Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի դաս-խաղեր՝ երեխաների համար

Նոյեմբեր 10,2010 00:00

Հայաստանում է չեխ ապակեգործ Իվանա Շրամկովան

Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում բացվեց չեխ արվեստագետ, ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» քանդակների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նույն սրահում երեկվանից մեկնարկեց նոր մանկական ծրագիր՝ «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» խորագրով: Գունավոր թղթեր, երկրաչափական մարմիններ, մատիտներ, նկարչական տետրեր, մանկական սեղան եւ աթոռ… Այս ամենը նախատեսված է 6-12 տարեկան յուրաքանչյուր այն փոքրիկի համար, ով կցանկանա մի օր մոտենալ արվեստին եւ օգտագործել իր երեւակայությունը: Իվանա Շրամկովայի նոր ծրագիրը այս նպատակով սկսում է հայ մանուկներին հուշել՝ օգտագործել սեփական երեւակայությունն ու ստեղծագործական միտքը:
Ինչպես ասում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ծրագրերի եւ կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը. «Ծրագրի ընթացքում անցկացվելու են ստեղծագործականության կամ արվեստի խաղ-դասեր երեխաների հետ: Դասերը հիմնվելու են Իվանա Շրամկովայի ստեղծագործությունների վրա: Կենտրոնում երեխաների հետ աշխատելու են մասնագետներ, որոնք երեխաներին հնարավորություն կընձեռեն ուղղակիորեն առնչվել արվեստի հետ, օգտագործել իրենց երեւակայությունն ու ստեղծագործական կարողությունները»:
Նշենք, որ ամեն շաբաթ անցկացվելիք դասընթացներն անվճար են: Ցանկացողները պետք է միայն զանգեն եւ գրանցվեն, քանի որ տեղերը սահմանափակ են, դահլիճն էլ՝ փոքր: Ա. Մարաբյանը նկատեց, որ նման ծրագիր Հայաստանում իրականացվում է առաջին անգամ. «Խաղ-դասերի նպատակն է սերտացնել թանգարան-դպրոց կապը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ երեխան կմասնակցի խաղ-դասերին իր ընտանիքի հետ, որպեսզի վերջինս ականատես լինի երեխայի եւ արվեստի շփմանը»:
Ծրագրի մեկնարկից անմիջապես հետո երեկ կայացավ կենտրոնի առաջին դասը՝ «Զատիկ» մանկատան սաների մասնակցությամբ: Դասն անցկացրեց ինքը՝ չեխ արվեստագետ Իվանա Շրամկովան: «Ուրախ եմ, որ նման ծրագիր է նախաձեռնվել այնպիսի երկրում, որն իր ամեն ինչով՝ կենցաղով, մարդկանցով, տարբերվում է Չեխիայից: Անգամ Չեխիայի պես երկրում չկա նմանատիպ մանկական միջոցառում, որը հնարավորություն կտա երեխաներին ինքնարտահայտվել արվեստում: Հուսամ, հայաստանյան փորձը կկիրառեմ իմ հայրենիքում: Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու, թե ինչպիսին են լինելու երեխաների առաջին տպավորություններն ու արձագանքները իմ արվեստ նմուշներին եւ ինչ կստացվի արվեստի հետ նրանց շփման արդյունքում»,-ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել