Երեկ, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ նույն օրը, կեսօրին, Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ Հայ ազգային կոնգրեսի կողմից մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից, ուժի գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ չորս ակտիվիստների՝ Սարգիս Գեւորգյանի, Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սարգիս Ղազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում: Երիտասարդները, որոնք ոստիկանությունում պահվել են մոտ 9 ժամ, պնդում են, որ իրենց շուրջ 20 ոստիկան ոստիկանության բաժնի մոտ մեքենայից անմիջապես դուրս հանելուց հետո ծեծելով տարել են բաժանմունք եւ շարունակել են ծեծի ենթարկել՝ մինչեւ բաժանմունք եկած ավելի բարձրաստիճան ոստիկանները պահանջել են դադարեցնել ծեծը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀԱԿ ակտիվիստները հրաժարվել են ցուցմունքներ տալուց՝ հայտարարելով, թե չեն վստահում ոստիկաններին:
Երիտասարդներին դատաբժշկի ուղեգիր է տրվել: Արդյունքում արձանագրվել է, որ նրանց մարմնի վրա վնասվածքներ կան: