Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ՊԱՀԱԾՈՅԱԳՈՐԾՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Նոյեմբեր 10,2010 00:00

Բողոքավորներն իրենց անունները չեն ասում, որովհետեւ պաշտպանվածության եւ հալածանքների չենթարկվելու երաշխիքներ չունեն:

Էջմիածնի պահածոներ արտադրող «Կոնսեր» ՍՊԸ բանվորներն ահազանգել էին «Առավոտին», որ երկու ամսվա չվճարված աշխատավարձի փոխարեն ընկերության ղեկավարությունն իրենց տոմատի մածուկ է առաջարկում: Ահազանգողները ասել էին նաեւ, որ աշխատավարձը գումարի տեսքով տալու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպելու հենց գործարանի բակում:
Նշված օրը, նշված ժամին եղանք բողոքավորների հիշատակած վայրում: Առաջինը, ում հանդիպեցինք գործարանում, պահակն էր՝  ուստա Խաչիկը: Շատ կարճ զրույցի ընթացքում պահակը եւս հաստատեց, որ աշխատավարձի երկու ամսվա պարտք կա, սակայն, երբ խոսակցությանը ներգրավվեցին նաեւ գործարանի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը, ուստա Խաչիկը փոշմանեց, որ բողոքել է: Ասաց՝ «կարող ա ձեզ լավ չե՞մ հասկացել, շփոթվե՞լ եմ»:
Ահազանգը կեղծ որակելով, ընկերության գլխավոր հաշվապահ Պետրոս Հովակիմյանը հերքեց թե աշխատավարձի պարտքի, թե պարտքը տոմատի մածուկով փոխհատուցելու մասին լուրերը: «Ո՞նց կարանք պատրաստի արտադրանք դուրս տանք առանց հաշիվ-ֆակտուրայի: Գործարանից մանրածախ առեւտուր չի լինում: Ինչ ասել են՝ սուտ է: Դուք էլ հավատացել, վեր եք կացել-հասել եք ըստեղ: Հիմա, եթե ասեն՝ գործարանում ռումբ կա, հավատալո՞ւ եք»,- հեգնեց գլխավոր հաշվապահը:
Եվ եթե գլխավոր հաշվապահի ազդեցությանը ենթարկված պահակը համարձակություն չունեցավ տեր լինել խոսքին, ապա գործարանի մոտ հավաքված կանայք չընկրկեցին: «Չեն ասում չենք տա, բայց չեն էլ ասում՝ երբ կտան: Մենք էլ անհանգստանում ենք. սեզոնը փակվել ա, գործարանն էլ հետը: Ի՞նչ երաշխիք ունենք, որ չեն խաբի: Ամռան ամիսներին վարձատրեցին, որովհետեւ մթերման սեզոն էր: Չվճարելու դեպքում չէինք աշխատի՝ գործը կկանգներ: Իսկ հիմա էլ անելու բան չկա, գործարանն էլ փակվել ա: Մենք էլ վախենում ենք, որ էլ էրես-էրեսի չենք հանդիպի ու ավելի հեշտ կլինի մեզ խաբելը»,- ներկայացրեց աշխատակցուհիներից մեկը:
Ի տարբերություն գլխավոր հաշվապահի, «Կոնսեր» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Համլետ Ավագյանը չհերքեց, որ գործարանը ունի չվճարած աշխատավարձեր, որ պարտք է աշխատողներին: Ասաց, որ դրա պատճառը գյուղատնտեսական անբարենպաստ տարին էր՝ ֆորս-մաժորային (անհաղթահարելի) իրավիճակը եւ ոչ միայն աշխատողներին չեն վճարել, նաեւ ստիպված խախտել են արտասահմանցի գործընկերների հետ պայմանագրի որոշ կետեր: «Հա, մենք հասկանում ենք, նույնիսկ մտնում ենք նրա դրության մեջ: Բայց դա իրա բիզնեսն ա, չէ՞: Կշահի, թե տակ կտա, դա մեզ՝ բանվորներիս հետ ի՞նչ կապ ունի: Մենք աշխատել ենք ու մեր փողն ենք ուզում»,- տնօրենին հակադարձում են աշխատողները:
Չվճարված աշխատավարձը տոմատի մածուկով փոխհատուցելու մասին «Առավոտին» հասած լուրը զարմացրեց բանվորուհիներին: Բայց նրանցից մեկը, այնուամենայնիվ, հավաստեց. «Նախորդ ամիս մի բլոկ տոմատի մածուկ վերցրել եմ: Իրենք էլ տվել են՝ աշխատավարձից հանելու պայմանով»: Երբ աշխատակցուհու ասածը փոխանցեցինք ընկերության տնօրենին՝ զայրացավ. «Սուտ են ասում, մի հավատացեք: Մենք իրենց ասե՞լ ենք աշխատավարձի փոխարեն տոմատի մածուկ տարեք. եթե կա մեկը, որ կարա գա, կանգնի դեմս ու նույն բանն ասի, պատրաստ եմ տասն անգամ ավելի վարձատրել: Եթե մեզ մոտ մանրածախ գները շուկայից թանկ են, ըտենց բան ո՞նց կլինի»:
Բանվորուհիներն իրենց խոսքը տնօրենի երեսին ասելու համարձակություն չունեցան, նրա ներկայությամբ գովեստի ու երախտիքի ջերմ խոսքեր շռայլել-վերջացնելուց հետո անկեղծացան «Առավոտի» հետ զրույցներում: «Մեզ էլ հասկացեք՝ վախենում ենք աշխատանքներս կորցնենք: Ճիշտ ա՝ սեզոնային աշխատանք ա, ստացածներս էլ մի բան չի՝ 50 000 դրամ, բայց տանը նստելուց լավ ա: Որ աչքի ընկնենք՝ վրաներս մուռ կպահի ու մյուս տարի գործի չի ընդունի: Մանավանդ որ, նման դեպք եղել ա»,- ասում էին մեր զրուցակիցները:
Օրավճարով աշխատող բանվորուհիների փոխանցմամբ՝ եթե նախորդ տարի առավոտյան 9-ից մինչեւ 17-ը աշխատելով 2300 դրամ են ստացել, ապա այս տարի նույնչափ վարձատրվել են, սակայն՝ 9-ից 21-ը աշխատելու պայմանով: «Աշխատաժամն ավելացրեց, բայց աշխատավարձը թողեց անփոփոխ: Սա շահագործում չէ՞»,- հարցրեց աշխատավարձ չստացած մի բանվորուհի:

Հ. Գ. Ցավոք, առաջին դեպքը չէ, երբ դժգոհ քաղաքացիները բողոքելով հանդերձ, էլ ավելի վատ վիճակում չհայտնվելու հեռանկարից վախենալով՝ չեն ներկայանում: Տեղին է հարցնել, իսկ ո՞ւր է վախի մթնոլորտն ու վախի հասարակությունը վերացնելու՝ պետության կարգավորիչ դերի, օրենքի առաջ հավասարության մասին խոսել սիրող պաշտոնյաների ամբողջությունը, որ Հայաստանի կառավարման համակարգ է կոչվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել