Նախօրեին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւան քաղաքի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել, որ Նալբանդյան 33 շենքի թիվ 10 բնակարանում աղմուկի, հայհոյանքների, վիճաբանության ձայներ են լսվում: Շտապ նշված հասցե են մեկնում Սեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները: Մուտքի մոտ նրանք նկատում են մի երիտասարդի՝ արնաթաթախ հագուստով, որը փորձում էր փախչել: Իրավապահները բարձրանալով նշված բնակարան՝ այնտեղ հայտնաբերում են կնոջ եւ տղամարդու խոշտանգված դիակներ: Հենց տեղում ոստիկանները պարզում են, որ տեղի է ունեցել սպանություն, եւ սպանվածները ամուսիններ են՝ 1946 թ. ծնված Խաչիկ Եգորի Բաբայանը եւ 1953թ. ծնված Մարիետա Մնացի Թորոսյանը: Նրանք փախուստի դիմած երիտասարդի՝ 1987թ. ծնված Արման Խաչիկի Թորոսյանի ծնողներն են: Երեկ, երբ մենք այցելեցինք դեպքի վայր, զրուցելով հարեւանների հետ, պարզեցինք, որ Արման Թորոսյանը իրեն համարում է «Եհովայի վկա», եւ սպանությունը կատարելուց հետո նրանք լսել են, թե ինչպես էր բնակարանից փախուստի պահին ասում. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»: Հարեւանները նշում էին նաեւ, որ բարեբախտաբար, ոստիկանները ժամանակին հասան, հակառակ դեպքում այդ «Եհովայի վկան» մի քանի «սատանայի» էլ կսպաներ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն): Սեւանի քննչական բաժնի քննիչները բնակարանում հայտնաբերել են նաեւ մի քանի առարկաներ, որոնց վրա առկա են արյան հետքեր: Նրանք առգրավել են նաեւ 3 կգ-անոց գազի բալոնը, որով նա հարվածներ էր հասցրել կենսաթոշակառու ծնողներին: Այս պահին ծնողներին սպանության մեջ կասկածվողը գտնվում է ոստիկանության Սեւանի բաժնի ժամանակավոր պահման մեկուսարանում: Այսօր քննչական մարմինը դիմելու է Գեղարքունիքի մարզի Սեւանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի երկամսյա կալանք: Տեղեկացանք, որ դատարանի որոշումը ստանալուց հետո նրա նկատմամբ նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Արմանի ավագ եղբայրը՝ Արայիկը, 2007թ.-ին դատապարտվել է ավազակային հարձակման համար (քարով խփել է զոհի գլխին եւ կողոպտել) եւ ներկայումս կրում է իր պատիժը: