Բավականին ժամանակ է՝ միայն կարդում եւ դասական երաժշտություն եմ լսում
Բանտում ամենակարեւոր արժեքը, որ մարդուս տրված է, ժամանակն է, եւ փորձում եմ դրսում գտնված ժամանակ չունեցած, միշտ ետեւից վազած, բայց չհասած այդ սրբություն սրբոց նորին գերազանցություն ժամանակն ըստ արժանվույն օգտագործելով՝ «իմանալ զբանս հանճարոյ»: Համոզված եմ, որ դրսում գտնվող իմ հայրենակիցներից շատ ավելի ազատ եմ, եւ քանի որ ժամանակին տիրապետելու հնարավորություն էլ ունեմ, ինչը հաստատ նրանցից շատ-շատերը չունեն, փորձում եմ մտածել ու վերագնահատել մեր ժամանակները՝ հասկանալու համար մեր սերնդին պարտադրված անմարդկայինն ու դրա կուլ տված սքանչելի արժեքները, որ իմ բազմաչարչար ժողովուրդն ունի իր բնության մեջ:
Գտնում եմ, որ մեր հասարակության մեջ ամեն մարդ իր տեղը պետք է ունենա եւ այդ առումով իմ գտնված տեղից՝ բանտից, այդքան էլ դժգոհելու չեմ՝ բնականաբար: Իմ գտնված վայրում սուտը, կեղծիքը, խարդախությունը եւ նման բացասական երեւույթները շատ ավելի քիչ են, քան դրսում, եւ այդ առումով ես շատ ավելի իրեղեն կյանքով եմ ապրում ու շնչում մեր՝ կալանավայրերի աշխարհում:
Այստեղ՝ ներսից դուրսը շատ ավելի լավ, բավականին հստակ է երեւում, եւ արդեն թեկուզ միայն դա կարելի է լուրջ ձեռքբերում համարել, համեմատած դրսում տիրող թվացյալ «իրականությունը» հանդուրժելով գոյատեւող բազմամիլիոն մեր հայրենակիցներին բաժին հասնող դաժան իրականությանը:
Բանտում գրեթե ամեն ինչ ու ամեն բան իրեղեն է, շոշափելի, կոնկրետ… Այստեղ, ի տարբերություն դրսի, իրերը կոչվում են իրենց անուններով, եւ ճշմարտությունը հասանելի է մարդկանց, այսինքն՝ վիրտուալը գրեթե բացակայում է մեր կյանքում: Մենք ապրում ենք իրականը, իրեղեն կյանքին հատուկ բոլոր հատկանիշները քիչ թե շատ համտեսելով հանդերձ, այսօրը գլորում ենք վաղվան, վաղն էլ՝ մյուս օրվան, եւ այդպես շարունակ:
Շարունակ հասկացությունը երեւի թե բանտում գտնվող մարդուն ամենաբնորոշողն է, ամենաճիշտ ներկայացնողը՝ բացատրիչը: Այստեղ ամեն ինչ շարունակ է կատարվում, շարունակականության բոլոր տեսակի դրսեւորումների բաժնետեր-փայատերն եք անժամանցելի թվացող անընդհատությամբ, եւ այդ ամենը այնքան ցայտուն է ու առկա ձեր կյանքում, որ արդեն ժամանակն ինքնին իմաստալից է դառնում, իրերի վիճակն ու գոյությունը՝ ընկալելի «ամենեցուն»:
Բանտը մարդկանց պատկերացումներում ազատությունների սահմանափակման վայր է ընկալվում, արտաքուստ ինչքան էլ այդպես թվա, հավատացեք, որ դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը եւ խաբուսիկ է:
Մարդը բանական էակ է, մտքի, մտածողության, գաղափարների, աշխարհընկալման ընդունակ արարած, եւ հենց այդ հատկանիշը հերիքում է, որպեսզի մարդը իր ազատությունը չզիջի, չթողնի, որ բանտարկեն: Միտքը այդպիսի բան է, որ ոչ ոք չի կարող այդ արգելել կամ ազատ մտածողությունը շղթայել, կանխել, վերացնել: Ո՛չ… դա անհնար է եւ անիրագործելի, աշխարհում իրեն ուժեղ կարծող եւ ոչ մեկ իշխանությանը երբեք չի հաջողվել հաղթել մարդու բանականությանը, նրա մտքին, ավելի ճիշտ՝ մտքի ազատությանը, ազատ թռիչքին:
Բանտարգելված-շղթայվածը միայն մարդու մարմինն է, ֆիզիկական-անասնականը, բայց ոչ երբեք միտքը, այսինքն՝ նրա հավատքը, դավանանքը, հայացքը, գաղափարները:
Ուստի, բանտում գտնվելով, իմ բանականությունը՝ մտածելու ընդունակությունը չի դադարել երբեք, եւ այդ մարդկայինը սահմանափակել ոչ ոքի չի հաջողվել:
Մարդկանց, իրենց գաղափարների, քաղաքական հայացքների դեմ անզոր գտնվելով թշնամացած եւ նրանց հանդեպ հաշվեհարդար տեսնող, վրեժխնդիր եղողների «մարդկային» թուլությունը ամենաերեւացող փաստն է այդ իրողության, որ այժմ բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալներին հաղթել չստացվեց, իրեն ուժեղ կարծողներին դա չհաջողվեց, եւ հենց սա է այն միակ պատճառը, որ այժմ էլ տիրող իրավիճակի պատասխանատուները այս, ըստ իրենց՝ պարտվածի հոգեվիճակի հետ հաշտվել չեն կարողանում:
Նրանց հասու չէ մարդկային բանականության անսահման ազատությունը եւ ազատությունը իբրեւ գերագույն արժեք համարող մարդկանց գոյությունը՝ առհասարակ: Նրանք չունեն մարդկայինը ընկալելու հատկանիշներ, չունեն որեւէ գաղափար, հավատք կամ հայացք, որ թեկուզ միայն իրենց համար արժեք ներկայացնի, նվիրում պահանջի:
Նրանք շատ մեղք են, խեղճ ու մտքից թույլ, եւ, ըստ իս, հենց այդ է պատճառը, թիվ 1 պատճառը Հայաստանի Հանրապետության բանտերում քաղաքական բանտարկյալների առկայության: Նրանք այնքան թույլ են, որ չեն կարողանում առանց մեզ պատանդ պահելու՝ մեր գաղափարակիցների հետ երկխոսության գնալ, մեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ մեզ հետ մարդավարի խոսել, բանավիճել ու վարվել:
Նրանք անընդունակ են նման վարքագիծ դրսեւորել իրենց պակասող հատկանիշներ չունենալու պատճառով, իսկ մենք չենք կարող իրենց օգնել այդ պակասը լրացնելու գործում:
Ավելի ճիշտ՝ փորձեցինք 2008թ. փետրվար ամսվա վերջին 9 օրերին այդ անել, որպեսզի նրանք հասկանան իրենց թուլությունը, ցանկացանք խաղաղ կեցվածք դրսեւորելով՝ խոսել նրանց հետ, իսկ նրանք մեր խոսքի վրա կրակեցին:
Կրակելը նրանց բնության մեջ է, խոսելն ու բացատրելը՝ մեր: Նրանք չեն կարողանում խոսել, քանի որ ասելիք չունեն: Մենք մեր արժանապատիվ կեցվածքով ապացուցեցինք նրանց, որ անհնար է մեզ հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելով՝ որեւէ հաջողության հասնել, բայց նրանք նույնիսկ նման իրողության պայմաններում չկարողացան իրենց բնույթին հակառակ քայլ անել:
Մենք կորցնելու մեծագույն մի արժեք ունենք, եւ դա Հայաստան պետությունն է, այժմ հանուն այդ արժեքի պահպանման ու հարատեւ պահպանությունն ապահովելու մտահոգությամբ էլ փորձում ենք մեր՝ պատանդի կարգավիճակը անտրտունջ տանել:
Մեր ազատությունը ոչ այնքան անձնապես մեզ, ինչքան հայաստանյան հասարակությանն է պետք, եւ դրա գիտակցումով էլ դիմադրում ենք բոլոր տեսակի տմարդություններին եւ բռնապետության առաջ չենք ծնկում:
Պոլ Վալերին ասել է, որ «Մի պետություն իր դեմ կանգնածներին եւ կենսունակ ուժերին ինչքան կկարողանա պաշտպանել, այդքան ուժեղ է»… Մեր ապրած պետությունում իրավիճակը բոլորովին հակառակն է մեր ժամանակներում, ուստի ստիպված եմ շարունակել հավատալ բրիտանացի մեծ գրող Օսկար Ուայլդի խոսքերին. «Անհնազանդությունը մարդուն հատուկ առաքինություն է: Առաջադիմությունը անհնազանդության եւ ապստամբության շնորհիվ կիրագործվի»: