Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՈՒՏՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"ՊԵԿ-ը կամ «Հայփո՞ստն» են գումարները շրջանառության մեջ դնում, թե՞ կառավարությունն է ստում

Արդեն մոտ մեկ ամիս է՝ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ստանալ ՀԴՄ չշահած կտրոնների պարգեւավճարները: Կառավարությունից ասում են՝ փողն ուղարկել ենք, Պետեկամուտների կոմիտեից ասում են՝ մենք փոխանցումները կատարել ենք, բայց «Հայփոստը», որը պետք է սպասարկի ՀԴՄ կտրոն հավաքած հանրությանը՝ բոնուսները չի տալիս: Խոսքը մեկ-երկու օրվա ուշացման մասին չէ: Արդեն երկու շաբաթից ավելի է՝ մարդկանց էսօր-էգուց են անում, անընդհատ տանում-բերում են ու մուկն ու կատու խաղալով՝ այդպես էլ փողը չեն տալիս: ՀԴՄ կտրոն հավաքողները հիմնականում թոշակառուներն են, սոցիալապես անապահով խավն է, որը այստեղից- այնտեղից կտրոն է խնդրում՝ մի քանի կոպեկի բոնուս ստանալու համար: Իհարկե, վերջին հաշվով դրանից մեր պետությունն է շահում, որովհետեւ բարեխիղճ սպառողների այդ ջանքերի շնորհիվ տնտեսության ստվերն է կրճատվում եւ պետբյուջե 40-50 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր են ապահովվում, բայց կարծես թե վերջին շրջանում մեր կառավարությունը ստվերը կրճատելու փոխարեն բոնուս ստացողներին է ուզում կրճատել:
Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում հստակ հայտարարեցին, որ այդ բոնուսների գումարները պետբյուջեից փոխանցվել են: Սպասվում էր, որ գոնե նոյեմբերի 1-ից նորից մարդկանց կսպասարկեն, բայց դա այդպես էլ չեղավ: Դրանից հետո գրեթե ամեն օր մեր խմբագրություն բազմաթիվ տատիկ-պապիկներ են գալիս՝ տոպրակներով ՀԴՄ կտրոնները ձեռքերին ու բողոքում, թե ինչպես է կառավարությունը իրենց ստորացնում. «Եթե գոնե հստակ ասեն, թե որ օրն են տալու կամ թեկուզ ասեն, որ չենք տալու, գնացեք, մեզ համար այսքան վիրավորական չի լինի, բայց մենք ամեն օր «Հայփոստի» բաժանմունք ենք գնում ու մերժված հետ գալիս: Ընդամենը 2000 դրամի բոնուս պետք է ստանամ, արդեն էնքան եմ գնացել-եկել, ներվայնացել, որ այդ գումարով դեղ պետք է առնենք»:
Այս բողոքների առնչությամբ Պետեկամուտների կոմիտեից «Առավոտին» պարզաբանեցին, որ խնդիրն արդեն լուծվել է, եւ այս երկուշաբթի օրվանից մարդկանց նորմալ կսպասարկեն: Սակայն այսօր արդեն չորեքշաբթի է, բայց բոնուսներից ձեն-ձուն չկա ու հույս էլ արդեն չկա, որ երբեւէ այդ պարգեւավճարները կհասնեն իրենց հասցեատերերին: «Հայփոստի» աշխատակիցները չոր ու կտրուկ պատասխանում են՝ «Մենք հրաման չենք ստացել»: Թե ով է այդ հրաման տվողը եւ ինչու է հասարակության գրպանի հաշվին զլանում ժամանակին հրամաններ արձակել՝ հարց է:
Եթե կառավարությունը փոխանցումն իսկապես կատարել է, ապա հարց է առաջանում՝ ո՞ւր է կորել այդ գումարը եւ ինչո՞ւ կառավարությունը չի հետեւում, որ երկու շաբաթ առաջ իր փոխանցած գումարը դեռ տեղ չի հասել: Չի բացառվում, որ կառավարությունն իրականում միայն հայտարարել է ու փոխանցումն այդպես էլ չի արել, այլապես վաղուց այդ փողերը յուրացնողի հարցերը լուծված կլինեին: Այս գործում շատ օղակներ չկան, որտեղ կարող էր փողը կորչել: Եթե կառավարությունը փողը փոխանցել է, ստացվում է, որ կա՛մ ՊԵԿ-ում, կա՛մ «Հայփոստում» է այն յուրացվել:
Երեկ երբ փորձեցինք «Հայփոստից» պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ չեն բաժանում սպառողների պարգեւավճարները՝ ընկերությունից տեղեկացրին, որ ՀԴՄ-ների հարցերով զբաղվող բաժնի աշխատակիցները գործուղման են գնացել Ճամբարակ. «Միայն կարող եմ ասել, որ ծրագրային պրոբլեմներ կան, դրա համար էլ գործընթացը դադարեցվել է»: Ավելի մանրամասն տեղեկատվություն, թե խոսքը ի՞նչ ծրագրային փոփոխությունների մասին է՝ չպատասխանեցին, պատճառաբանելով, թե «դուք ո՞ւմ լիազոր մարմինն եք, որ նման տեղեկություններ տանք»:
Հաշվի առնելով, որ խոսքը բավականին խոշոր գումարի մասին է, հնարավոր է, որ «Հայփոստը» այն, այսպես ասած՝ «գործի մեջ է դնում» ու մարդկանց գցում դռնեդուռ:
Հաստատված կարգի համաձայն, եռամսյակային կտրվածքով չշահած ՀԴՄ կտրոնների պարգեւավճարները սպառողները կարող են ստանալ հաջորդ 3 ամիսների ընթացքում: Այս դեպքում դեռ հույս կա, որ ժամերով հերթ կանգնելու ու «Հայփոստի» պատերի տակ քնելու միջոցով այդ բոնուսները կստանան: Սակայն կտրոնի ութանիշ թվերով շահած քաղաքացիները պետք է նույն ամսվա ընթացքում դիմեին ու ստանային իրենց շահումները: Բայց քանի որ գործընթացը դադարեցվել էր, հազարավոր մարդիկ, փաստորեն, խաբված մնացին ու չկարողացան իրենց շահումները ստանալ: Այդ գումարն այլեւս վերադարձման ենթակա չէ: Սպառողները պետության մեղքով կորցրին իրենց փողը եւ եթե նույնիսկ որոշեն նոյեմբերին էլ հոկտեմբեր ամսվա շահումները տալ՝ շիլաշփոթ կլինի, այդ դեպքում հաստատ չեն կարողանա սպասարկել:
Ի դեպ, նախորդ տարի 4-րդ եռամսյակում կառավարությունը մեծ անակնկալ մատուցեց սպառողներին ու որոշեց պարզապես այդ եռամսյակի բոնուսները չտալ՝ պատճառաբանելով, որ շատ մեծ գումարներ են, տակից դուրս չեն գալիս ու նոր կարգ պետք է մշակեն: Այս տարի նույնպես լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է կրկին 4-րդ եռամսյակի բոնուսները նույն պատճառաբանությամբ չտան. առջեւում Նոր տարի է, մեծ ծախսեր ու շատ ՀԴՄ կտրոններ, որոնց դիմաց վճարելիք պարգեւավճարները անհամեմատ ավելի քիչ կարեւոր են մեր կառավարության համար, քան այն տնտեսվարողները, որոնք պետք է Ամանորի առեւտրի հաշվին հարստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել