Մինչեւ Արմեն Ավետիսյանը դատարան չգա՝ գործը չի բացահայտվի
Ինչպես տեղեկացրել ենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակում կատարողների գործի քննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները 9-ն են: Նախորդ օրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արման Նիկողոսյանը միջնորդեց վերանայել ու նորից քննության ենթարկել նախաքննության ընթացքում իր մասով «կորզած ցուցմունքները»՝ որպես ապացույց դրանց օգտագործելը համարելով անթույլատրելի: Ըստ նրա, նախաքննական մարմինն իր նկատմամբ կեղծ, արհեստական, բռնությամբ, ճնշումներով, սադրանքներով մեղադրանքներ է բստրել՝ համագործակցելով գործով անցնող բազմաթիվ մեղադրյալների ու վկաների հետ: «Չապացուցվեց, թե ես ի՞նչ մասնակցություն եմ ունեցել այդ հանցագործություններին: Այդ ցուցմունքները հակասություններով են լցված, սուտ են, որոնք սպառնալիքով են կորզվել եւ չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարեց Ա. Նիկողոսյանը՝ կրկնելով, որ վարույթն իրականացնող մարմինն իր նկատմամբ շինծու տեղեկատվություն է փոխանցել: Մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը մերժեց միջնորդությունը՝ այն համարելով ոչ ժամանակին կատարված, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (լուսանկարում) որոշեց միջնորդության հարցը հետաձգել: Դատական նիստի մյուս մանրամասները վերաբերում են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի երեք աշխատակիցներին, որոնք պաշտպանական կողմի պահանջով դատակոչվել էին: Զորիկ Հովհաննիսյանը, Արմեն Քամալյանը, Հովհաննես Դարբինյանը, պատասխանելով պաշտպանական եւ մեղադրող կողմերի հարցերին, փաստեցին, որ իրենց ղեկավար՝ «Կոշիկի քաղաք» ընկերության տնօրեն, Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրող Արայիկ Կարապետյանը բարոյական դիմագիծ ունեցող մարդ է, շատ քիչ օգուտ է ունեցել իր բիզնեսից եւ չեն հավատում, որ նա կարող էր մասնակցություն ունենալ կատարված հանցագործության հետ: Նկատենք, որ կողմերի հարցերը հիմնականում վերաբերում էին «Կոշիկի քաղաքից» հաճախակի մեծածախ գնումներ կատարած Վրաստանի քաղաքացի ոմն Արոլդի, որը, ինչպես Ա. Կարապետյանն է դատարանին հաղորդել, 2008թ. դեկտեմբերի կեսերին իր մոտ թողել է մի պայուսակ, որի մեջ, ինչպես հետագայում պարզվել է, մաքսայինի նախկին պետ Ա. Ավետիսյանի տան ավարն է եղել: Տեղեկացնենք, որ դատարան բերվեց նաեւ «անհայտության» մեջ կորած Արոլդի թողած պայուսակը, որը ճանաչեց նաեւ «Կոշիկի քաղաքի» նախկին պահեստապետ Հ. Դարբինյանը, քանի որ անձամբ է այն առանց ստուգելու իջեցրել մառան: Ըստ վկաների, Արոլդը բոլորից տարբերվել է, եղել է «կատակասեր, շյուլեր, աֆերիստ», որը կարողացել է իր երկարատեւ հաճախումներով շահել Ա. Կարապետյանի ու ընկերության հաճախորդների համակրանքը՝ հաճախակի կոշիկի մեծածախ գնումներ կատարելով ընկերությունից:
Ինչպես պատմեց վկա Հ. Դարբինյանը, միայն 2009թ. հունվարին է Ա. Կարապետյանն իրեն պատմել, որ «դա հարգարժան մարդու (նկատի ունի Ա. Ավետիսյանին- Գ. Մ.) ապրանքն է, ուզում են ինձ պաստավկա անեն», իսկ հետագայում կատարված իրադարձությունների մասին տեղեկացել են թերթերից: Մեղադրող Հ. Սարգսյանը, երբ Ա. Կարապետյանի հարեւան Հ. Դարբինյանին հարցրեց, թե ինչո՞ւ մինչ այժմ չի դիմել դատարան՝ հարցաքննվելու համար, վերջինս պատասխանեց. «Չեմ դիմել, գիտեի, իմ խոսքն ո՞վ ա հաշվի առնելու», իսկ Ա. Կարապետյանն էլ նկատեց. «Եթե գար ցուցմունք տալու, հիմա մեր շարքերում էր լինելու»:
Հ. Գ. Հավելենք, որ պաշտպանական կողմը նախապես միջնորդել էր, որ, որպես վկա դատակոչեն նաեւ Մաքսային կոմիտեի նախկին պետ Ա. Ավետիսյանին, որպեսզի գործի բոլոր մանրամասները բացահայտվեն: Դատարանն այս միջնորդությունը մերժել էր՝ անհիմն որակելով, որին ի հակադրություն՝ Ա. Կարապետյանն իր հարցաքննության ժամանակ հայտնել էր, որ «եթե Ավետիսյանը չհարցաքննվի, քրեական գործը մինչեւ վերջ չի բացահայտվի»: Երեկվա դրությամբ «գլխավոր հերոս» Արոլդի մասին ոչ մի տեղեկություն չկա: «Առավոտի» հարցին, թե նա ի՞նչ կարգավիճակ ունի այժմ, Ա. Կարապետյանի հանրային պաշտպան Կարեն Քամալյանն ասաց. «Դա օպերատիվ գաղտնի հարց է, մենք որեւէ տեղեկություն չունենք: Եթե տարվում էլ է այդ ուղղությամբ որեւէ աշխատանք, չենք կարող տեղեկություն իմանալ»: