Տեսահոլովակը՝ «Առավոտ»-ի նախորդ համարում
Երեկ մեկնարկած ԵՄ-Հայաստան համաժողովը, որն առնչվում է մարդու իրավունքների պաշտոնական երկխոսության ծրագրին, առիթ դարձավ, որ հերթական անգամ ակնհայտ դառնա, թե ինչ վիճակում են
մեր երկրում մարդու իրավունքները:
«Գոլդեն Թյուլիթ Երեւան» հյուրանոցի առջեւ, որտեղ իր աշխատանքներն էր սկսել «Արդար դատաքննություն ու դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողովը, երեկ վաղ առավոտյան կանգնած էին 7 ցուցարարներ: Նրանք լուռ, առանց որեւէ վանկարկումների՝ ուղղակի պարզել էին դրոշներ ու անգլերեն կարգախոսներ՝ «Եվրոպա, դու այս ռեժիմին թույլ ես տալիս պահել 12 պատանդներ», «Եվրոպա, մի աջակցիր բռնակալներին», «Լինել կրիմինալ եւ աջակցել կրիմինալին՝ ո՞րն է տարբերությունը», «Հայաստանի քաղբանտարկյալները Եվրոպայի ամոթն են»: 7 ցուցարարների դեմ դիմաց կանգնած էին 21 ոստիկաններ: Դեռ չենք հաշվել մնացածներին, որոնք «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում էին: Ոստիկանների շարքի հետեւից ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» ասաց. «Մեր ակցիան ամբողջությամբ համապատասխանում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքին: Բայց մի մայոր ապօրինի պահանջներով, բավական կոպիտ ձեւով մոտեցավ մեզ ու պահանջեց, որ անցնենք պատնեշների հետեւը, որոնք նրանք տեղադրեցին մոտ 20 րոպե մեր ժամանելուց հետո: Այսինքն՝ հերթական անգամ փորձում են լարվածություն առաջացնել: Եվ հենց ոստիկանությունն ու այդ մայորն են պատասխանատու, եթե այստեղ առաջանա քաշքշուկ»:
Եթե մինչ այդ եղածի մասին տեղեկացանք նրա պատմելով՝ մնացածի ականատեսը դարձանք եւ ունենք հետագա պատմությունը հաստատող ամբողջական ձայնագրությունը եւ տեսագրությունը: Ընդամենը մի քանի րոպե անց ցուցարարներին մոտեցավ Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը, որը հայտնի է դարձել լրագրող Գոհար Վեզիրյանի վրա փչած արցունքաբեր գազի հետեւանքով, եւ առանց իր պահանջի որեւէ հիմնավորում կամ օրենքի որեւէ կետ մատնանշելու՝ հրահանգեց անցնել ուղեփակոցից այն կողմ: Ցուցարարներից մեկը պատասխանեց, թե այդտեղից չեն շարժվի: Ոստիկաններն անմիջապես սկսեցին հրել նրանց դեպի ուղեփակոցները: Ընդ որում՝ ուժ գործադրելու ընթացքում ոտնատակ տվեցին նաեւ Հայաստանի պետական դրոշը: «Մի հրեք, հա, խնդրեմ,- գոռում էր Վլադիմիր Կարապետյանը,- ինչի՞ եք հրահանգում հրել: Այս ի՞նչ ապօրինություններ են»: «Անցեք հետ բոլորդ»,- պատասխանում էին ոստիկանները՝ այդ ընթացքում էլի ուժով փորձելով հեռացնել նրանց: Ցուցարարները դիմադրում էին, բայց հետո ինչ-որ մեկը հրահանգեց՝ «Պառկե՛ք սաղդ», ու երիտասարդները պառկեցին: Սակայն շարունակվում էր վիճաբանությունը նրանց ու ոստիկանների միջեւ: «Տղա՞ եք դառել»,- գոռաց երիտասարդներից մեկը: «Չափդ ճանաչի հլը, արա՛»,- պատասխանեց մի սերժանտ: «Ո՞վ ես դու, այ հանցագործ»,- պատասխանեցին նրան: Միջամտեց Վլադիմիր Կարապետյանը. «Էս ա՞ ձեր ոստիկանությունը. սերժանտը կանգնած՝ սպաների ներկայությամբ ինչե՞ր է խոսում: Փոխգնդապետի հեղինակությունն էդ է, որ իր ներկայությամբ այսպես են խոսում»: «Շարքային անգրագետնե՛ր են սրանք: Ագրեսիվ կատո՛ւ,- գոռում էին ցուցարարները, նաեւ բողոքում «արա»-ով դիմելաձեւի դեմ:- Արա չէ՝ արա, է՜յ: Ֆորմով գողակա՞ն ես էթում: Քուչի պպզողներից չես տարբերվում դու: Ցելավիկ եք, հա՞»:
Ոստիկանները կարճ ժամանակ լռություն պահպանեցին եւ այլեւս որեւէ գործողություն չէին ձեռնարկում: Բայց այդ պահին Աբովյան փողոցով իջավ ցուցարարների մեկ այլ ոչ մեծ խումբ՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով: Բարձրաստիճան ոստիկաններից մեկն անմիջապես լրացուցիչ ուժեր խնդրեց ռադիոկապով: Նոր եկող ցուցարարները փորձեցին միանալ առաջին խմբին՝ հաղթահարելով ուղեփակոցը: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին, եւ այս ընթացքում տեղի ունեցավ երկրորդ ընդհարումը՝ իրար հրում էին, շորերից քաշքշում: Ոստիկաններն այս անգամ խմբից առանձնացրին 4 հոգու՝ 18-ամյա Սարգիս Գեւորգյանին (նրա եւ մնացածի տարիքը պարզել ենք հետո՝ ոստիկանության տարածած հաղորդագրությունից), 19-ամյա Վահագն Գեւորգյանին, 23-ամյա Արեգ Գեւորգյանին եւ 18-ամյա Սարգիս Ղազարյանին, եւ բռնությամբ՝ խփելով մեջքին, մազերը քաշելով, նստեցրին մեքենա: Ի դեպ, հետո Սարգիս Գեւորգյանի հետ հեռախոսազրույցից «ՀԺ»-ի թղթակիցն ահազանգ ստացավ, որ նրանց ծեծել են նաեւ ոստիկանության Կենտրոնական բաժնում:
Նշենք, որ եթե մինչ այս ոստիկանները որեւէ կերպ չէին խոչընդոտել լրագրողներին՝ տեսագրել ու ձայնագրել տեղի ունեցածը, ոստիկանական մեքենայի առաջ նկարահանող «ՀԺ»-ի թղթակից Անի Գեւորգյանի ուսից քաշելով՝ փորձեցին հեռու տանել: «Թաթիկնե՛րդ»,- առանց անգամ ձայնը բարձրացնելու՝ հակադարձեց նա (չգիտենք՝ արդյոք այս քնքուշ որակումն է՞լ կարող է մեկնաբանվել իբրեւ անհարգալից վերաբերմունք իրավապահի հանդեպ): Այդ ընթացքում երիտասարդներին մեքենայից դուրս բերելու ապարդյուն փորձեր էր անում Վլադիմիր Կարապետյանը: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի հրամանատար Գեւորգ Ստեփանյանը նրան մեղադրեց. «Դու սադրում ես՝ էդ տղերքին քցում ես կրակի մեջ»: «Ե՞ս եմ սադրել՝ ձերբակալե՛ք ինձ»,- հակադարձեց պրն Կարապետյանը:
Ուշացումով հայտնվեցին Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ու Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: Վերջինս լրագրողներին հայտնեց. «Կան ոստիկաններ՝ կարող եք նայել, տեսնել, որ բաճկոնները պատռված վիճակում են, ուսադիրները պատռված վիճակում են (police.
am կայքում հետո տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բռնություն է գործադրվել «ծառայողներից մեկի նկատմամբ՝ պատռելով նրա համազգեստը».- Ա. Ի.): Եվ այդ ամբողջը նկարահանված կա»: Վլադիմիր Կարապետյանն ընդմիջեց. «Քաշքշոցը հրահրել են ոստիկանները»: Վալերի Օսիպյանը նաեւ կշտամբեց Վլադիմիր Կարապետյանին, որ եթե ապօրինի են համարում ոստիկանների գործողությունները՝ «Գնացեք օրինական ճանապարհով, բողոքարկեք ոստիկանության գործողությունները, ոչ թե բռնություն գործադրեք ոստիկանների նկատմամբ: Ոչ ոք ձեզ դրա իրավունքը չի տվել»: ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատուն «Առավոտին» ասաց. «Մենք ապօրինի պահանջներին չպիտի՛ ենթարկվենք: Հայաստանում պետք է իշխի օրենքը: Մենք գործում էինք «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի համաձայն»:
Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն «Առավոտի» դիտարկմանը, թե ցույցի մասնակիցները մինչեւ ոստիկանների սկսած քաշքշոցը՝ լուռ կանգնած էին, այսպես արձագանքեց. «Աշխարհի բոլոր երկրներում նկատե՞լ եք, որ յուրաքանչյուր միջոցառման համար կա անվտանգության գոտի: Հիմա մենք ապահովում ենք անվտանգությունը»:
Վլադիմիր Կարապետյանն այս կապակցությամբ մեզ ասաց. «Եթե իսկապես անվտանգության գոտի կար (ինչի մասին ինձ ոչ ոք չի ասել՝ նրանք միայն լրագրողներին են համարձակվում նման պնդումներ անել), ապա դա նշանակում է, թե նրանք հետամուտ պիտի լինեին, որ իսկապես պահպանվեր այդ անվտանգության գոտին: Բայց ի հեճուկս այդ պնդումների՝ մինչեւ պիկետի վերջն այդ «անվտանգության գոտում» կանգնել են 15-20 հոգի՝ պաստառներով: Եթե իսկապես այդպիսի բան կար՝ նրանք պետք է այդ ցուցարարներին էլ հանեին, ասեին՝ դուրս եկեք: Բայց ոչ մի նման պահանջ այլեւս չներկայացրին: Այսինքն՝ անվտանգության գոտու մասին պնդումն ուղղակի շատ էժանագին հնարք էր»: Իրոք՝ առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկաններն այլեւս որեւէ կերպ չփորձեցին խոչընդոտել ավելի բուռն ու բազմամարդ դարձած բողոքի գործողությունները, որոնց ընթացքում է՛լ կիթառով «գումարած մեկ» երգեցին, է՛լ կախաղան հանած ժողովրդավարություն եւ արդարադատություն ներկայացրին եւ այլն:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն առավոտյան տեղի ունեցածի մասին հայտնել էր համաժողովի մասնակիցներին: Իսկ Ստեփան Դանիելյանի առաջարկով ստորագրություններ հավաքվեց հետեւյալ հայտարարության ներքո. «ԵՄ-Հայաստան. արդար դատաքննության իրավունք եւ դատական համակարգի անկախություն» սեմինարի ներքոստորագրյալ մասնակիցներս մեր մտահոգությունն ենք հայտնում սեմինարի կապակցությամբ կազմակերպված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին մեզ հասնող լուրերի մասին: Կոչ ենք անում ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ հարգել հանրահավաքներ եւ պիկետներ անելու քաղաքացիների իրավունքը»: Սակայն հայտարարությանը միացան բացառապես Հայաստանի 12 ներկայացուցիչներ:
Հ. Գ. Բնականաբար, մինչ այս միջադեպը՝ մտադիր էինք լուսաբանել զուտ այս համաժողովը եւ զրուցել էինք դրա որոշ մասնակիցների հետ, որոնք ըստ Վարդան Հարությունյանի՝ ընտրված էին բավական աչառու ընտրությամբ. «Հրավիրյալների ցանկում չկա այսօր քաղբանտարկյալների հարցով ակտիվություն ցուցաբերող որեւէ հասարակական կազմակերպություն»: Սակայն տեղի ունեցածը երկրորդ պլան մղեց բավական տեսական այդ քննարկումը՝ դատական անկախության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին: Միայն նշենք, որ համաժողովի եզրակացություններն ու դիտողությունները քննարկվելու են Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ մարդու իրավունքների երկխոսության հաջորդ երկկողմ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերին՝ Բրյուսելում: