Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը պնդել է, թե հարցաքննության՝ խեղդելու իմիտացիա ստեղծող մեթոդը, որը իրավապաշտպանները կտտանքներ են համարում, հնարավորություն է տվել կանխել Մեծ Բրիտանիայում ահաբեկչական լայնածավալ հարձակումները, ու մարդկային կյանքեր է փրկել: BBC-ի մատուցմամբ, Բուշն այդ մասին հայտարարել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում, որով ամփոփել է այդ թերթում «Decision Points»՝ «Վճռորոշ պահեր» վերտառությամբ իր նոթերի հրապարակումների շարքը:
Նրա ասելով, ամերիկյան հատուկ ծառայությունները խեղդելու իմիտացիա ստեղծող մեթոդը կիրառել են «Ալ Քաիդայի» երեք առաջնորդների հարցաքննության ժամանակ, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է ահաբեկիչներից տեղեկություններ կորզել լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանի եւ բրիտանական մայրաքաղաքի ֆինանսական կենտրոններից մեկի՝ Կանարի-Ուորֆի վրա նախապատրաստվող հարձակումների մասին:
ԱՄՆ նախկին նախագահը նաեւ պատմել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին առաջարկել էր չմասնակցել Իրաքի պատերազմին, բայց նա, այնուամենայնիվ, որոշել էր միանալ ԱՄՆ-ին՝ չնայած այն բանին, որ այդ գործողությունը Մեծ Բրիտանիայում ժողովրդականություն չէր վայելում:
Բուշի նոթերի բովանդակությունը մինչեւ գրքի լույս տեսնելը մասամբ արդեն հրապարակվել է: Մասնավորապես հայտնի է դարձել, որ Բուշն ափսոսում է, որ Իրաք ներխուժելու համար՝ պաշտոնական շարժառիթ դարձած զանգվածային ոչնչացման զենքն այդպես էլ չի գտնվել, բայց 64-ամյա նախկին նախագահը Իրաք ներխուժելու որոշումը հիմա էլ ճիշտ է համարում: