Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ

Նոյեմբեր 10,2010 00:00

Կամ՝ արժե՞ դպրոցի տնօրեն ընտրելիս կիրառել օրենքներին վերաբերող շուրջ 700 հարցից բաղկացած հարցաշար

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է ստանալ հավաստագիր, ինչը ձեռք բերելու համար տնօրենի թեկնածուները պիտի հանձնեն քննություն, որը ստուգում է ՀՀ օրենքների իմացությունը: Ներկայումս ՀՀ դպրոցների մեծամասնությունում նշանակված են տնօրենի պաշտոնակատարներ, եւ շուտով մեկը մյուսի հետեւից տնօրենի ընտրություններ կկազմակերպվեն մի շարք դպրոցներում: Սա է պատճառը, որ նման «տարողությամբ» հարցաշարով քննություն հանձնելու գաղափարը զայրացրել է դպրոցի գործող տնօրենների մեծամասնությանը: «Առավոտի» տեղեկություններով՝ համբերության բաժակն այնքան է լցվել, որ նամակ են պատրաստում, որով բացասական կարծիք են հայտնելու հարցաշարի մասին: «Առավոտի» զրույցը մի շարք դպրոցների տնօրենների հետ պարզեց, որ մեծամասնությունը նպատակահարմար չի համարում նման կերպ դպրոցի տնօրեն ընտրելը: Օրինակ՝ Ռ. Միրոյանի անվան թիվ 77 դպրոցի տնօրեն Մելանյա Ծատինյանը նշեց. «Դպրոցի տնօրեններն այսօր շնչելու ժամանակ չունեն, այնինչ՝ պիտի 700 հարցի անգիր պատասխանեն: Ստացվում է՝ մի երիտասարդ, որը լավ հիշողություն ունի, կարող է հարցաշարը անգիր պատասխանել եւ ընտրվել դպրոցի տնօրեն, բայց դա դեռ գրավական չէ, որ նա լավ տնօրեն կլինի: Տնօրենը նախ պիտի մանկավարժ լինի, դպրոցն իմանա, փորձ ունենա: Ժամանակին ոչ մեկը միանգամից տնօրեն չէր դառնում, անձը ինքն իրեն ապացուցում էր, որ ի վիճակի է կազմակերպչական աշխատանքների, գիտի երեխայի հոգեբանությունը, հետո էր դառնում տնօրեն»:
Տիկին Ծատինյանն առաջարկում է տնօրեններին ընտրել կատարած աշխատանքի հիման վրա, ոչ թե «չոր-չոր օրենքների իմացությամբ»: Մեր այն դիտարկմանը՝ պատասխանատու օղակները կպատճառաբանեն, թե այդ դեպքում օբյեկտիվ լինելը դժվար կլինի, տնօրենն արձագանքեց. «Թող մի անգամ էլ օբյեկտիվ լինեն, դա իրենցից չի՞ կախված. թող եւ թերությունները, եւ լավ կողմերը նկատեն ու դնեն կշեռքի նժարի վրա: Իսկ այժմ տնօրենին մի անհասկանալի խորհուրդ է ընտրում, որը նրան չի էլ ճանաչում»: «Տնօրենի ընտրության» կարգից հանվել է այն կետը, ըստ որի՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար կարող է նշանակվել միայն տվյալ աշխատանքային կոլեկտիվի անդամներից մեկը: Այս մասին Մ. Ծատինյանն ասաց. «Դա ցանկացած մարդու դպրոց մտցնելու ավելի հեշտ ճանապարհ է»:
Զրուցեցինք նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ: Հարցաշարի մասին նա նշեց. «Եթե մեր դպրոցների տնօրենները մի 3 անգամ կարդային հանրակրթության, կրթության մասին օրենքները, կամաց-կամաց կսկսեին որոշ հարցերի մասին մտածել: Հետեւաբար՝ կարեւոր է, որ հավաստագիր ստանալու քննությունը լինի օրենքի դաշտից: Տնօրենների մեծամասնությունը վրդովվել է, քանի որ չի սիրում օրենք կարդալ, ասում են՝ ա՛յ վերեւ, քեզ ծառայում եմ, հիմա պիտի նստեմ օրե՞նք սովորեմ: Հենց օրենքների չիմանալն է այս իրավիճակին հանգեցրել: Հավաստագրի ստացումից հետո խորհրդի հայտարարած մրցույթի երկրորդ փուլում ստուգվելու են նրա կառավարման հմտությունները»: Փոխարենը Ա. Բախշյանը անիմաստ է համարում այն, որ ուսուցիչներին հանձնարարվել է կազմել ուսուցչի թղթապանակ, որը պիտի ներառի մեթոդական փաստաթղթեր, առարկայական ծրագրեր, պլաններ, անհատական զարգացման ծրագիր. «Շատ հարցեր ինձ համար անհասկանալի են, իսկ որպես տնօրեն՝ այս թուղթը չէի տա ուսուցչին, քանի որ ցանկացած տնօրեն, փոխանակ այն ուսուցիչներին բաժանելու, պետք է բացեր կրթակարգը, այնտեղ ուսուցիչներին ներկայացվող ընդհանրական պահանջների շուրջ որպես ուսուցչապետ նրանց սովորեցներ՝ ինչպես համապատասխանել դրանց. արդյունքում ամեն ուսուցիչ կունենար իր անհատական թղթապանակը: Ու դպրոցում կունենայինք տարբեր թղթապանակներ: Իսկ այժմ ուսուցիչները սկսում են իրարից արտագրել, ինչ-որ արհեստական թղթապանակներ սարքել: Օրինակ՝ թիվ 68 դպրոցում իմ տեսած թղթապանակներն իրար այնքան նման էին, այնինչ դրանք չեն կարող նման լինել, քանի որ անհատական աշխատանքի արդյունք պիտի լինեն: Սա գալիս է այն իրականությունից, որ տնօրենների ստվար զանգված ոչ թե գնացել է կառավարելու կրթության գործընթացը, այլ ենթարկեցնելու դպրոցում աշխատող մանկավարժներին: Իսկ քանի որ մանկավարժների մեծ մասի իրավագիտակցական մակարդակը բավարար չէ, ուստի ենթարկվում են, ու գործում է «չարի վերջի» աղվեսի սպառնալիքը: Տնօրենն էլ նույն ձեւով ենթարկվում է մարզպետին, որն իրեն իրավունք է վերապահում աշխատանքի նշանակել դպրոցում մանկավարժից մինչեւ հավաքարար: Այնինչ, եթե տնօրենն իրականում ընտրված լիներ խորհրդի կողմից, լիներ խրատող ուսուցչապետ, այդպես չէր լինի»: Դառնալով ՀՀ վարչապետի՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին տրված հանձնարարությանը, պատգամավորը նշեց. «Եթե պարոն վարչապետն ուզում է իր հայտարարությունը կշիռ ունենա եւ հասարակությունը լսի ու ողջունի այն, պետք է ընտրի ճիշտ ճանապարհը, որն ինձնից լավ գիտի: Իսկ նրա ընտրած ճանապարհը չի նպաստելու կոռուպցիայի վերացմանը. հասցեատերը ճիշտ չէ: Օրինակ, ինչո՞ւ այդ խնդրով չի դիմել ՀՀ նախագահին, ով ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է եւ խորհրդի կանոնադրությամբ Մայր բուհում կատարվող բոլոր երեւույթներին, այդ թվում՝ կոռուպցիոն, պարտավոր է արձագանքել: ԿԳՆ-ն, իհարկե, կոռուպցիայի համար պատասխանատու է եւ հատկապես այնքանով, որքանով ցանկացած դպրոցի տնօրենի մրցույթ անցկացնում է ԿԳՆ ներկայացուցիչը, եւ նախարարը պիտի հանձնարարի նրանց մրցույթն անցկացնելիս առաջնորդվել միայն կրթության շահերով, գրված օրենքներով եւ կարգերով: Այսօրվա գործող կարգով խորհուրդների կազմում նախկին 7 անդամի փոխարեն 8-ն են. 2-ը՝ դպրոցի մանկավարժ, 2-ը՝ ծնող, 2-ը՝ համայնքի, 1-ը՝ մարզի կամ Երեւանի դեպքում՝ քաղաքապետարանի եւ միայն 1-ը՝ ԿԳՆ-ի ներկայացուցիչ: Իսկ «Տնօրենի ընտրության» կարգից շատ հասկանալի պատճառներով հանվել է այն կետը, որի համաձայն՝ պաշտոնակատարը պետք է նշանակվեր տվյալ կոլեկտիվից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել