Պատճառն այն է, որ նրանք դեռ վախեցած են ու խաբված
Դեռեւս անցած տարի Շիրակի մարզի ամենաբերրի համայնքի՝ Ազատանի գյուղացիները բանակի համար կարտոֆիլ մթերելիս կանգնել էին մի տխուր փաստի առջեւ. պաշտպանության նախարարության կողմից տենդեր շահած անհատը խաբել էր գյուղացիներին՝ ապրանքը «նիսյայով» վերցնելով ու ամիսներ շարունակ վեց միլիոն դրամ պարտքը «չլչլելով»: Բացի այդ, ազատանցիների վստահեցնելով, վերջինս բանակի հաշվին բիզնես էր արել. տենդերը շահել էր 60 դրամով, սակայն կարտոֆիլը գյուղացիներից ձեռք էր բերել անչափ էժան գնով՝ 20-30 դրամով կամ, ինչպես բնութագրում էին գյուղացիները՝ «անասնակերի գնով»: Ու չնայած այս հարցը մեծ աղմուկ բարձրացրեց, ընդհուպ գործին խառնվեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, սակայն, ազատանցիների ասելով, ոչինչ չի փոխվել, այս տարի էլ պաշտպանության նախարարությունը տենդերը նույն անձին է «նվիրել», որի պատճառով էլ գյուղացիները կորցրել են վստահությունը ու այլեւս հրաժարվում են բանակին կարտոֆիլ մատակարարել: Ազատանցիների ասելով, եթե նախորդ տարիներին բանակի անունը լսելիս իրենք ինչ-որ տեղ զիջումների էին գնում՝ մտածելով, որ, վերջին հաշվով, կարտոֆիլը իրենց զինծառայող երեխաների համար է, այժմ հիասթափությունն այն աստիճանի է հասել, որ գյուղացիները, գնորդների մեքենան տեսնելով, ճանապարհը փոխում են: Ազատանցի Գեւորգ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց, որ հայրենի կառավարությունը իր այս քայլով գյուղացուն դարձյալ «խոպանչի» դարձրեց՝ նրանց հեռավոր սիբիրներն ուղարկելով: «Պատկերացրեք, որ մարդիկ անցած տարի մեծ վարկեր էին վերցրել կարտոֆիլ ցանելու համար, վեց-յոթ գյուղերից հող էին վարձակալել, բայց նախարարությունն իր սխալ աշխատաոճով, տենդերի կազմակերպման սխալ մեթոդներով այնպես արեց, որ գյուղացին տոկոսի տակ ընկնի, մարդիկ եղան, որ անցած տարվա վարկերը փակելու համար ունեցվածքը, տուն-տեղը վաճառեցին ու դարձյալ արտագաղթի ճամփան բռնեցին: Գյուղացիները տեսան, որ կարտոֆիլ ցանելը հուսալի չէ, ինչ-որ միջնորդների են ուղարկում, որոնք էլ խաբում են, փողերը չեն տալիս, քթից են բերում, դրա համար էլ էս տարի հրաժարվեցին մեծ քանակությամբ կարտոֆիլ ցանելուց: Մեզանից կարտոֆիլը ինքնարժեքից ցածր գնով են տարել, եթե, ասենք, ինքնարժեքը 120 դրամ է, իրենք 30 դրամով տարան, հասարակ տրամաբանություն է, ես, որպես գյուղացի, գյուղատնտեսությունը ո՞նց պիտի զարգացնեմ»,- ասում էր մեր զրուցակիցը: Ըստ նրա, այստեղ իր բաժին մեղքն ունի նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ով այդպես էլ ոչինչ չձեռնարկեց անցած տարվա լիքը ապրանքը իրացնելու համար: «Հարեւան երկրներում կարտոֆիլի պահանջարկը շատ մեծ էր, բայց չթողեցին արտահանել, հայրենիքում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շահագրգռող ոչ մի պայման չստեղծեցին, հիմա լա՞վ է, որ դեֆիցիտ է, գներն օր օրի չգիտես ուր են հասնում»,- ասում է Գեւորգ Աբրահամյանը: Ըստ նրա, ազատանցիներն անցած տարի այնպես տուժեցին, որ այս տարի չկարողացան անգամ Հոլանդիայից ներկրվող բարձրորակ սերմ գնել ու բավարարվեցին 3-4 տարվա վերարտադրության սերմով: «Հոլանդականը շատ թանկ է, 1 կգ-ն 400-500 դրամ արժե, իսկ գյուղացուն առնվազն 500 000 դրամ է անհրաժեշտ մեկ տոննա ձեռք բերելու համար, բայց էնպիսի օյին խաղացին մեր գյուղացիների գլխին, որ հոլանդականի մասին մոռանան: Իսկ 3-4 տարվա վերարտադրության սերմ օգտագործելու դեպքում բերքատվությունն ընկնում է. հնարավոր է կարտոֆիլը բարձր որակի լինի, բայց բերքն է քիչ լինում, ինքնըստինքյան ապրանքի այս տեսակի դեֆիցիտ է ստեղծվում»,- խնդիրը մասնագիտորեն բացատրում էր մեր զրուցակիցը: Ըստ նրա, մի ամիս առաջ ՊՆ-ի «վստահված» անձինք շրջել են գյուղում՝ գյուղացիներին դարձյալ էժան գներով կարտոֆիլ մթերելու առաջարկ անելով: Նրանք 50-60 դրամ են առաջարկել, այն դեպքում, երբ շուկայում այդ նույն ժամանակահատվածում կարտոֆիլի արժեքը 150-160 դրամ է եղել: Սակայն խաբված գյուղացիների մեծ մասը, ճանաչելով գնորդներին, մոտ անգամ չեն եկել: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի ասելով էլ, ՊՆ ներկայացուցիչները ազատանցիների հետ անցած տարվա նման պայմանագիր չեն կնքել, այլ միջնորդը հին մեթոդով, այսինքն՝ բանավոր, առաջարկել է կարտոֆիլի 1կգ-ն գնել 70-90 դրամով, որը, բնականաբար, ձեռք չի տալիս գյուղացիներին: «Նույնիսկ ամենամանր կարտոֆիլը մեծաքանակ վաճառքի դեպքում գյուղացուց 120-130 դրամով են տանում»,- ասում է գյուղապետը: Իսկ թե ինչո՞ւ է կատոֆիլի դեֆիցիտ ստեղծվել, նրա համոզմամբ, գլխավոր պատճառը ցանքատարածությունների պակասն է: «Եթե նախորդ տարիներին 1200-1500 հեկտար հողատարածք էինք ցանել, հիմա՝ 600, իրացման շուկա չկար, մեր գյուղացիները տուժեցին. բանկից վերցրած նախորդ տարվա պարտքերը փակելու համար վաճառեցին իրենց անասունները, տեխնիկան, մի խոսքով՝ վարկերը հազիվ փակեցին, ամեն մի ընտանիք միջին հաշվարկով կարտոֆիլ ցանելու համար 2000-3000 դոլար վարկ էր վերցրել»,- պարզաբանում է Վարդան Իկիլիկյանը: Ի դեպ, մենք ճշտեցինք, որ այս գյուղից ընդամենը մի քանի հոգի նախորդ պարտքերը փակելու համար, այնուամենայնիվ, ստիպված է եղել էժան գնով՝ 1կգ-ն 60 դրամով բանակին կարտոֆիլ մատակարարել: