Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, «Super Six» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամի եւ անգլիացի Կարլ Ֆրոչի մենամարտը անցած ժամանակահատվածում մրցակիցների երկկողմանի հայտարարությունների բավականին հարուստ հիմք է հանդիսացել: Հատկապես Ֆրոչն այս ընթացքում առանձնացել է հավակնոտ կոշտ հայտարարություններով, որոնց «Արքա Արթուրը» պատասխանել է կամ համարժեք, կամ էլ՝ իրեն բնութագրող զսպվածությամբ:
Տարբեր վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնների՝ ռինգում դեմ առ դեմ այս մարտին երկու շաբաթից մի քանի օր ավելի ժամանակ է մնում: Եվ դատելով պրոֆեսիոնալ բռնցքամարտում ընդունված կանոններից, որքան մոտենում է ռինգում հարցերն անձնապես լուծելու օրը, պետք է որ ավելանային «մորթել-սպանելու» փոխադարձ խոստումները: Սակայն Աբրահամ-Ֆրոչ հակամարտության պարագայում ընդունված կանոններից ինչ-որ շեղումներ են նկատվում: Մոտ մեկուկես-երկու ամիս առաջ ապագա մրցակիցները (հատկապես՝ բրիտանացին) հաճախակի հանդես էին գալիս ահաբեկող հայտարարություններով: Եվ քանի որ որպես կանոն «առաջին ջութակը» Ֆրոչն էր լինում, Աբրահամը բավարարվում էր համարժեք պատասխանողի դերով:
Հիմա, որքան քիչ ժամանակ է մնում նրանց հանդիպմանը, երկուսն էլ լռում են: Ինչո՞ւ: Հարցին պատասխան չկա: Կամ այդ խորհրդավոր լռությունն իր մեջ լուրջ մտահղացումներ ունի, որոնց մասին բռնցքամարտիկները գերադասում են չարտահայտվել, կամ էլ երկուսն էլ սկսել են գիտակցել պահի լրջությունը եւ պատասխանատվություն են զգում ամեն մի խոսքի համար:
Այս ամենով հանդերձ, երեկ armsport.am-ը անդրադարձել էր Աբրահամի առօրյային: Ըստ լրատվամիջոցի, Աբրահամը Գերմանիայում ազգային փոքրամասնությունների շարքում մարզումներից զատ զբաղվում է նաեւ գերմաներենը գովազդելով եւ այդ նպատակով լեզուն ներկել է Գերմանիայի պետական դրոշի գույներով: Նրա հետ միասին այդ ակցիային մասնակցում են նաեւ ֆուտբոլիստ Ջերոմ Բոատեգը, քաղաքական գործիչ Այգուլ Օզկանը եւ այլք: