Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՔԻ ԼՍԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԼԻՆԻ»

Նոյեմբեր 10,2010 00:00

Համոզված է երիտասարդ ռոքերը

\"\"

Հայաստանում վերջին շրջանում կարծես թե ռոք երաժշտության որոշակի ակտիվության գործընթաց է սկսվել: Իշխանությունն էլ է դրան լծվել. հրավիրում է լեգենդար ռոք խմբեր, երաժիշտներ, համերգներ հովանավորում: Նույնիսկ հանրապետության նախագահն է իր նստավայրում ընդունում լեգենդար ռոքերների: Հիշեցնենք, որ մեզանում ռոք երաժշտությունը տարածվել է 1960-ականների կեսերից: Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում գործել են համամիութենական մակարդակի ռոք խմբեր եւ կատարողներ, այդ թվում՝ Ա. Մեսչյանի «Առաքյալները», «Կոլեյդոսկոպը», հետո հայտնվեցին նոր սերնդի խմբեր՝ Ա. Միտինյանի «Այասը», «Ասպարեզը», «Տարերքը» եւ այլն: Իսկ 1986-ին ասպարեզ եկավ հայկական ռոքի թերեւս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը՝ «Ոստան հայոցը»: Մեծ համբավ էր վայելում եւ ներկայումս Լեհաստանում է իր գործունեությունը շարունակում «36,6» խումբը: Այժմ էլ ակտիվորեն գործում են «Բամբիռը», «Որդան կարմիրը» եւ այլ խմբեր:
Վերջերս Վրաստանում կայացած Tbilisi Blitzkrieg Metal Fest ռոք փառատոնին հրավիրված էր «Coma» խումբը, որի կազմում են Հայկ Զաքոյանը (վոկալ, կիթառ), Գեւորգ Բադալյանը (կիթառ, բեք վոկալ), Արամ Պողոսյանը (բաս կիթառ, բեք վոկալ) եւ Դավիթ Չիդեմյանը (հարվածային գործիքներ): «Coma»-ի կարգախոսն է՝ «Ճանապարհ դեպի լույս», առաջին բեմելն էլ կայացել է 2009-ի սեպտեմբերին: Խումբը կատարում է սեփական ստեղծագործությունները, որոնց առյուծի բաժինը Հայկինն է:
«Առավոտը» զրուցեց խմբի ղեկավար Հայկ Զաքոյանի հետ:
Ռոքը բրիտանական մշակույթ է, որի սկիզբը դրվել է Մեծ Բրիտանիայում՝ 60-ականների սկզբին եւ հենց այդ երկրում էլ առաջացավ դասական ռոքը, որովհետեւ պահպանողական էր: Այսինքն՝ բողոքականությունը, կրոնական հոսանքները հանգեցրին նրան, որ դասականի շրջանակներում ձեւավորվի ու զարգանա այն: Մեր երկրում էլ պայքարելու նախադրյալներն առկա են. կան բազմաթիվ բացասական երեւույթներ: Իրենց արվեստով ինչպե՞ս են պայքարում երիտասարդ հայ ռոքերները: «Ո՞վ է ասում, որ ռոք արվեստը պետք է զուտ բողոքական լինի: Անպայման պետք է վատ բա՞ն լինի, որ կարողանաս ստեղծագործել… Իհարկե, աշխարհում կան ռոք խմբեր, որ հասել են քաղաքացիական պայքարի, բարձրացրել անգամ քաղաքական խնդիրներ, երգել ազատության, իրավունքի մասին: Մեր խմբի երգացանկի թեմատիկան փիլիսոփայությունն է. դրա միջոցով էլ հնարավոր է վեր հանել բացասական շատ խնդիրներ: Մերը, մեծ հաշվով, ալտերնատիվ ռոքն է»,- ասաց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էին ներկայացնում վրաց ռոքերները փառատոնային համերգներին: «Միանգամից ասեմ՝ մութ թեմաներ: Չնայած այս որակումն էլ այնքան տեղին չէ: Օրինակ, դժգոհում էին իրենց երկրի միապաղաղությունից… ադրբեջանցիներից (ծիծաղում է): Մեծ նշանակություն ունի լսարանը. ռոքի ունկնդիրը պետք է լինի ինտելեկտուալ»,- պատասխանեց Հայկը: Հարցին, թե՝ «Coma»-ն ինտելեկտուա՞լ է, ասաց. «Միանշանակ՝ այո: Ընդհանրապես ռոքերները ազնիվ են, զգացմունքային, ինչու չէ՝ տաքարյուն»:
Նախագահական ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր փոփ աստղերը դուրս են գալիս «ընտրարշավի», մինչդեռ մինչ օրս չենք հանդիպել ոչ մի ռոք երգչի կամ խմբի: Հետաքրքիր է՝ առաջարկի դեպքում իրենք կհամաձայնե՞ն, մանավանդ որ երիտասարդ են ու հնարավոր է՝ գայթակղությանը չդիմանան: «Եթե նկատի ունեք ֆինանսը, մենք դրա հետեւից, համենայնդեպս, մինչ օրս չենք վազել: Նախ՝ երիտասարդ ենք, չունենք տարիների պատմություն եւ հիմա մեզ հետաքրքրում է սեփական երգացանկի, ձայնագրությունների որակը: Դեռ չունենք ոչ մի տեսահոլովակ, ինչը ճանաչվելու կարեւոր պայման է: Այ, կուզեինք, որ TV-ները, ռադիոկայանները հաճախակի անդրադառնային ռոքին՝ ներկայացնելով ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհահռչակ խմբերին: Այս միջոցով կարելի է նաեւ կրթել, դաստիարակել ռոքի լսարան»,- հայտնեց Հայկ Զաքոյանը:
Իսկ թե ժամանակը չէ՞ կոնսերվատորիայում բացել ռոքի բաժին, ինչպես ստեղծվեց ջազ-վոկալի ֆակուլտետը, ռոքերն ասաց. «Եկեք նախ պրոպագանդենք բարձրակարգ ռոք, ինչպես նշեցի՝ կրթենք հանդիսատես, հետո նոր մտածենք դրա մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել