«Սիփան 1» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ նախարարության
Դատավոր Կարինե Բաղդասարյանը երեկ ՀՀ վարչական դատարանում լսեց «Սիփան 1» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հայցվոր կողմը դատական ատյաններում վիճարկում է 2009-ի ապրիլին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 147-Ա որոշումը՝ անվավեր ճանաչել հանքը շահագործելու մասին լիցենզիան եւ «Սիփան 1» ընկերությանը զրկել այն շահագործելու իրավունքից: Թե ինչով է հիմնավորվում նախարարի այդ որոշումը, դատարանում փաստարկներ ներկայացրեց նախարարության իրավաբանական բաժնի ղեկավար Ռուզան Փիլոյանը. «Լիցենզիան տրված է Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի համար, իսկ դա տրվում է պաշարների վերահաստատման արդյունքում, օրենքի ուժով, դեռեւս 2005 թվականի ապրիլի 2-ի դրությամբ, հայցվոր կողմը չի բերել շահագործման նախագիծ, 9-ամսյա ժամկետում չի կնքել լիցենզային պայմանագիր, իսկ լիցենզիան ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահից, հետեւաբար այդ լիցենզիան էլ չկա»:
Հայցվոր կողմը ներկայացնող ընկերության փաստաբանն էլ՝ Կարեն Թունյանը, հակադարձեց. «Բառախաղ են սարքել, խնդիրն այն է, որ կոնցենսիայի մասին օրենքը ուղղակիորեն ասում է, որ պայմանագիրը կապում են 9 ամսվա ընթացքում, բայց եթե գնում է պաշարների վերահաստատում, ապա պայմանագիրը կնքում են վերահաստատումից հետո 9 ամսվա ընթացքում: Անցած տարվանից գոռում-գոչում ենք, որ էս անտեր պետական մարմիններն ասել են՝ գնա եւ սկսիր լրահետախուզում անել, սկսվել է վերագնահատման փուլ, որը պետք է ավարտվի, որ գնանք լիցենզիայի պայմանագիր կնքենք: Նրանք ասում են՝ էդպիսի բան չկա, հարցնում ենք՝ բա ի՞նչն եք գրանցել, բա քանի՞ գլուխ ունեիք, որ հանձնարարել եք լրահետախուզում սկսել»: Պատասխանող կողմը նաեւ պնդում էր, որ իրականում ընկերության կողմից շահագործվող տարածքն ավելի մեծ է, քան նշված է փաստաթղթերում: Ըստ հայցվոր կողմի պնդումների էլ. «Հենց հանքավայրի վերահաստատման վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ այդ հանքավայրում կա թե՛ ոսկի, թե՛ արծաթ, թե՛ պղինձ: Եթե աշխարհագրական տվյալները նույնն են, այդ հանքավայրն այնուամենայնիվ այդտե՞ղ է, թե՞ ոչ, իսկ նրանք պնդում են, որ այն ավելի մեծ է, եթե ավելի փոքր է, այն, ինչ տվել եք լիցենզիայով, ավելի մեծը հանձնարարել եք հետախուզել, ինչի՞ մասին է խոսքը, սա նրա մեջ է»: Պարոն Թունյանը հիշեցրեց, որ դեռ 2009 թվականի հունիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ա. Միրզոյանի ձեռամբ, վճռել էր՝ քանի դեռ հանքավայրը գտնվում է լրահետախուզման փուլում, լիցենզիայի կասեցման մասին խոսք լինել չի կարող. «Բայց ընկերության լիցենզիան կասեցվեց, երբ ընկերությունը առնվազն 6 ամիս հանքը շահագործելու լիցենզիոն իրավունք ուներ: Մեկ տարի ընկերությունից ժամկետ խլելուց հետո, այսինքն՝ բացահայտ ընկերությանը կաթվածահար անելով, վճռաբեկ դատարանի որոշումից երկու ամիս անց, նորից նույն ակտն է գրանցվել»: Փաստաբանի խոսքերով, այն, որ հանքի նոր «մուշտարի» են գտել, հրապարակորեն հայտարարել է նախարարը. «Նախորդ դատական նիստին նախարարության ներկայացուցիչները, ովքեր հանդես էին գալիս որպես պատասխանող կողմ, հայտարարում են, որ հանքով հետաքրքրվողներ կան: Էլ չեմ ասում, որ այս տարվա գարնանը նախարար Արմեն Մովսիսյանը «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրն աճուրդի կհանվի, որ արդեն հետաքրքրվողներ կան, եւ որ առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում ամեն ինչ կորոշվի»: Հարցի լիարժեք պարզաբանում ստանալու նպատակով հայցվոր կողմը՝ վկայակոչելով թերթում տեղ գտած նախարարի հայտարարությունը, հանդես եկավ միջնորդությամբ՝ դատավարությանը ներառել նաեւ նախարար Արմեն Մովսիսյանին. «Մեր հարցերի պատասխանը կարող է տալ նա, ով ստորագրել է այդ հրամանը»: Դատավորը հիմք չընդունեց հոդվածը, այն համարելով ոչ պաշտոնական հայտարարություն՝ մերժեց միջնորդությունը: Հայցվոր կողմն էլ խոստացավ դատարանին ներկայացնել պատասխանող կողմի՝ դեռ նախորդ դատական նիստերում արձանագրված ձայնագրությունները, երբ պատասխանող կողմը նույնիսկ դատարանում է պնդել, որ հանքով շատ հետքրքրվողներ կան:
«Հույս ունեմ, երբ հաջորդ դատական նիստին ներկայացնեմ նախորդ նիստի ձայնային գրառումները, դատարանը միգուցե բավարարի մեր միջնորդությունը: Բայց ամբողջ հարցն այն է, որ պետք է բացահայտել, որ նախարարը շահագրգռված է հանքով: Ու գուցե անձամբ ճանաչում է այն մարդկանց, ովքեր հանքով են հետաքրքրված: Ի վերջո, օրենքն արգելում է նախարարին այդպիսի հարց քննարկել, եթե ինքը որեւէ կերպ շահագրգռվածություն ունի»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ քաղաքական ենթատե՞քստ է տեսնում. «Չեմ կարող բացառել քաղաքական կողմը, որովհետեւ պաշտոնատար անձն իր դիրքով այնքան բարձր է գտնվում… ամեն ինչ հնարավոր է»: Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ վերոնշյալ հանքով մեծապես հետաքրքրված է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: