Հայի ճակատագիր է՝ որտեղ ասես, որ հարազատ կամ բարեկամ չունենա, սկսած մոլորակի ամենահեռավոր երկրից, վերջացրած հարեւան երկրներով:
Ինչ արած, անհրաժեշտության դեպքում՝ ելքեր, ճանապարհներ միշտ գտնվում են միմյանց այցելելու, միմյանց մատից փուշ հանելու համար: Բայց զարմանքով արի ու տես, որ այս էլ շուրջ երկու տարի նման հնարավորությունից գրեթե զուրկ են Վրաստանի հայաբնակ Ախքյորփի, Չանախչի, Խոմել, Խոժոռնի, Շահումյան, Գյուլլուբաղ եւ այլ սահմանամերձ գյուղերի բնակիչները, այդ գյուղերից Ստեփանավան քաղաքում սովորող հայ ուսանողները: Հարց է ծագում՝ մեղավորն ո՞վ է, այդ անիծյալ վրացինե՞րը, թե՞… Իհարկե, թե: Վրացիներն այս դեպքում մեղք չունեն: Մեղավորը մեր՝ հայկական կողմն է, եւ ահա ինչու. մեր հանրապետության հյուսիսային այս հատվածն սպասարկող հայկական մաքսակետը գտնվելով 17 կմ մեր սահմանից ներս (Պրիվոլնոյե գյուղում), չգիտես ինչ տրամաբանությամբ՝ թույլ չի տալիս վրացական պետհամարանիշներով երթեւեկության միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Հակառակ սրան, վրացական մաքսակետը արհեստական որեւէ խնդիր չի ստեղծում ոչ վրացական, ոչ էլ հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների համար: Ստեղծված անելանելի իրավիճակի պատճառով վերոնշյալ գյուղերի բնակչությունը ճարահատյալ այդ կարճ ճանապարհը՝ 17 կմ-ն, երկարացնում է շուրջ 160 կմ-ով՝ Տաշիր կամ Ստեփանավան հասնելով Ալավերդիի կողմից:
Հիշեցման կարգով ասենք, որ մեր երկրի ու ժողովրդի համար ամենածանր տարիներին՝ 90-ականների սկզբներին, երբ վտանգավոր էր Սադախլոյով եւ Դմանիսիով երթեւեկելը, բեռնափոխադրման միակ հուսալի ճանապարհը հյուսիսային հատվածում հենց այդ՝ 17 կմ-անոց անցուղին էր՝ Ախքյորփի-Պրիվոլնոյե-Վոլչի ճանապարհահատվածը:
Այս իրավիճակը խորը անհանգստություն է առաջացրել նաեւ ՀՀ Տաշիրի տարածաշրջանի ազգաբնակչության մեջ, որովհետեւ դարեր շարունակ կապված լինելով Վրաստանի հայաբնակ այդ գյուղերի իրենց հարազատների հետ՝ այժմ զրկված են ազատորեն նրանց այցելելու հնարավորությունից, միմյանց օգնելուց, ուրախության կամ դժբախտության ժամանակ նրանց կողքին լինելուց, Ստեփանավանի հիվանդանոցներում նրանց բուժօգնությունը կազմակերպելուց կամ իրենց տներում ապաստանելուց:
Իսկ գիտե՞ք, թե, այսպես ասած, ի՜նչ «օյիններ» են սարքում մերոնք, երբ ամեն դեպքում Վրաստանի հիշատակված գյուղերից մեր հայրենակիցները այդ կարճ ճանապարհով մտնում են Հայաստան: Ոչ ավել, ոչ պակաս՝ պարտադրում են հարեւան հանրապետության պետհամարանիշներով մեքենաները կանգնեցնել իրենց մոտ՝ Պրիվոլնոյեի մաքսակետում, պատվիրել տաքսի Ստեփանավանից կամ Տաշիրից, տաքսիով հասնել Գոգավանի մաքսակետ, այնտեղ ստանալ ԲՄՀ, այսինքն՝ մուտքի անցագիր, վճարելով 1500 դրամ: Այնուհետեւ նույն տաքսիով վերադառնալ Պրիվոլնոյե գյուղ եւ նոր միայն «մտնել» Հայաստան: Մարդիկ նույն տառապանքին պարտադրված են նաեւ վերադարձի դեպքում: Ի՞նչ է սա, գավառամտությո՞ւն, նախնադարյան մարդու վարքագի՞ծ, թե՞ հայաթափման, սահմանամերձ գյուղերի թուլացման, քայքայման մտածված քաղաքականություն, որի մասին, ըստ տեղաբնակների հավաստիացման, հավանաբար, տեղյակ էլ չեն մեր հանրապետության վերին իշխանությունները:
Ասվածին ավելացնենք նաեւ հետեւյալ իրողությունը. բանն այն է, որ այդ տարածքում, ՀՀ սահմանի վրա ժամանակին կառուցվել եւ կահավորվել է անցակետային կարգին շենք, ապահովվել հոսանքով: Այսինքն՝ մեծ ծախսեր են արվել: Այս ամենով հանդերձ, թողած նպատակային շինությունը, իր հարմարություններից ելնելով, տվյալ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի գտնում տեղափոխվել այնտեղ: Ինչո՞ւ: Պետական կարեւորագույն ծառայությունը մի՞թե սեփական քմահաճությամբ արվող գործ է: Գուցե, ո՞վ իմանա:
Նման վարվելակերպով ո՞ւմ ջրաղացին եք ջուր ավելացնում, պարոնա՛յք արտոնյալներ: Ստիպում եք մարդկանց նո՞ր արտագաղթի, նո՞ր տառապանքների: Ասացեք, խնդրեմ, մի՞թե քիչ են այն հայ խլյակները, որոնք տարրալուծվում են աշխարհի հորիզոններում…
Վրաստանի վերոնշյալ հայաբնակ գյուղերի մի խումբ բնակիչների անունից՝