Ղազախստանի ԿԳ նախարարությունը կես տարով կասեցրել է տեղի «էլիտար» բուհերից մեկի՝ Մենեջմենթի եւ էկոնոմիկայի ինստիտուտի գործունեությունը: Որոշումն ընդունվել է դատախազության համապատասխան ստուգումներից հետո: Դրանք իրականացվել են ուսանողների ծնողների խնդրանքով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհի շրջանավարտները չեն ստանում պետական նմուշի դիպլոմ, թեեւ բուհը այլ բան է հայտարարել գովազդներում, դիպլոմները ճանաչելի չեն այլ երկրներում, ուր Ղազախստանի Մենեջմենթի եւ էկոնոմիկայի ինստիտուտի մասին լսած անգամ չկան: Չնայած այս ամենին, բուհի ղեկավարությունը, որ առայժմ խուսափում է մեկնաբանություններով հանդես գալ մամուլում, դատի է տվել դատախազությանը եւ պատրաստվում է վիճարկել իր իրավացիությունը դատարանում: Երկրի կրթության եւ գիտության վերահսկողության պատասխանատու Նայման Կալաբաեւը, ըստ տեղական ԶԼՄ-ների, հայտարարել է, որ այլ երկրներից ստանում են արձագանքներ եւ պահանջներ՝ հավաստելու տվյալ բուհի դիպլոմների օրինական լինելը, իսկ իրենք առայժմ չեն կարող համապատասխան քայլեր անել: Հիշեցնենք, որ նման իրավիճակներ առկա են նաեւ Հայաստանում, մի շարք բուհեր են փակվել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ուսումնասիրություններից հետո, օրերս էլ ՀՀ Վերահսկիչ պալատն է հրապարակել մի շարք փաստեր: