Ամբաստանյալները հացադուլ են նախատեսում
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, կազմակերպված ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 6 հոգուն դատապարտեց 6-9 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալներն ու պաշտպանները, ոչ ոք համաձայն չէին վճռի հետ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի՝ Հ. Մալխասյանի եւ Հ. Սարգսյանի ստեղծած 6 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը Վանաձորի բնակիչ Ա. Աղայանի նկատմամբ կատարել է ավազակային հարձակում: Առաջին անհաջող փորձից հետո երկրորդ անգամ խմբի անդամները Ա. Աղայանին կողոպտելու նպատակով հարձակվել են նրա վրա, ոտքերով ու ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնին, պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, ինչից հետո հափշտակել վերջինիս 5000 դրամ արժողության ձեռքի պայուսակը: Պայուսակում, սակայն, գումար չհայտնաբերելով, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են Աղայանի՝ պայուսակում գտնվող իրերը, այդ թվում՝ անձնագիրը: Նախաքննության ընթացքում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, հետո հրաժարվել դրանցից, բացի մեկից, ում ցուցմունքի հիման վրա էլ խմբի անդամները դատապարտվեցին:
«Դատարանն ապացույցների մի մասին տվեց առավել մեծ նշանակություն, քան մյուսներին, ընդ որում՝ այն ապացույցը, որին տրվել է մեծ նշանակություն, մեկն է, իսկ այն ապացույցները, որոնք հերքում են այդ մեկ ապացույցը, բազմաթիվ են,- դատավճռի անարդար լինելու մասին տեղեկացրեց ամբաստանյալ Դ. Պողոսյանի պաշտպան Ռ. Հակոբյանը,- բոլորին էլ դատապարտեցին մեկ ամբաստանյալի ցուցմունքի հիման վրա՝ բացարձակ հաշվի չառնելով մյուս 5-ի՝ այլ բովանդակության ցուցմունքները»:
Ռ. Հակոբյանի պաշտպանյալին դատարանը դատապարտեց 8 տարվա ազատազրկման, ինչի հետ պաշտպանը համաձայն չէ, եւ արդարության հասնելու համար դիմելու են ՀՀ վերաքննիչ դատարան:
«Որեւէ փոփոխություն արարքների որակման հետ կապված՝ տեղի չունեցավ, թեեւ պաշտպանական կողմը բավականին ծանրակշիռ փաստարկներ էր ներկայացրել»,-ասում է նա եւ հավելում, որ դատից մեկ օր առաջ ամբաստանյալներից չորսը, այդ թվում եւ իր պաշտպանյալը, հացադուլ էին հայտարարել: Պաշտպանը տեղեկացրեց նաեւ, որ թեեւ նրանք այս փուլում հացադուլի մեջ չեն, բայց հավաստիացրել են, որ իրենց շահերի պաշտպանության եւ արդարության հասնելու համար կրկին կդիմեն այդ ծայրահեղ քայլին:
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները բազմիցս հնչեցրել են հանցագործության մասին հաղորդումներ՝ ծեծի, սպառնալիքների, հոգեբանական ճնշումների մասին, բայց այդ հաղորդումներն անհետեւանք են մնացել՝ համարվելով, որ հիմնավորված չեն:
«Օրենքի համաձայն՝ անհրաժեշտ էին այդ հաղորդումների գրանցումը, առանձին նյութերի նախապատրաստումը եւ 10 օրվա ընթացքում որոշում կայացնելը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին»,- ասում է պաշտպան Հակոբյանը:
Ըստ նրա՝ այդ քայլերը չեն արվել, հետեւաբար, այսօր բռնություններ գործադրելու վերաբերյալ կա չփարատված կասկած, իսկ այդ դեպքում չփարատված կասկած կա, որ իրոք բռնություն է գործադրվել:
Չնայած այս ամենին՝ դատարանը պատժի սկիզբը հետին օրով հաշվեց՝ այդ կերպ վերացնելով ոստիկանությունում տեղի ունեցած խախտումը: Հիշեցնենք, որ կասկածյալներին 1 օր ավելի էին պահել ոստիկանությունում: