Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրից առաջ միայն երկու թիմ՝ «Գանձասարն» ու «Իմպուլսն» էին ապահովել իրենց վերջնական, համապատասխանաբար, 5-րդ եւ 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում: Առաջնության մասնակից մյուս թիմերի՝ աղյուսակում տեղափոխվելու տեսական հնարավորությունները, իհարկե, պահպանվում էին, սակայն գործնականում դրանք մինիմալ էին:
Հանգստյան օրերին կայացած 27-րդ տուրը իր հերթին որոշակիություն մտցրեց հանգուցալուծմանը մոտեցող մեր առաջնությունում: Իսկ կարեւորագույն արդյունքը, իհարկե, երրորդ մրցանակակրի հայտնի դառնալն էր: Գործող բրոնզե մեդալակիր «Ուլիսին» հաղթանակը բավարար էր՝ վերջին տուրից առաջ անցած տարվա ցուցանիշը կրկնելու համար, անկախ «Միկայի» արդյունքից: Բայց Սեւադա Արզումանյանի թիմը սայթաքեց «Շիրակի» հետ խաղում՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը: Միաժամանակ, Դիլիջանում ավելի ցավագին սայթաքում թույլ տվեց «Միկան»՝ 2:1 հաշվով պարտվելով «Իմպուլսին»: Այս պարտությունը վերջին տուրից առաջ միավորային տարբերությունը թիմերի միջեւ հասցրեց 6-ի՝ կատարելապես զրկելով Արմեն Շահգելդյանի թիմին «Ուլիսի» հետ խաղում կատաղի մրցամարտից ու մեդալների հույսից: Փոխչեմպիոնը այս տարի չորրորդն է, իսկ «Ուլիսը» պահպանում է իր երրորդ տեղը:
Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ առանց տեղաշարժման հնարավորության, հաստատվել է «Շիրակը»՝ «Կիլիկիայից» ետ մնալով 5 միավորով: Վերջինն էլ իր հերթին այլեւս տեղաշարժերի հնարավորություն չունի: Միակ անպատասխան, բայց կարեւորագույն հարցը 2010 թ. առաջնությունում չեմպիոնական հորիզոնականը նվաճողի բացն է: Առաջատարի դերը ստանձնած «Փյունիկն» ընդամենը մեկ միավորով է գերազանցում «Բանանցին», ու նրանց փոխատեղման տեսական հնարավորությունն օրակարգում է: Սակայն գործնականում դա գրեթե անհնար է: 27-րդ տուրում «Բանանցը» մեծ դժվարությամբ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» նկատմամբ, մինչդեռ «Փյունիկը» վստահորեն 3 անպատասխան գնդակ ուղարկեց Կապանի «Գանձասարի» դարպասը: Հանրապետության չեմպիոնի ճակատագիրը կախված է եզրափակիչ տուրում «Փյունիկի» եւ «Կիլիկիայի» հանդիպումից, որի արդյունքը առանձնակի մտահոգության տեղիք չի տալիս:
Բնականաբար, ոչինչ բացառված չէ: Սակայն, ըստ ամենայնի, առաջնությունն արդեն ավարտվել է, մանավանդ, եթե չանտեսենք «Փյունիկի» համար արհեստականորեն ստեղծված մի շարք նպաստող կամ գոնե առանձնացնող հանգամանքներ: Որպես օրինակ, հիշենք ֆուտբոլում ընդունված կանոնը, ըստ որի՝ առաջնությունների վերջնամասում բոլոր հանդիպումները տեղի են ունենում նույն օրը եւ նույն ժամին: Բացառություններ են կազմում միայն առանձնակի կարեւորություն չունեցող եւ մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքի փոփոխությանը չխանգարող խաղերը: Սակայն Հայաստանում այս տարի այդ կանոնը խախտվել է: Նախ, 26-րդ տուրում «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը տեղափոխվեց այլ ժամի՝ խաղի հանդեպ բարձր հետաքրքրությունն ու երկրպագուների այցը մարզադաշտ խրախուսելու համար, ինչը, բնականաբար, չէր ազդում չեմպիոնության պայքարի երկու սուբյեկտների վրա, որոնք միմյանց հետ էին մրցում: Բայց արդեն 27-րդ տուրում «Փյունիկի» խաղի տեղափոխումն այլ ժամի՝ փոքր-ինչ տարօրինակ է թվում, մանավանդ որ, պատճառաբանումը խիստ լղոզված ու անհեթեթ էր. «Ակումբի մարզադպրոցի մարզադաշտում մասսայական միջոցառման անցկացման պատճառով, նոյեմբերի 6-ին նշանակված 27-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում…»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում: Պարզապես, զուգադիպությո՞ւն, թե՝ օրինաչափություն էր հանդիպման ժամի հետաձգումը… Միտումներ փնտրելն անիմաստ է, մանավանդ որ՝ ընդամենը մեկ շաբաթ անց «Փյունիկն» ի վիճակի է ապացուցել, որ առանց ժամափոխումների էլ չեմպիոնական տիտղոսը ի զորու է վաստակել:
Մնաց ընդամենը մի քանի օր: