Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԺԻՄԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ»

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Բացի այդ փաստագրումից, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ համոզմունք հայտնեց, թե ՀՀ-ի շուրջ միջազգային մեկուսացման օղակն է սեղմվում, ու նրա նկատմամբ ժողովրդի ատելությունն է հասնում կրիտիկականի:

Երեկ երեկոյան Մատենադարանի մոտ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը: Զանգվածային այս միջոցառումը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նախ շնորհավորեց արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծնունդն ու հանրահավաքի մասնակիցների անունից նրան մաղթեց «առաջիկա Նոր տարին անցկացնել տանը: Մենք դրա համար ամեն ինչ կանենք»: Սրանից հետո Ա. Մանուկյանն ամեն ելույթից առաջ հայրենի իրավապահներին հորդորում եւ առաջարկում էր մինչեւ հանրահավաքի ավարտն ու նախատեսված երթի մեկնարկն ազատ արձակել կեսօրին, Կոնգրեսի անցկացրած պիկետի ժամանակ, ոստիկանություն բերման ենթարկված չորս ակտիվիստներին:
Ելույթները երեկվա հանրահավաքում շատ չէին: Բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր, որն անդրադարձավ գլխավորապես ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությանը:
Նախկին վարչապետի ասելով, ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող պայմանների վերլուծությունը ցույց է տալիս, որ «ավտոմեքենաների, այսպես կոչված, պարտադիր ապահովագրությունը պետականորեն եւ օրենսդրությամբ ամրագրված թալան է», որի գործառույթը պետությունը վերահասցեագրել է ոչ պետական ապահովագրական ընկերություններին: «Ապահովագրությունը պարտադիր է, ինչը նշանակում է, որ այդ ընկերությունների համար ձեռնարկատիրական ռիսկը բացակայում է: Այսինքն՝ փող է, որ հավաքելու են: Զարմանալի է՝ եթե դա պարտադիր վճար է, ինչո՞ւ դա հարկ չէ, որ գոնե բյուջե մտնի: Եվ ահա բոլոր այդ ընկերությունների համար, որոնք, ի դեպ, մեծ մասամբ պատկանում են հայրենի օլիգարխներին, ԿԲ-ն սահմանել է միասնական գների սանդղակ: Այսինքն՝ ընկերություններին մնում է պայմանավորվել շուկան բաժանելու շուրջ, ինչը եւ նրանք արագորեն արեցին»,- փաստեց նախկին վարչապետը՝ կանխատեսելով, որ դրան կհաջորդի ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցողների կենտրոնացումը օլիգարխների ձեռքում:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս մեկ անգամ պնդեց, թե «ռեժիմը ցուցաբերում է խուճապի ակնհայտ դրսեւորումներ»: Ըստ նրա, դրա վկայությունն են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական աշխարհի միջոցով կիրառվող ճնշումները, ոստիկանների երեկվա հարձակումը խաղաղ կանգնած երիտասարդ ակտիվիստների վրա, նաեւ՝ միայն մեկ տարվա ընթացքում 1,5 միլիարդ կապիտալի արտահոսքը, բյուջետային խնդիրները, սննդամթերքի թանկացումները. «Իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ռեժիմի շուրջ կուտակվում են սեւ ամպեր, սեղմվում է միջազգային մեկուսացման օղակը, եւ կրիտիկական սահմանին է հասնում ժողովրդի ատելությունը»: Զուրաբյանը նաեւ մանրամասնեց, որ թեժանում է մթնոլորտը քաղբանտարկյալների շուրջ, ու «մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը սպասվում է ե՛ւ համազեկուցողների, ե՛ւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցը», որ ԵԽ-ն արդեն հստակ դնում է քաղբանտարկյալների ազատման հարցը՝ հասկանալով, որ նրանց առկայությունը հանդուրժելը ուղղակի հավասարազոր է ԵԽ հեղինակազրկմանը: Նա խոսեց նաեւ ՀՀ իշխանությունների ու քրեական տարրերի կապերի մասին՝ չմոռանալով ո՛չ «Պզո»-ին, ո՛չ «Լուժկովյան մաֆիայի հետ կապված բացահայտումները, նարկոտրաֆիքինգին, զենքի ապօրինի վաճառքին եւ այլեւայլ համաշխարհային հանցավոր ցանցերին Հայաստանի իշխանությունների առնչությունները», հետո սահուն անցում կատարեց օրերս տեղի ունեցած նոր սենսացիոն բացահայտումներին, որոնք կապված են «հարստացված ուրանի հանցավոր տրանզիտի եւ սեւ շուկայում վաճառքի» ու դրան Հայաստանի առնչությունների հետ: «Սա մի հանցագործություն է, որն ամբողջ աշխարհի կողմից ընկալվում է որպես անմիջական մարտահրավեր միջազգային անվտանգությանը, քանի որ առնչվում է միջուկային զենքի անվերահսկելի տարածման եւ միջազգային տեռորիզմի հետ: Այդ հանցավոր գործունեությանը առնչվող առանցքային անձերից մեկը 2003թ.-ին արդեն մեկ անգամ ձերբակալվել էր Վրաստանի իրավապահ մարմինների կողմից եւ դատվել նույն գործունեության համար, սակայն շնորհիվ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ իր մտերմության, վաղաժամկետ ազատվել էր եւ շարունակել իր գործունեությունը»,- արձանագրեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, որ եթե մինչեւ հիմա Հայաստանում տիրող ռեժիմի ապօրինությունների վրա աշխարհը պատրաստ էր աչք փակել, «քանի դեռ այն գլխացավանք էր միայն հայ ժողովրդի համար», ապա հիմա «ռեժիմը աստիճանաբար ընկալվում է որպես մարտահրավեր միջազգային անվտանգությանը, նրա միջազգային լիակատար մեկուսացումը այլեւս միայն ժամանակի հարց է»:
Երեկվա հանրահավաքը, ավանդույթի համաձայն, եզրափակեց Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Իր ելույթում Տեր-Պետրոսյանը կոշտ քննադատության ենթարկեց եվրոպական կառույցներին՝ Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին եւ ԵԽ-ին, վերջինների «պաշտոնական ներկայացուցիչների, մեղմ ասած, երկիմաստ դիրքորոշումը քաղբանտարկյալների ու ընդհանրապես՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում»: Տեր-Պետրոսյանը նկատեց, թե կարեւոր է միջազգային հանրության կողմից ոչ միայն քաղբանտարկյալներին քաղբանտարկյալ կոչելը, այլեւ նրանց ազատ արձակման գործում անհրաժեշտ ջանքերի ներդրումը, «ինչում, դժբախտաբար, վերջինս դեռեւս աններելիորեն թերանում է»։ Որպես դրա գլխավոր պատճառներ՝ ՀՀ առաջին նախագահը թվարկեց աշխարհաքաղաքական նկատառումները՝ «ավելի կոնկրետ, հայ- թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքը», նաեւ՝ «կորպորատիվ շահերը»։ Նրա մատուցմամբ, «պարադոքսն այն է, որ հայաստանյան բռնատիրության դեմ պայքարելուց բացի, մենք ստիպված ենք հաղթահարել նաեւ ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված միջազգային կազմակերպությունների իներտությունը, ինչը թեեւ բավականին դժվարացնում է մեր գործը, բայց ոչ մի պարագայում պատճառ չպետք է հանդիսանա թուլացնելու ազատության, արդարության ու բարօրության համար մղվող համաժողովրդական պայքարը, որը, հակառակ բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, վերջիվերջո պսակվելու է հաջողությամբ»։
Սուր քննադատության մի չափաբաժին էլ ուղղվեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եւ ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի հասցեին, որոնք, ՀՀ առաջին նախագահի ասելով, իրենց գործունեությամբ ռեժիմին մեծագույն ծառայություններ են մատուցել: Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի վերջին մի քանի, ՀԱԿ առաջնորդի ձեւակերպմամբ՝ ուշագրավ ելույթներին, որոնցից մեկը եղել էր սփյուռքահայ լրագրողների, մյուսը՝ Շիրակի ճակնդեղագործների հետ հանդիպման ժամանակ: Առաջին դեպքում Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ելույթը, ըստ էության, որակեց որպես «ռասիզմ»: Երկրորդ դեպքում՝ անդրադառնալով բանակում տիրող արատավոր երեւույթներին, մասնավորապես՝ սպանությունների, ինքնասպանությունների, խոշտանգումների հաճախացած դեպքերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին, Տեր-Պետրոսյանը նկատեց. «Փոխանակ խոսելու այդ արատներն արմատախիլ անելու անհրաժեշտության եւ կատարված հանցագործությունների պատասխանատուներին պատժի ենթարկելու մասին, հարկ է համարել (Ս. Սարգսյանը- Ն. Մ.) իր խորագույն զզվանքն արտահայտել հիշյալ երեւույթները բացահայտողների ու քննադատողների նկատմամբ։ Մարդկայնորեն նրա ջղաձիգ արձագանքն ինձ համար լիովին հասկանալի է։ Երբ մի ամբողջ ազգ զզվում է քեզանից, դու էլ, բնականաբար, իրավունք ունես զզվելու գոնե մի քանիսից: Բայց քաղաքական տեսակետից մենք գործ ունենք չափազանց վտանգավոր մի իրողության հետ, քանի որ Ս. Սարգսյանն այդպիսով փաստորեն պարտակում է բանակում տեղի ունեցող հրեշավոր հանցագործությունները եւ խրախուսում դրանց շարունակումը»:
Ի դեպ, երեկ Տեր-Պետրոսյանի ելույթի պահին պարզ դարձավ, որ առավոտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված ՀԱԿ չորս ակտիվիստներն ազատ են արձակվել եւ նույնիսկ մասնակցում են հանրահավաքին: Այս մասին Մատենադարանի մոտ հայտարարեց հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ «եթե այդպես միահամուռ շարունակվի պայքարը, շուտով ազատ կարձակվեն բանտերում գտնվող 12 քաղբանտարկյալները»:
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Կոնգրեսի նախաձեռնած հաջորդ երթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել