Երեկ Եվրոպայի խորհուրդն ու նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը անդրադարձել են նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: 1news.az-ի մատուցմամբ, ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ միջազգային դիտորդները պնդել են, թե «ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մասնակից են եղել քաղաքական գործընթացին, բայց ընդհանուր առմամբ դա բավարար չէ ասելու համար, որ երկիրը ժողովրդավարական զարգացման ճանապարհին նկատելի առաջընթաց է գրանցել»:
Դիտորդները նշել են, որ «ընտրությունների օրը քվեարկության ընթացքը ընտրական տեղամասերի գրեթե 90 տոկոսում դիտորդների այցելության պահին դրական է գնահատվել, մինչդեռ տեղամասերի 10 տոկոսում լուրջ խնդիրներ են նկատվել»: «Միշտ դժվար է համարժեք դատողություններ անել մի երկրի մասին, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները զարգանում են դժվարին պայմաններում: Մենք վկան են դարձել առաջընթացի հասնելու համար գործադրված մեծ ջանքերի նաեւ այլ ոլորտներում, որտեղ երկիրը հաջողություններ է գրանցում: Մենք ողջունում ենք դա, նաեւ այն հյուրընկալությունը, որով մեզ դիմավորել են մեր գործընկերները: Սակայն չնայած գործադրված ջանքերին, երկիրը պետք է ավելին անի իրապես բազմակարծ ժողովրդավարության զարգացման գործում առաջընթացի հասնելու համար»,- ասված է առաքելության տարածած հայտարարության մեջ: «Մենք պատրաստ ենք օգնել իշխանություններին՝ Ադրբեջանում ԵԱՀԿ պահանջներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու հարցում»,- ասված է եվրոպացի դիտորդների հայտարարության մեջ: Այս հայտարարությանն իր աջակցությունն է հայտնել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը՝ հավելելով. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազնվորեն, թափանցիկությամբ եւ օպերատիվությամբ դատական կարգով քննել ընտրությունների հետ կապված բոլոր բողոքներն ու ապահովել ընտրական գործընթացին միջամտելու մեջ կասկածվող պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը»: