Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅՐԵՑԻՆ ԳԱՅ ՖՈՔՍԻՆ ԵՎ ԼՈՆԴՈՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Նոյեմբեր 09,2010 00:00

Երեւանում առաջին անգամ անցկացվեց «Խարույկի գիշեր»

\"\"Օրերս «Արարատ» գոլֆ-ակումբում տոնական եռուզեռ էր: Բրիտանական դեսպանատունը կազմակերպել էր «Խարույկի գիշեր» (հայտնի է նաեւ որպես «Գայ Ֆոքսի գիշեր»): Ի դեպ, Երեւանում այն անցկացվեց առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Բրիտանական դեսպանատան մամլո եւ հաղորդակցության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Սադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս օրը բրիտանացիների համար պատմական նշանակություն ունի: 1605 թվականի նոյեմբերի 5-ին մի քանի կաթոլիկ դավադիրներ, նրանց թվում Գայ Ֆոքսը, փորձել են պայթեցնել Լոնդոնում պառլամենտի շենքը՝ Ջեյմս Առաջին թագավորին սպանելու նպատակով, սակայն դավադիրների մտահղացումը ձախողվել է: Միացյալ \"\"Թագավորությունում տոնակատարությունները տեղի են ունենում ամբողջ երկրով մեկ. վառվում են խարույկներ, որոնց վրա այրում են Գայ Ֆոքսի՝ ամենահայտնի դավադրի խրտվիլակը, կազմակերպվում են հրավառություններ:
Մ. Սադոյանը հավելեց նաեւ, որ Բրիտանիայում, ավանդույթի համաձայն, տոնակատարության վերջում մասնակիցները պարտադիր խորովում են կարտոֆիլ, նրբերշիկ: Բայց դա Երեւանում առայժմ չեն կիրառում: Տոնական եռուզեռի մասնակիցները մեծ վարպետությամբ այրեցին Գայ Ֆոքսի խրտվիլակը, հետո էլ արկղերից պատրաստված լոնդոնյան խորհրդարանի շենքն ու փոքրիկների ձեռքերով պատրաստված եւս մեկ խրտվիլակ: «Խարույկի գիշերը» ամփոփվեց տոնական հրավառությամբ:
\"\"Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գարեթ Ուին Օուենը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառում նախորդ տարի ունեցել են: Բայց այն եղել է փակ միջոցառում: Քաղաքից դուրս մի փոքրիկ խարույկ է վառվել: Ըստ փոխդեսպանի, այս տոնը իր հայրենիքում նշվում է այնպես, ինչպես Երեւանում է կազմակերպվել. «Ուղղակի Լոնդոնում մի քիչ ավելի մեծ խարույկ ենք վառում: Հայաստանում, ինչպես գիտեք, փայտը բավական թանկ է, եւ մենք որոշեցինք մեծ խարույկ չվառել: Եթե մյուս տարի հովանավորներ ունենանք՝  գուցե վառենք»:
Ինչպես նշեց փոխդեսպանը՝ ներկա դրությամբ Հայաստանում մոտ 50 բրիտանացի է բնակվում: 
Բրիտանական համայնքի ներկայացուցիչ՝ 58-ամյա Սեդրիկ Սեյբայնը, ով Հայաստանում ապրում է 2003 թվականից, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ծնունդով Շոտլանդիայից է եւ մինչ այստեղ գալն ամեն տարի իր ֆերմայում շատ մեծ խարույկ է վառել ու տեղացիների հետ հրավառություն  կազմակերպել, սակայն Երեւանում երբեք նման հնարավորություն չի ունեցել, անգամ ներկայիս տան բակում, որովհետեւ այն շատ փոքր է եւ խարույկ վառելու համար հարմար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել