Արկադի Կարապետյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է հայկական կողմը միշտ խոնարհվում
«Իմ տպավորությամբ, մենք միշտ փորձում ենք մեր կաշվից դուրս գալ ու ապացուցել, որ շատ մեծահոգի ենք: Մենք առանց այդ էլ մեծահոգի ենք: Մեր մեծահոգությունը համեմատելի չէ ադրբեջանցիների մեծահոգության հետ: Խնդիրը մեծահոգի լինել կամ չլինելն էլ չէ, այլ այն, որ մեր մեծահոգությունը եւ Ադրբեջանը, եւ աշխարհն այլ կերպ են հասկանում: Դա ընկալվում է թուլության նշան»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Աստրախանում նախագահների ձեռք բերած՝ ռազմագերիների փոխանակման համաձայնությանը եւ դրա իրականացմանը՝ ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո): Մեր զրուցակիցը հիշում է, որ մեր մեծահոգությունը դրսեւորվում էր դեռ պատերազմական տարիներին, ու հայկական կողմը միշտ ավելի շատ մարդ էր տալիս, քան ադրբեջանականը: Ավելին, դեռ այն տարիներից «ավանդույթ» ձեւավորվեց, երբ հայկական կողմին դիակներ էին վերադարձվում, իսկ հայկական կողմը փոխարենը՝ ռազմագերիների էր վերադարձնում: Այդ սկզբունքը պահպանվում է մինչ օրս: Մեր զրուցակիցն, իհարկե, կասկած չունի, որ մեր մահացած տղաների դիակները պետք է ետ բերենք, բայց պատերազմի օրենքները թելադրում են, որ փոխանակումը համարժեք լինի: Ելնելով տարիների փորձից՝ նա նկատում է, որ այդպիսով ադրբեջանական կողմը իր, իբր, առավելությունն է ընդգծում, ինչը լռելյայն ընդունում են միջազգային միջնորդները: Իսկ հայկական կողմը անտրամաբանական եւ անիմաստ վիճակում է հայտնվում: Նրան վրդովեցնում է այն, որ անգամ այսօր, դիվանագիտական այսքան խայտառակ պատմություններից հետո, մեր ղեկավարները փորձ չեն անում ձեւավորված այդ կարծրատիպը կոտրել. «Չեմ ասում՝ դառնանք ադրբեջանցիների նման անմարդկային, բայց պետք է մեր արժեքը նախ ինքներս գիտակցենք: Սիրում ենք աշխարհով մեկ լացել ու գոռալ՝ մեզ սպանում են, ջարդում են… բայց չէ՞ որ մենք այդ կռվում հաղթել ենք, եւ հաղթողի դիրքից հանդես գալու իրավունքը մերն է, ու եթե այդ ամենից հետո շարունակում են մեզ հետ այդ կերպ վարվել՝ ուրեմն համարժեք պատասխան պիտի ստանան»: «Առավոտի» դիտարկմանը՝ առաջարկում եք Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել, Արկադի Կարապետյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Չէ, առանց հայտարարելու՝ մտնենք ու վերցնենք, ոնց որ իրենք են անում»:
Անդրադառնալով էլ վերջին շրջանում հայկական բանակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպերին, որոնց արդյունքում ընդամենը մեկ-երկու սպաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փորձեր արվեցին, «Առավոտի» զրուցակիցը նկատեց. «Բանակում ամեն ինչ էլ հնարավոր է, տղաներ են, էներգիան շատ է, բայց հայկական բանակում կատարված երեւույթների քանակն ու տեսակը մտահոգվելու տեղիք են տալիս, ու պատասխանատուները պիտի որ պատիժ կրեն, այդ թվում նաեւ՝ նախարարը, քանի որ բանակի ղեկավարն ինքն է: Սակայն մեր բանակում էլ՝ ինչպես որ կյանքում՝ «Տերովին տերն է տանում, անտերին՝ գելը», անկախ նրա մասնակցությունից»:
Ի դեպ, օրերս «Ղարաբաղի պատերազմի վետերանների միությունը», որի հիմնադիրն Արկադի Կարապետյանն էր, բանակում տիրող իրավիճակի եւ դրա շուրջ ծավալված հանրային քննարկումների առիթով հայտարարություն էր տարածել, որով իր զորակցությունն ու աջակցությունն էր հայտնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այդ առիթով Արկադի Կարապետյանը նկատեց, որ ինքն այդ հայտարարությանը ծանոթ չէ, բայց արդեն չորս ամիս է՝ որեւէ կապ չունի այդ կազմակերպության հետ, ուստի անտեղյակ է նրա գործունեությունից եւ որոշումներ կայացնելու դրդապատճառներից: Նա հարկ համարեց բարձրաձայնել, որ կազմակերպությունն ինքը ստեղծել էր աշխարհազոր ձեւավորելու նպատակով, բայց քանի որ գործին խառնվեցին իշխանությունները եւ արժեզրկեցին այդ գաղափարը՝ ինքն այլեւս այդ կառույցում անելիք չունի: Ինչ մնում է Սեյրան Օհանյանին պաշտպանելու մոլուցքին՝ մեր զրուցակիցը դարձյալ կեսկատակ զարմացավ. «Ինչի՞, Սեյրան Օհանյանին ի՞նչ է եղել, վրան հարձակվե՞լ էին, որ պաշտպանության կարիք ուներ: Մենք մեր բանակին միշտ էլ պետք է սատարենք եւ ոչ թե մեկ հայտարարությամբ կամ տարին մեկ օր, այլ միշտ: Բայց՝ բանակին, այլ ոչ թե Սեյրան Օհանյանին»: