Ըստ ռուսական ԶԼՄ-ների, 2012թ. երկրում պարտադիր է լինելու «Դպրոցականի առողջության անձնագիրը», որի առիթով երկրի բնակչությունը սկսել է ընդվզել եւ նամակներ ուղարկել «վերեւներին» ու մասնավորապես՝ ՌԴ կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյին: Այդ անձնագրի պարտադիր պայմաններից է այն, որ դպրոցականը այնտեղ պետք է փակցնի ոչ միայն իր, այլեւ սենյակի լուսանկարը, նշի, թե քանի հոգով է ապրում այդ սենյակում, հարազատներից ով ինչ կրթություն ունի: Անձնագրում պետք է անպայման նշվի՝ ապահովվա՞ծ է արդյոք տվյալ ընտանիքը, բաժանություն գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, խորթ մայր կամ հայր կա՞ ընտանիքում: Անձնագրի բժշկական բաժնում պարտադիր պետք է գրվի՝ ցանկալի՞ է եղել այդ հղիությունը եւ սպասված՝ երեխան, հղիությունն ուղեկցվել է սրտխառնոցո՞վ ու այլ ախտանիշներով, քանի՞ աբորտ է արել մայրը, նորածինը լա՞վ է կուրծք կերել: Ծնողները երեխայի անձնագրում նաեւ պետք է նշեն՝ վաղաժա՞մ է եղել հղիությունը, բժշկական աքցան օգտագործվե՞լ է պտղի ծննդաբերության ժամանակ եւ այլն, երեխան միզարձակություն ունի՞ գիշերները: Բողոք-նամակների հեղինակները հայտարարում են, որ այս անձնագիրը ՌԴ սահմանադրության առնվազն 4 հոդվածի է հակասում: