Գայանե Կարախանյանի նախագահությամբ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դռնփակ դատական նիստ: «Տաշիր» ոսկու տոնավաճառի աշխատակից Մելինե Մարգարյանը, որի կալանքի երկարացման հարցն էր քննարկվելու, դատարան բերվեց արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով:
«Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ Մ. Մարգարյանի պաշտպան Գառնիկ Թորոսյանն ասաց, որ իր կողմից դատական նիստում կալանքի ժամկետի երկարացման քննարկման ժամանակ ներկայացվեցին ապացույցներ, որոնք դատարանը հաշվի չառավ եւ անգամ ընդունած որոշման մեջ հղում չկար:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի բաժնի քննիչ Էդգար Պետրոսյանն իր հերթին հիմնավորել է կալանքի ժակետը 2 ամսով երկարացնելու պահանջը:
Մելինե Մարգարյանի ամուսինը՝ Խաչիկ Հովհաննիսյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին եւ «Զինվորի մայր» կազմակերպությանը: Նա տեղեկացնում է, որ որդին ծառայում է Արցախում. «Ինչ ոգով պետք է որդիս ծառայի հայրենիքի համար, մյուս որդիս էլ նոր պետք է մեկնի ծառայության, երբ գիտակցի, որ հայրենիքում կատարվում են նման անօրինություններ»: