Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՄԱՆՔ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ, ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ՝ ՈՉ»

Նոյեմբեր 10,2010 00:00

Ասում է երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը՝ իր խորհրդական նշանակվելու մասին

\"\"
Մ. Հայրապետյանը՝ հանրահայտ պրոդյուսեր
Դ. Քերշենբաումի հետ:

«Առավոտը» ամիսներ առաջ տեղեկացրել է, որ երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական է նշանակվել: Նրանից հետաքրքրվեցինք՝ չինովնիկական աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործականին: Մարատն ասաց, որ ընդհակառակը՝ դրանք լրացնում են միմյանց. «Չգիտեմ շատերի համար ինչպես, բայց իմ պարագայում դրանք համատեղելի են եւ անգամ վերաճել են բնավորության գծի. տարիներ առաջ միաժամանակ երկու երգչախմբում եմ երգել, կոնսերվատորիայում՝ երկու ֆակուլտետում սովորել, նույնը՝ ասպիրանտուրայում: Ստացել եմ ակադեմիական կրթություն, բայց նաեւ հանդես եմ եկել էստրադային ոլորտում, գրել եմ երգեր, երգել եմ: Մի խոսքով, ունեմ կարգախոս՝ չանել մեկը մյուսի հաշվին, անել երկուսն էլ լավ: Եվ հետո ստեղծագործական աշխատանքը վարչականին կարող է միայն օգնել»:
Մ. Հայրապետյանը հայտնեց, որ հաճախակի է այցելում ԱՄՆ՝ համերգային ծրագրով ու ամեն տարի փետրվարին համահայկական «Ոսկե աստղ» փառատոնին մասնակցում որպես համահանդիսավար: Այս անգամ էլ պատրաստվում է ներկայացնել նոր երգերը, ձայնագրում է նաեւ 3-րդ CD-ն: «Առավոտի» հարցին՝ երաժշտության ոլորտի կոլեգաներն ինչպե՞ս ընդունեցին իր՝ նշանակման մասին լուրը, երգիչը պատասխանում է. «Շա՜տ բուռն, sms-ներն ու զանգերը դեռ շարունակվում են: Ոմանք սրտանց ուրախացան, ոմանք՝ գուցե եւ ոչ: Շոպենհաուերը ասել է, որ այն մարդը, ով ստանում է գիտելիքներ ու չի կիրառում, նման է այն հողագործին, որը ցանում է, բայց չի հնձում: Ես բազմանիստ ու բազմաշերտ երաժշտական կրթություն եմ ստացել որպես երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր եւ երաժշտագետ, ու սրանք պիտի անպայման ծառայեցնեի նպատակին՝ թեկուզ վարչական աշխատանքի միջոցով»: Ցանկացած երգչի ցանկություն է հերթական մենահամերգը, Մարատը նման ծրագիր ունի՞: «Ես, այսպես թե այնպես, բազմաթիվ հավաքական համերգների եմ մասնակցում: Կարծում եմ՝ հասունացել է նաեւ կենդանի հնչողությամբ, նվագախմբով մենահամերգի պահը, չնայած տենդագին հակված չեմ, որ անպայման մենահամերգ լինի: Այն համարում եմ զուտ մարդու երաժշտական ճանապարհի բնականոն, տրամաբանական շարունակությունը»,- ասում է զրուցակիցս:
Մյուս երգիչների նման ցանկություն չունի՞ սերիալներում նկարահանվելու: Մարատն ասում է, որ առայժմ սերիալներում նկարահանվել չի ցանկանում, թեեւ առաջարկներ ստացել է, իսկ հեռուստահաղորդումներ սիրով է վարում եւ էլի կվարի. «Վարելու հետ կապված հավելեմ, որ եթե մարդը մաս է կազմում շոու-բիզնեսի, դադարում է լինել միայն երգիչ, դերասան կամ հաղորդավար, նա մասնակցում է բոլոր այն միջոցառումներին, որոնք շոու-բիզնեսային են: Նույն միտումը կա նաեւ ռուսական մշակույթում, օրինակ՝ Իոսիֆ Կոբզոնը կարող է վարել համերգներ, Լարիսա Դոլինան կամ մյուսները՝ նույնպես»:
Մարատը երգում է տարբեր բեմերում, ո՞ր հանդիսատեսն է իր համար գնահատելի: «Ինձ համար գնահատելի է արվեստին մոտ կանգնած, հարուստ ներաշխարհով, կիրթ հանդիսատեսը, որը գիտե, թե ուր է գնում եւ ինչի համար, որն ընդունակ է տարբերել երաժշտությունն ու երեք ակորդի շրջանակում հնչյունների հերթականությունը, տեքստը եւ հարմարեցված վերջավորություններով, անհեթեթ ու անգրագետ բառակապակցությունները, այլ կերպ ասած՝ գնահատելի է կանաչը մամուռից տարբերող եւ անորակության հանդեպ աչքերը չփակող հանդիսատեսը», -ասում է մշակույթի նախարարի՝ երգիչ, կոմպոզիտոր խորհրդականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել