Երկու փոխնախարարների ազատման հարցն այդպես էլ չպարզաբանվեց
Երեկ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անսպասելի այցելել է առողջապահության նախարարություն եւ գերգաղտնի աշխատանքային խորհրդակցություն անցկացրել նախարարի աշխատասենյակում, առողջապահության երկու փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը՝ վարչապետի որոշմամբ, սակայն իրենց դիմումի համաձայն, ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նախարարությունում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից այդպես էլ որեւէ տեղեկություն չհրապարակվեց: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ-ական Գագիկ Սայադյանի վերաբերյալ էլ երեկ ոչինչ չհայտնեցին: Եվ քանի որ նախարարությունների աշխատակազմի ղեկավարներին կառավարությունն է նշանակում եւ ազատում, ուստի պարոն Սայադյանի աշխատել-չաշխատելու հարցը պետք է քննարկվի միայն կառավարության նիստում: Երեկվա դրությամբ, կառավարության առաջիկա նիստի օրակարգում նման հարց ներառված չէր:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ Տ. Սարգսյանը բավականին կոշտ քննադատել էր գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ու առողջապահության ոլորտների պատասխանատուների աշխատանքը՝ հայտարարելով, որ «կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է»։ Ճիշտ է, վարչապետը կոնկրետ չէր նշել, թե ինչ նկատի ունի, բայց առավել կոնկրետ արտահայտվել էր առողջապահության մասով՝ նախարար Հարություն Քուշկյանին առաջարկելով քննարկել փոխնախարարներից մինչեւ աշխատակազմի ղեկավարի՝ պաշտոնից ազատելու հարցը, եթե նրանք բավարար չափով չեն կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ։ Վարչապետը վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարներին նույնիսկ 10-օրյա ժամկետ էր տվել՝ իրենց աշխատանքում թերացած պաշտոնյաներին հայտնաբերելու եւ նրանց ցանկը իրեն ներկայացնելու համար:
Երեկ «Առավոտը» փորձեց սեփական դիմումի համաձայն ազատված փոխնախարարներից պարզել, թե ինչո՞ւ հատկապես իրենք որոշեցին դիմում գրել ու աշխատանքից ազատվել, չլինի՞ հենց իրենք էին վարչապետի մատնանշած «կոռուպցիոներները»: Սակայն մեր զանգերին արդեն նախկին փոխնախարարներն այդպես էլ չպատասխանեցին. Թաթուլ Հակոբյանը հեռախոսը չէր վերցնում, իսկ Աբրահամ Մանուկյանն անջատել էր: Այդուհանդերձ մեզ հաջողվեց մի քանի ուշագրավ տեղեկություններ պարզել:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս ՀՀ կառավարության եւ նախագահի վերահսկողական ծառայությունները առողջապահության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ ու թերացումներ են հայտնաբերել, որոնք առնչվել են բուժհիմնարկներում պետպատվերի տեղադրմանը եւ դեղերի քաղաքականությանը: Վարչապետը հենց այդ փաստերը նկատի ունենալով է պաշտոնանկության հարց բարձրացրել: Բայց քանի որ բուժհիմնարկներին պետպատվեր տրամադրելու գործառույթը վերապահված է եղել փոխնախարար Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ հավաստի տեղեկությունների, զբաղվում է ռեստորանային բիզնեսով եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի մտերիմներից է, վարչապետը նրան առնչվող խախտումների փաստը հրապարակային չի դարձրել եւ նրան առաջարկել է պարզապես սուս ու փուս հեռանալ՝ իր դիմումի համաձայն: Պետպատվերի տեղադրման գործով նախկինում զբաղվել է պետական առողջապահական գործակալությունը, սակայն այդ կառույցի ղեկավար Արա Տեր-Գրիգորյանի ձեռքից այն վերցրել են, երբ Աբրահամ Մանուկյանը նշանակվել է փոխնախարար:
Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ նա արդեն քանի տարի է՝ դեղերի քաղաքականությամբ չէր զբաղվում: Հ. Քուշկյանի՝ նախարար դառնալուց հետո պարոն Հակոբյանը զրկվել է այդ գործից եւ միայն զբաղված է առողջապահությանն առնչվող այս կամ այն օրենքը մշակելով եւ ներկայացնելով: Ինչն այնքան էլ Թ. Հակոբյանի սրտով չէր: Ըստ որոշ լուրերի, այս ամենը նաեւ Թ. Հակոբյանի համար հարմար առիթ էր, որպեսզի դիմում գրի եւ աշխատանքից ազատվի: Նրա գործընկերների ներկայացմամբ, ընդհանրապես Թ. Հակոբյանը կոռուպցիայից հեռու մարդ էր եւ նախարարությունում հայտնի էր որպես խելացի ու բանիմաց պաշտոնյա:
Մեր տեղեկություններով, պարոն Հակոբյանը ծրագրեր ունի՝ աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: