվածների ձայները, բանավոր թե գրավոր, չեն հնչելու:
Կուզենայի գրել Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմի մասին, որը, իմ տպավորությամբ, անկախության տարիներին նկարահանված լավագույն ֆիլմն է, ժամանակակից կինոլեզվով ու ոգեղեն հնչողությամբ, նաեւ՝ նույն ռեժիսորի «Արարատից Սիոն» ֆիլմի մասին, բայց ներկայացնելու եմ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոյի» մասին իմ տպավորությունը:
Պատճառներ կան՝ «Սուրբ ծեսերի երկրի մասին» ժամանակին գրել եմ մամուլում, երկրորդ անգամ չհաջողվեց նայել, իսկ «Արարատից Սիոնը» դիտելու փորձը ձախողվեց: «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ անգլերեն տարբերակն էր ցուցադրվում, իսկ ականջակալներով հնարավոր եղավ ֆիլմի թարգմանությանը հետեւել երկու-երեք րոպե, դրանից հետո միայն աղմուկ ու խշշոց էր: Նաեւ՝ բարդ է դրական գնահատություն անելը, մանավանդ եթե կինոմասնագետ չես, «հոգիդ՝ հոժար, գրիչդ տկար» հիմնավորումով:
«Մաեստրոն» եւ մարտիմեկյան կադրերը. ստեղծագործական խիզախում, թե շահարկում
Եվ այսպես, Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոյի» մասին:
Ինչ խոսք, քչերն են տեսել մեկ տարի առաջ էկրան բարձրացած ֆիլմը: Չկա նախկին էնտուզիազմը, չկան խորհրդային տարիների 720 կինոթատրոնն ու կինոկայանքը, հանրային հեռուստաալիքները հայկական հին ու նոր կինո չեն ցուցադրում: Սա արդեն աքսիոմ է դարձել:
Ինչ ենք տեսնում ու հասկանում՝ դիտելով «Մաեստրո» ֆիլմը:
60-ամյա մաեստրո Արմեն Տիգրանյանը թավջութակահար է, նվագում է ազգային օպերայի սիմֆոնիկ նվագախմբում, գրել է տաղանդավոր ստեղծագործություն՝ «Անավարտ կոնցերտ թավջութակի համար», պատրաստվում է ռեքվիեմ գրել: Երիտասարդ կնոջը լավ չի հասկանում, կասկածում է դավաճանության մեջ, մի քանի անգամ նվագախմբի փորձի է գնում, փորձում է մարտիմեկյան միտինգներին խոսք ասել, փողոցում նրան կատաղած շուն է կծում: Սյուժեն պարզ է, խոսքերը քիչ են, իրադրություններն ու բառերը կրկնվում են: Շատ դեպքերում՝ ինքնանպատակ:
«Մաեստրոն» հեղինակային կինոյի մեխանիկական ըմբռնման արդյունք է: Եթե նույն մարդը ֆիլմի եւ ռեժիսորն է, եւ սցենարի համահեղինակն ու պրոդյուսերը, դեռեւս չի նշանակում, թե կինոն հեղինակային է:
Հեղինակային թե այլ պիտակով, «այսօրվա հայ կինոն անհետաքրքիր է, քանի որ մարդն է պակասում, սովորական մարդու մասին պատմությունը, դիալոգն է անհետացել» /Սուրեն Հասմիկյան/: Նաեւ՝ «բացի ներփակ կինեմատոգրաֆիական արժեք լինելուց, մեր կինոն չունի այսօր ապրող մարդուն, ժամանակին հառնված հայացք» /Դավիթ Մուրադյան/:
Թվում է, «Մաեստրոն» այսօրվա մարդու մասին է, կոնկրետ իրադարձությունների մասին: Ցավոք, այդպես չէ: «Մաեստրոն» կինո է «ընդհանրապես», արվեստի, դերասանական խաղի այն կերպը, որը ժխտում էր Կոնստանդին Ստանիսլավսկին:
Հավանաբար ռեժիսորը ներշնչվել է Եղիշե Թադեւոսյանի «Հանճարը եւ ամբոխը» կտավից ու որոշել ֆիլմ նկարել ընդհանրապես արվեստագետի ու ամբոխի մասին: Եվ վրիպել է, քանի որ կինոն չի ընդունում «ընդհանրապես խաղ», «ընդհանրապես մարդ» հասկացությունը: Կինոն սիրում է կոնկրետ մարդ, իր կենսագրությունով ու ներկայով: Իսկ «Մաեստրոյում» բոլոր կերպարները անհետաքրքիր սիմվոլներ են. Միքայել Պողոսյանը՝ երաժշտի, Ավետ Բարսեղյանը՝ որդու, Էկա Հորստկան՝ կնոջ, Կարեն Ջանիբեկյանը՝ մորուքավոր նկարչի, որը վերնիսաժում նկարներ է վաճառում, եւ սիրում է արաղ ու բուխանկա հաց: Անգամ թոռը «ընդհանրապես» երեխա է, որին պիտի խրատել, որ պապի ծնունդին չպարի ժամանակակից երաժշտության տակ. «Թույլ մի տուր, որ ռեփը արմատավորվի»:
 Գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը տաղանդավոր դերասան է եւ հազվադեպ անհետաքրքիր դերակատարումներ ունի: Մաեստրոն այդ դեպքն է: Դերասանի խաղը անհամաչափ է, եթե կարելի է այդպես ասել, կերպարի զարգացումը՝ անհետեւողական: Նա մերթ իր հին կերպարներից ծանոթ «ցնդած կոմպոզիտոր է», փողոցում ականջակալներով երաժշտություն լսելով շրջող ու վթարային իրավիճակներ ստեղծող, մերթ դժգոհ ու հոգնած արվեստագետ: Եթե մի բան հաջողվել է, երեւանցի միջին արվեստագետի քաղքենիական նիստուկացն ու խոսվածքն է. կենսական անհրաժեշտության զրույցները ուտելիքի եւ այլնի մասին ասվում է «մայրենի» ռուսերենով, հավելելով «ջանա» արեւելյան- քնքուշ ձեւը. «Ուտել եմ ուզում, ջանա»: Մեկ ու կես ժամվա ընթացքում երկու կենդանի նախադասություն է առկայծում. «Կատյան նախարարության իր ծանոթների միջոցով դասավորեց էդ մեդալը, իրեն թվում է իր արժանիքն է», եւ «Էնքան սրա- նրա հետ ման էկավ, վերջը էդ բիձուն առավ», սակայն դրանք չեն դառնում սյուժետային գծեր, մնում են «ձայն բարբառոյ»:
Վիգեն Չալդրանյանը սիրում է «հոլիվուդյան» օրինակներ բերել, թե քանի մարդ է աշխատում սցենարի վրա, որոնց անուններն անգամ տիտրերում չկան: Օրինակ, նեղ մասնագետ կա, որը հուշում է, որ տվյալ անունը հարմար չէ հերոսին: Եթե այդպիսի մասնագետի չէ, ամենասովորական խմբագրի ականջ դներ ռեժիսորը, հերոսի անունը Արմեն Տիգրանյան չէր լինի: Կասեին, որ անունը հարմար չէ, անհարկի ու անհավաստի է ոչ միայն այն պատճառով, որ մաքրամոլները կվիրավորվեն: Թեեւ ռեժիսորը բացատրում է, որ «արվեստագետի հավաքական կերպար է», հայ հանդիսատեսը հասկանում է այլ կերպ՝ հայտնի կոմպոզիտորի հեռավոր ժառանգը, որի դեպքում ապուպապի հանճարը «հանգստացել է»: Սա էլ է ի չիք դարձնում ռեժիսորի իդեան՝ «հանճարն ու ամբոխը»: Կամ խորհուրդ կտային, որ արժանահավատ չէ մի ողջ նվագախմբի, 50- 60 անդամների համերաշխ բամբասանքը, քանի որ ընկերները իրենց կոլեգայի տաղանդն ու վարքը սովորաբար քննարկում են ավելի մտերմիկ մթնոլորտում, մի քանի հոգով, եւ այլն, եւ այլն: Ընդ որում, այս կադրերը նույնությամբ կրկնվում են մի քանի անգամ, եւ տաֆտալոգիան անհարկի է, ոչինչ չի հավելում ֆիլմին, գեղարվեստական խնդիր չունի, պարզապես հարմար է եւ էժան:
Ուր մնաց մարտի մեկը, ավելի ճիշտ՝ ֆիլմում զգալի տեղ զբաղեցնող մարտիմեկյան վավերագրական կադրերը:
Կինոյի պատասխանատուները եւ ստեղծագործական խմբի անդամները վստահեցնում են, որ ներկայացված սցենարում մարտի մեկի մասին խոսք չի եղել: Դատելով կինոարտադրության պրոցեսի տեւականությունից, գուցեեւ մարտիմեկյան դեպքերն էլ դեռեւս չէին եղել:
Ուղղակի ակնհայտ է, որ տարտամ այս պատմությունը ժամուկես չէր ձգելու, եւ բեմադրիչին «օգության» են գալիս վավերագրական կադրերը, եւ չհասկացված «հանճարը» մխրճվում է միտինգավորների մեջ. «Թողեք, թողեք ես գնամ, գնամ խոսեմ-համոզեմ»:
Եվ հարթակում ելույթ է ունենում. «Դուք խանգարում եք մեր նվագախմբի փորձը»: Եվ այս պրիմիտիվ, արհեստական հակադրությունը, հույս ունեին, որ պիտի դուր գար կինոսիրող մասսաներին:
Ֆիլմի հեղինակի կամքից անկախ, լուր տարածվեց, որ Չալդրանյանը ֆիլմ է նկարել մարտի մեկի դեպքերի մասին, եւ մամուլում կրկին հասարակությանը երկու բանակի բաժանելու փորձ արվեց: Եվ ֆիլմը գովաբանվում կամ փնովվում էր «ըստ այդմ»: Քանի որ Հայաստանում ամենախոցելի խավը ապակուսակցական եւ ոչ մի խմբավորման չհարող մարդիկ են, ստիպված ենք զուտ կանացի կարծիք հայտնել մարտի մեկի դեպքերի մասին: Կարծում ենք, որ պատերազմ ու թշնամու գնդակներից ընկած հազարավոր զոհեր տեսած մեր երկրի ղեկավարների համար թանկ պիտի լիներ յուրաքանչյուր հայորդու կյանք, եւ պետք էր ամեն ինչ անել՝ փրկելու համար այդ կյանքերը: Չէ՞ որ Աստծո առաջ բոլորի զավակները հավասարապես թանկ են, անկախ ֆինանսական ամսագրերի դասակարգման աղյուսակում լինել- չլինելուց:
Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն» մարտի մեկի հետ ոչ մի կապ չունի, վավերագրական կադրերի հավելումը արհեստական է, ընդամենը թեմայի շահարկում: Գուցե՝ ակամա շահարկում:
 Ողբերգության շահարկումը ազնիվ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել